Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-09-2017
Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը մեկնարկեց
Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի դռները հանդիսատեսի համար արդեն բաց են: Բացման համերգը սեպտեմբերի 11-ին կայացավ «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Համերգին հնչած Մոցարտի, Չայկովսկու, Բորոդոնի ստեղծագործություններին իրենց կատարողական յուրահատուկ գույները հաղորդեցին 15-ամյա դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեեւը եւ իտալացի հայտնի կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն:

«Հայկական լսարանն ինձ շատ դուր եկավ: Շատ տպավորված եմ նաեւ Ֆիլհարմոնիկ նվագախմբով. նրանք մեզ շատ էին օգնում: Հայաստանն էլ շատ լավ երկիր է, մարդիկ բարի եւ պայծառ են: Ինձ ծանոթ են նաեւ Հայոց  պատմության առանձնահատուկ էջերը»,- մեզ հետ զրույցում նշեց Ալեքսանդր Մալոֆեեւը:

Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը:

Փառատոնի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահում սիմֆոնիկ եւ կամերային համերգներով կհյուրընկալվեն մի շարք երկրների 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ:

Փառատոնի ընթացքում նախատեսված են հոբելյանական համերգներ: Սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ին` ՀՀ անկախության օրը, 29-ին` մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի 70-ամյակը, իսկ հոկտեմբերի 27-ին` փառատոնի փակմանը, հոբելյանական համերգով կնշվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը:

Հատուկ համերգներ են սպասվում հոկտեմբերի 6-ին. բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին Ֆիլհարմոնիկի լարային կազմի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի երեկո: Կլինեն նաեւ պարային կատարումներ: Հոկտեմբերի 12-ին գերմանացի երկու դաշնակահարներ կներկայացնեն «Դաշնամուրամարտ» ստեղծագործությունը:

Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանը եւ Ալեքսանդր Չաուշյանը:

Պատկերասրահ՝ Երեւանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնի մեկնարկը