Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ «New Technology Education Fund» հիմնադրամից
Տեղադրվել է 12-09-2017
«ClimateLaunchpad Հայաստան-2017»-ն ամփոփեց եզրափակչի արդյունքները. հաղթող ճանաչվեց 3 թիմ
Այսօր տեղի ունեցավ «ClimateLaunchpad Հայաստան-2017» ստարտափ բիզնես գաղափարների մրցույթի եզրափակիչ փուլը։ Մրցույթն իրականացվում է «New Technology Education Fund» հիմնադրամի եւ «Climate KIC»-ի «ClimateLaunchpad» ծրագրի համագործակցության շրջանակում:
Մրցույթի նպատակն է բացահայտել Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտում հաջողակ գաղափարները եւ նպաստել դրանց հետագա զարգացմանը՝ դրանք վերածելով հաջող բիզնես նախագծերի:

Եզրափակչի 10 մասնակիցներն ընտրվել են մոտ 30 թիմերից եւ հունիսի 8-9 մասնակցել մրցույթի առաջին փուլին, այնուհետեւ՝ հունիս-հուլիս ամիսներին, թիմերը մասնակցել են 6-անգամյա խորհրդատվական դասընթացների։

10 թիմերից հաղթողի կոչմանն արժանացան 3-ը` ձեւավորելով հաղթական եռյակը. 
1. «Advanced Biofuel/Biodiesel»
2. «Ecopad»
3. «Atmospheric Water Generator for Cars» (AWCA) 



Eritasard.am-ի թղթակիցը զրուցել է «New Technology Education Fund»-ի հիմնադիր Վահան Շաքարյանի հետ: Նրա խոսքով` ներկայացված ծրագրերը բավականին հետաքրքիր էին:

«Իհարկե, ծրագրերի ներկայացման եւ գաղափարների իրականացման հետ կապված խնդիրներ կան, սակայն այդ ամենն արվում է, որպեսզի սովորենք ճիշտ ներկայացնել, ճիշտ հաշվարկել, ճիշտ ուսումնասիրել»,- փաստեց Վահան Շաքարյանը: 

Այն հարցին, թե ինչ սկզբունքներով են ընտրվել հաղթողները, Վահան Շաքարյանը նշեց, որ ուշադրություն է դարձվել արդիականությանը, շուկայի հնարավորություններին, իսկ ամենակարեւորն այն է եղել, որ նախագծերը համապատասխանեն այսօրվա գաղափարին, որի համար անցկացվել է այդ ամենը: Նրա խոսքով` ծրագրերն ապագայում կլինեն կիրառելի, եթե հեղինակների կողմից լինի համապատասխան հետեւողականություն, ինչպես նաեւ` ֆինանսավորում: 

Մենք զրուցել ենք  նաեւ հաղթող ճանաչված թիմերի անդամների հետ: Առաջին տեղը զբաղեցրած «Advanced Biofuel/Biodiesel» թիմում աշխատել են Իրինա Մկրտչյանը, Գեւորգ Գուլոյանը, Մխիթար Ավետիսյանը եւ Միքայել Միքայելյանը:


 
Իրինա Մկրտչյանի խոսքով` նախ թիմը փորձել է հասկանալ,  թե ինչ խնդիր կա շուկայում: Նախագծի գաղափարը վաղուց է եղել: Թիմն աշխատել է շատ երկար, մանրակրկիտ ուսումնասիրել ցանկացած տարր: 

Թիմի անդամ Գեւորգ Գուլոյանի խոսքով` արդեն ծրագրին մասնակցելու ժամանակ աշխատանքներն առավել ինտենսիվ են ընթացել: Կատարվել են բազմակողմանի ուսումնասիրություններ, իսկ ամենակարեւորը` նախագիծը ներկայացրել են Հայաստանի պայմաններին համապատասխան:  

«Ինչպես գիտենք` օգտագործված ձեթից ստանում ենք դիզել, եւ այդ սկզբի հաշվարկների համար մենք հաշվել ենք այն օգտագործված ձեթը, որը թափվում է Հայաստանում: Առաջ ենք քաշել այն հարցը, թե որքան օգուտ կտա այն Հայաստանին»,-նշեց Գեւորգ Գուլոյանը եւ հավելեց, որ սկզբնական փուլում որպես թիրախ ընտրվել են այն համայնքները, որտեղ օգտագործվում են դիզելային վառարանները, իսկ հետո կլինի նաեւ ընդլայնում:

Երկրորդ տեղը զբաղեցրած «Ecopad» թիմում աշխատել են Լիլիթ Հայրապետյանը, Սամվել Խալաթյանը եւ Լաուրա Օրլովան: Լիլիթ Հայրապետյանը, ներկայացնելով իրենց նախագիծը, նշեց. «Հայաստանում այն համարվում է առաջին նորարարական «Notepad»-ը, որը կարելի է օգտագործել մոտ 10 անգամ: Գրվածը կարելի է հեռացնել գրչի, վարսահարդարչի եւ միկրոալիքային վառարանի միջոցով: Սա Հայաստանում դեռեւս միակն է, չունի մրցակից»: 



Երրորդ տեղը զբաղեցրած «Atmospheric Water Generator for Cars (AWCA)» թիմում աշխատել են Վիկտորյա Ռաիսյանը, Հերմինե Վարագուլյանը, Հրաչյա Սարգսյանը:

Վիկտորյա Ռաիսյանի խոսքով` նախագիծը պատրաստել են մոտ մեկ տարի, սակայն դեռեւս աշխատում են, որպեսզի զարգացնեն: Խոսելով նախագծի մասին՝ Վիկտորյան նշեց. «Ընդհանրապես կան օդից ջուր ստացող սարքեր, սակայն չկան կոնկրետ մեքենաների համար նախատեսված եւ շարժական սարքեր: Դրա համար մեր թիմը մտածեց ավելի ուրիշ տարբերակ, որպեսզի հնարավոր լինի օգտագործել մեքենաներում, եւ վարորդները կարողանան ջուր խմել շարժման ընթացքում»:

Թիմը կարծում է, որ իրենց նախագիծը կիրառելի կլինի, ուստի աշխատում են այդ ուղղությամբ:

Նշենք, որ 3 թիմերը կմասնակցեն եվրոպական եզրափակչին, որը հոկտեմբերի 17-18-ը տեղի կունենա Լիմասոլ քաղաքում (Կիպրոս): Եվրոպական մրցույթում լավագույն 3-ը համապատասխանաբար կստանան €10,000, €5,000 եւ €2,500, իսկ տասնյակում հայտնված մասնակիցներն աջակցություն կստանան «Climate-KIC» ակսելերացիոն ծրագրի կողմից: