Օդի կարևորության մասին
Օդը մարդու կյանքում աննկարագրելի դեր է կատարում. բարձրացնում է իմունիտետը, օժտված է նաև հզոր հակաօքսիդանտ ազդեցությամբ:

Մարդն օրվա ընթացքում 24 կգ օդ է շնչում: Փակ տարածքում փոշեմասնիկների խտությունը 5 անգամ ավելի է, քան ամենաբանուկ փողոցներում: Ու, եթե հաշվի առնենք, որ մարդը 22 հազար անգամ օդ է ներշնչում, ու ամեն անգամ օրգանիզմ է ընկնում միջինը 55 հազար փոշեհատիկ, ապա ստացվում է, որ մեր շնչառական համակարգն օրական 2 ճաշի գդալ փոշի է շնչում: Մեկ տարում յուրաքանչյուր բնակիչ 30 կգ փոշի է հավաքում իր բնակարանից: Ապացուցված է, որ փակ տարածքում ինֆեկցիոն հիվանդություններով վարակվելու հավանականությունը 5-8 անգամ ավելի է: Բացի այդ, տնային փոշու մեջ բորբոսասնկեր ու սպորներ կան:

Սենյակի օդը կեղտոտվում է ու դրան նպաստող գործոններ են.

  • սենյակի նորմալ օդափոխանակությանը խոչընդոտող սինթետիկ նյութերի առատությունը,
  • կահույքը, հագուստը, կոշիկը, գորգերը,
  • զուգարանների օդը,
  • ինքը` մարդը, շուրջ 400 քիմիական միացություն է արտադրում շրջակա տարածք (ածխաթթու գազ, ջրի գոլորշի, եթերանյութեր, որոնք օրգանիզմում կատարվող կենսաքիմիական գործընթացների արգասիք են),
  • տնային կենդանիների հոտը,
  • ջեռուցման ու գազասարքերի շահագործման խախտման արգասիքները,
  • խոհանոցի շահագործումը (հատկապես երբ այրվում է սնունդը կամ փչանում),
  • ջրատար ու կոյուղու համակարգում խցանումները,
  • տնային փոշին,
  • լուրջ աղտոտում է նաև ծխախոտի ծուխը,
  • սենյակում նաև նյութերի քայքայման հոտ է լինում (շինանյութի` բետոն, ներկ, քար ու աղյուս), որոնցով կառուցված է տունը, ժամանակի ընթացքում ֆիզիկական ու քիմիական քայքայման են ենթարկվում (քիմիականի դեպքում օդի մեջ գազեր են կուտակվում, իսկ ֆիզիկականի դեպքում` այդ նյութերի մանրագույն մասնիկներ),
  • կենցաղային քիմիայի միջոցներ (լվացքի միջոցներ, որոնք պետք է պահվեն պինդ փակվող ամանի մեջ),
  • ինտերիերի ոչ գրագետ կազմակերպումը,
  • սենյակի օդը թունավոր կոկտեյլի է վերածում հեռուստացույցի, համակարգչի, կենցաղային տեխնիկայի առկայությունը,
  • կենդանիներ ունեցողներն իրենց չեն ծանրաբեռնում տարրական հիգիենայի կանոններով. կենդանիների արտաթորանքը չորանալով մշտապես «թևածում» է օդում:

Իրավիճակը շտկելու համար պետք է մի քանի տարրական կանոնի հետևել.

  • կանոնավոր կերպով օդափոխել սենյակը,
  • դեն նետել հնոտիքը,
  • հաճախակի խոնավ մաքրություն իրականացնել,
  • նվազեցնել փոշին կուտակող նյութերի քանակը (վարագույր, գոբելեն, գորգ ու ավելորդ իրեր),
  • ժամանակ առ ժամանակ մաքրություն իրականացնել նաև նկուղներում, աստիճանավանդակում, իսկ տանը պետք է հետևել, որ սննդային մնացորդներ չկուտակվեն,աղբամանը պետք է փակ բերան ունենա, բայց և հաճախակի պետք է դրա պարունակությունը դատարկել, իսկ աղբամանը ժամանակ առ ժամանակ լվանալ ու ախտահանել: