10 արագ և պարզ միջոց սթրեսը հեշտորեն հաղթահարելու համար
Ուժեղ գլխացավ, պարանոցի, ծնոտի ցավ: Բոլորին էլ հայտնի է, որ սրանք սթրեսի նշաններ են: Երբ սթրես եք ապրում, օրգանիզմը սկսում է «պայքարը» և սկսում է արձակել այնպիսի հորմոններ, ինչպես օրինակ ադրենալին և կորտիզոլ: Շնչառությունը արագանում է, իսկ սիրտը սկսում է արագ աշխատել: Այս ֆիզիոլոգիական փոփոխությունները հաճախ ուղեկցվում եմ գլխացավերով և մկանների լարվածությամբ, որոնք ամենևին էլ տեղին չեն զբաղված օրերին: Այս ամենը գիտակցելով՝ անհրաժեշտ է ժամանակին կանխել սթրեսի ֆիզիկական ախտանիշները:

Այնուամենայնիվ, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել սթրեսը հենց սկզբից կանխելու և ավելի շատ հանգստանալու համար: Շատ հաճախ էլ դժվար է լինում պայքարել արտաքին գործոնների դեմ, որոնք սթրես են առաջացնում: Սակայն այս 10 միջոցը կօգնի ավելի քիչ սթրեսի ենթարկվել և ավելի շատ հանգիստ զգալ:

Առավոտը սկսեք մեծ ոգևորությամբ  

Ամեն օր վաղ առավոտյան արթնացեք և 1 ժամ կատարեք մի քանի տարբեր, բայց հաճելի գործողություն: Օրինակ, կարելի է բոբիկ կանգնել ծառի տակ՝ թաց խոտի վրա, և դիտել արևածագը կամ պարզապես վայելել մեկ բաժակ անանուխով տաք թեյ: Այնուհետև պատրաստ կլինեք սկսելու նոր օրը: Բացահայտեք, թե ինչն է օգնում ձեզ կենտրոնանալու համար, քանզի առավոտը ամենաճիշտ ժամանակն է:

Ունեցեք փոքրիկ սովորություններ ողջ օրվա ընթացքում

Փոքրիկ սովորությունները օրվա ընթացքում ավելի արագ են հանգստացնում, ինչպես օրինակ հաճելի երաժշտություն լսելը, որն իսկապես դրական ազդեցություն է թողնում ամբողջ մարմնի վրա: Ինչպես նաև կարելի է գրպանում պահել փոքրիկ շշով անանուխի յուղ և օրվա ընթացքում պարպերաբար մի քանի անգամ քսել ձեռքերին: Այն թեթևացնում է շնչառությունը, իսկ բույրը հաճելի զգացողություն է պարգևում: Կարող եք նաև  գրասեղանին ունենալ կապույտ 3 րոպեանոց ավազի ժամացույց, որը ձեզ կհիշեցնի ժամանակ առ ժամանակ նայել, խորը շունչ քաշել և թեթևանալ:

Հաճախ լսեք ինքներդ ձեզ

Եթե զգում եք, որ սթրեսային վիճակը խորանում է, փորձեք լսել ինքներդ ձեզ և ձեր օրգանիզմի պահանջները: Ի՞նչ է անհրաժեշտ հենց այդ պահին: Շատ հաճախ խորհուրդ է տրվում թեթև մերսել կրծքավանդակը, ստամոքսի հատվածը, մեջքը, մատները և հոդերը կամ ակտիվորեն ձեռքերը իրար շփել: Փորձեք նաև միշտ երկու ոտքով ուղիղ կանգնել գետնի վրա, որը կայունության զգացում կհաղորդի: Մենք համարյա միշտ գործում ենք մեր մտածածի համաձայն և մոռանում ենք օրգանիզմի պահանջների մասին, որը ամենաճիշտ ահազանգողն է: 

Թափահարեք մարմինը

Թափահարեք մարմինը, թուլացրեք մկանները և ազատվեք սթրեսից: Մարմինը ցնցելը իսկապես հիանալի միջոց է, օրինակ, կարող եք ուշադրություն դարձնել շներին, թե ինչպես են թափահարում իրենց մարմինը տհաճ իրավիճակից հետո: Առավոտյան 5 րոպե թափահարելով մարմինը (գերադասելի է երաժշտության տակ)՝ բավականին էներգիա կստանաք: Այն նաև հիանալի կլինի լոգանք ընդունելիս:

Զգացեք երաժշտության ուժը

Որոշակի սովորություններ կարող են հանգստացնել մեր մարմինը:  Ունեցեք երգացանկ, որը հանգստացնում է ուղեղը և հաճախակի լսեք այդ երգերը (գերադասելի է ականջակալներով): Այսպիսով, կկատերեք ուղեղը թարմացնող մարզանք, որը անմիջապես կհանգեցնի մեդիատացիայի վիճակի: Հատկապես ալֆա-ալիքներն են թուլացնում սթրեսը: Միացյալ Թագավորությունում մի խումբ նյարդաբաններ ներկայացրել են տասը ամենահանգստացնող երգերի ցանկը, որոնք իսկապես նվազեցնում են սթրեսը և անհանգստությունը:

Շնչեք և արտաշնչեք

Այնքան պարզ է հնչում, սակայն արդեն մոռացել ենք, թե ինչպես են խորը շունչ քաշում: Ձեռքը դրեք որովայնի ներքևի մասում և մի քանի անգամ խորը շունչ քաշեք քթով և արտաշնչեք բերանով: Արտաշնչելիս բարձր հոգոց հանելը ավելի է թուլացնում լարվածությունը: Հավանաբար լսել եք շնչառական համակարգի տեխնիկայի մասին, երբ շնչում եք մի քթանցքով, արտաշնչում՝ մյուսով: Այսպես հանգստանում է ամբողջ շնչառական համակարգը:

Ուտելը երբեմն ուժեղացնում է սթրեսը

Մեկ բաժակ սու՞րճ կամ քաղցրավենի՞ք էներգիա հավաքելու համար: Ցավոք սրտի, սա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ, քանի որ կոֆեինը և շաքարը հետագայում ուժեղացնում են սթրեսային վիճակը: Իսկ օրինակ, առանց կոֆեինի սուրճը կամ մեկ բաժակ երիցուկով տաք թեյը կարող են օգնել թեթևացնելու սթրեսը:

Նյարդերը հանգստացնող սնունդ կերեք

Կերեք նյարդերը հանգստացնող ուտելիք: Լավագույն ուտելիքներն են մի բուռ ընդեղենը, բանանը, յոգուրտը կամ ուղղակի մի կտոր դառը շոկոլադը: Ավոկադոն և փոքր կտրատած կոճղապղպեղը իրար խառնած նույնպես հիանալի են նյարդերը հանգստացնելու համար:

Առաջնորդվեք ձեր բոլոր զգայարաններով

Ինչպե՞ս առաջնորդվել զգայարաններով: Ոտքը ամուր դրեք գետնին, առանձնացեք և կենտրոնացեք հետևյալի վրա՝ «Ի՞նչ եմ ես տեսնում: Ի՞նչ եմ ես լսում: Կարո՞ղ եմ ինչ-որ բանի հոտն առնել կամ համտեսել: Ի՞նչ են զգում իմ ձեռքերը»: Այս պարզ մեթոդով կարող եք նվազեցնել սթրեսը վայրկյանների ընթացքում և ավելի արագ կենտրոնանալ:

Գրի առեք, ինչ մտածում եք

Անհրաժեշտ է մի փոքրիկ նոթատետր պահել և պարպերաբար այնտեղ գրառումներ կատարել, քանզի այն թուլացնում է սթրեսը: Կարող եք ժամանակաչափ դնել և գրի առնել, ինչ գալիս է ձեր մտքին: Եթե ոչինչ չեք կարողանում մտածել, ապա գրեք, որ ոչ մի բան չի գալիս ձեր մտքին: 5 րոպե մտքերը թղթին հանձնելը կմաքրի ուղեղը և լիովին կհանգստացնի ձեզ:  

Իհարկե, յուրաքանչյուրն ունի նյարդերը հանգստացնելու իր միջոցը, սակայն ամենակարևորը, բացահայտեք, թե ինչն է դրական ազդեցություն թողնում:

Նյութը՝ https://www.runtastic.com/