ՔՐՔՈՒՄ ԿԱՄ ԶԱՖՐԱՆ
Համեմունքները ժամանակակից խոհանոցի անբաժանելի մասն են դարձել։

Սակայն քչերը գիտեն դրանց ծագման և պատմության մասին։ Ձեզ ենք ներկայացում բացառիկ մի համեմունք՝ քրքումը (զաֆրան)։

Հունական մի լեգենդի համաձայն՝ Օլիմպոսի աստվածների սուրհանդակ Հերմեսը սիրահարվում է Կրոկուս (Քրքում) անունով մի շատ գեղեցիկ երիտասարդի, բայց պատահմամբ սպանում է նրան։ Այնտեղ, որտեղ թափվել էր Կրոկուսի արյունը, աճում է գեղեցիկ մի ծաղիկ՝ քրքում-կրոկուսը։

Քրքումը կամ զաֆրանը համարվում է համեմունքների թագավոր՝ շնորհիվ իր բուժական, համային հատկանիշների, որոնք, իրավամբ, շատ բարձրարժեք են։ Անասելի գեղեցիկ այս բազմամյա բույսը մինչև հիմա էլ ոսկու գին ունի։

Զաֆրանի բուժիչ հատկությունների մասին իմացել են հին եգիպտացիներն ու շումերները։ Արժեքավոր է բույսի վարսանդի սպին, բարակ առէջները ոչ միայն յուրօրինակ բույր ունեն, այլև բացառիկ զարմանալի բուժիչ հատկություններ։ Որպեսզի 1կգ համեմունք ստացվի, այսինքն՝ հանվի յուրաքանչյուր ծաղիկի առէջը, ձեռքով պետք է մշակել մի քանի հազար հեկտար քրքում։ Նաև դրանով է պայմանավորված զաֆրանի բարձր գինը։ Հավաքման ժամկետը շատ սեղմ է՝ տարվա ընթացքում մոտ 1 շաբաթ, այն էլ՝ առավոտյան և տեղումներից զերծ օրերին։ Զաֆրանի ծաղիկն ունի մուգ կարմիր գույն, որի մեջ առէջները միմյանց են միահյուսվում դեղին թելերով։ Զաֆրանի ծաղիկը որքան ավելի մուգ է, որքան դրա մեջ քիչ են դեղին առէջները, այնքան համարվում է բարձրակարգ։ Շատ հաճախ զաֆրան համեմունքի փոխարեն վաճառվում է լավ համային ու բուժիչ հատկություններ ունեցող բոլորովին այլ խոտաբույս։ Այդպիսի կեղծարարության համար միջնադարյան Եվրոպայում խաբեբային կարող էին խարույկ հանել կամ ողջ-ողջ թաղել կեղծված ապրանքի հետ։

Բույսի անվանումն ունի իսպանա-արաբական ծագում. «զաֆրան» նշանակում է դեղին (թեպետ լավագույն զաֆրանը դեղին չէ)։ Արաբներն այս համեմունքը Իսպանիա  բերեցին 8-րդ դարում։ Այն շատ լավ հարմարվեց տեղանքին, իսկ իսպանացիները կարողացան ստանալ բարձրագույն որակի համեմունք։ Այսօր լավագույն զաֆրանը իսպանականն ու իրանականն են։ Հնդկաստանում զաֆրանն աճում է Քաշմիր նահանգում, բայց նույնիսկ ամենալավ հնդկական խանութներում կհանդիպեք իսպանական զաֆրանի։ Զաֆրանը ոչ միայն համեմունք, այլև հրաշալի դեղամիջոց է։ Հարյուրամյակների ընթացքում ստուգված փաստ է. իրենց ուտեստներում առատորեն զաֆրան օգտագործող իսպանացիները, ըստ էության, շատ քիչ են հիվանդանում սրտանոթային հիվանդություններով, թեպետ նրանց ուտեստները բավական յուղոտ են։

Չնայած Իսպանիայում զաֆրանը մշակում են 8-րդ դարից, Եվրոպայում այդ բույսի և դրա օգտակար հատկությունների մասին իմացան միայն 6 դար անց՝ Խաչակրաց արշավանքների շրջանում։ Այն կոչվեց «ոսկե համեմունք», լայն տարածում գտավ նաև որպես օծանելիք, ներկ։ Այս բույսի առևտրով զբաղվող վաճառականները դարձան զաֆրանի մագնատներ։ Միջնադարի ամեն երրորդ խոհարարական և բժշկական դեղատոմսում կար այս հրաշք համեմունքը։ 17-րդ դարի բրիտանացի բժիշկ Նիկոլաս Կուլպերերը գրել է. «Մեր օրերում արդեն հաստատված փաստ է, որ զաֆրանը սիրտն ամրացնող հրաշալի միջոց է, շատ օգտակար է թոքերի, ինչպես նաև ստամոքսի հիվանդությունների բուժման համար»։ Դրանից 100 տարի առաջ անգլիացի Հենրիխ 8-րդ թագավորը, իմանալով զաֆրանի չափազանց բարձր գնի և բուժական հատկությունների մասին, հատուկ հրամանով արգելեց պալատական տիկնանց դրանով ներկել մազերը և հագուստները։ Վենետիկյան հանրապետության կառավարությունն, իր հերթին, խորհուրդ չէր տալիս դոժերին զաֆրանը որպես նվեր ընդունել, քանի որ շատ թանկ էր։ Եվրոպայում զաֆրան կարելի էր նվիրել միայն թագավորին և Հռոմի պապին։

Ավելի հեշտ է թվարկել, թե զաֆրանը որ դեպքում ճիշտ չէ կիրառելը, քան թվարկել դրա բոլոր բուժիչ հատկությունները։ Այնուամենայնիվ թվարկենք: Այն օգնում է սակավարյունության, հազի, ասթմայի, լեղապարկի հիվանդության, լյարդի և փայծաղի, անպտղության, դաշտանային ցավերի և ցիկլի խանգարման դեպքում, ընկճախտի, նևրալգիկ ցավերի, սրտային հիվանդությունների բուժման համար։

Ըստ Այուրվեդայի՝ զաֆրանը վերականգնում է մարմնի և ուղեղի բջիջները։ Այն սնում է արյունը և խոնավությամբ է ապահովում վերարտադրողական օրգանները։

Գլխացավի ժամանակ կարելի է 3-4 առէջը խառնել 3 կաթիլ հալած յուղի հետ,

տրորել, ստացված խառնուրդը քսել քթանցքերին և խոր շնչել։

Զաֆրանը կարգավորում է դաշտանային ցիկլի խանգարումը։ 5-10 առէջը թեթևացնում է ցավերը, հանգստացնում նյարդային համակարգը։

Լյարդի և արյան հիվանդությունների դեպքում առաջարկվում է հետևյալ բաղադրատոմսը. զաֆրանի 2-3 առէջի և 10 հատիկ լվացած չամիչի վրա լցնել 0, 5 բաժակ սառը, չեռացրած ջուր։ Թրմել մոտ 8 ժամ։ Այդպիսի թուրմ պետք է պատրաստել և՛ առավոտյան, և՛ երեկոյան։ Օգտագործել 1-2 ամիս։

 

Ներկայացրեց՝ ՆԱՐԻՆԵ ԳԱԼՍՏՅԱՆԸ

Լուսնկարը՝ ՀԱՄԱՑԱՆՑԻՑ