Բալն արդեն հասել է։ Բաց չթողնեք ամենաօգտակար մրգերից մեկը վայելելու ժամանակը։
Ծաղկած բալենին այնքան գեղեցիկ է, որ ոգեշնչել է բանաստեղծներին, նրան համեմատել են ճերմակազգեստ հարսնացուի հետ։ Ճապոնիայում բալենու ծաղկումը համարվում է բնության ամենագեղեցիկ տեսարաններից մեկը, իսկ բալենին՝ սակուրան, համարվում է Ծագող Արևի երկրի խորհրդանիշներից մեկը։

Բալը (Prunus Avium) պարունակում է հակաօքսիդանտներ, վիտամին C եւ ֆլավոնոիդներ: Սրանք չեզոքացնում են ազատ ռադիկալները և պաշտպանում տարիքային խնդիրներից տեսողության վատթարացում, մաշկի կնճռոտում, հաստ աղիքի, շագանակագեղձի քաղցկեղ, անքնություն: Հակաօքսիդանտները՝ կարոտենոիդները և ֆլավոնոիդները, վերականգնում են ազատ ռադիկալների՝ մեր օրգանիզմին հասցրած վնասները: Բացի այն, որ հակաօքսիդանտները պաշտպանում են մեր օրգանիզմն ազատ ռադիկալներից, վիտամին C-ն, կարոտենոիդները և ֆլավոնոիդները բարձրացնում են իմունային համակարգը, պաշտպանում օրգանիզմը մանրէային, սնկային և վիրուսային ինֆեկցիաներից, նաև բարելավում են ուղեղի աշխատանքը, լավացնում հիշողությունը և ապահովում ուղեղի ակտիվությունը: Բալի բջջանյութը թեթևացնում է փորկապությունը, իսկ նրա թթուները նպաստում են մարսողության կարգավորմանը: Բալի սննդարար նյութերը՝ հակաօքսիդանտները, վիտամինները, իսկ  հանքանյութերից՝ ֆոսֆորը, պաշտպանում են սիրտը, ապահովում են սրտի կայուն աշխատանքը, կանխում արյունատար անոթների պատերի հաստացումը, նվազեցնում խոլեստերինի մակարդակը և կարգավորում արյան ճնշումը: Բալն ամրացնում է սրտամկանը: Ինչքան մուգ է բալի գույնը, այնքան այն ավելի առողջարար է: Բալի մուգ գույնով է պայմանավորված հակաօքսիդանտների քանակը:

Բալը նաև էներգիայի աղբյուր է, քանի որ պարունակում է ֆրուկտոզա, որը վնաս չի հասցնում շաքարախտով տառապողներին: Բալը կանխում է բերանի վարակները և բերանի խոռոչի տհաճ հոտը: Այս մրգի մեջ առկա ֆլավոնոիդները և թթուները հանդիսանում են նաև ախորժակի գրգռիչներ: Բալն արժեքավոր դիետիկ սննդամթերք է, իսկ դեղագործության մեջ բալի օշարակը հաճախ է օգտագործվում դեղորայքի համը լավացնելու համար: Բալի չորացրած պտուղներից պատրաստված թուրմը օգնում է հազի և բրոնխիտի ժամանակ: 1 ճաշի գդալ բալի չրի վրա լցնել 1 բաժակ եռջուր, թողնել 20-30 րոպե: Քամել, խմել օրը մի քանի անգամ:

Ժողովրդական բժշկության մեջ հաճախ օգտագործում են բալի ճյուղերը, տերևներն ու պոչերը: 1 ճաշի գդալ բալենու մատղաշ ճյուղերը մանրացնել, ավելացնել 1 բաժակ եռջուր ու 10 րոպե եռացնել թույլ կրակի վրա: Քամել, թողնել, որ սառչի, այնուհետև ողողել բերանի խոռոչը և կոկորդը բկաբորբի ու լնդերի բորբոքման ժամանակ օրը մի քանի անգամ:

Սրտի իշեմիկ հիվանդության դեպքում շատ օգտակար է օրվա մեջ գոնե 200գ բալ ուտելը: Իսկ անեմիայի ու ցածր հեմոգլոբինի դեպքում այն պարզապես անփոխարինելի միջոց է։ Բալի հյութն օգտագործվում է նաև որպես ջերմիջեցնող։

 

Նյութը՝ Նարինե Գալստյանի

Լուսանկարը՝ Համացանցից