Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-09-2017
«Ահեղ դատաստան»-ը մեգաշոուն՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում
Սեպտեմբերի 14-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուն:

Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը կներկայացվի իտալացի ճանաչված բեմադրիչ Պաոլո Միչիկեի բեմադրությամբ, որն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով:



Հայաստանում առաջին անգամ ներկայացվելիք մեգաշոուն արդեն արժանացել է աշխարհի տասնյակ հազարավոր հանդիսականների բարձր գնահատականին՝ ցուցադրվելով հեղինակավոր բեմերում: 



Ներկայացման հատուկ հյուրն է ԱՄՆ-ից ժամանած մեցցո-սոպրանո Էլենի Մաթոսը, ում Հունաստանում Մարիա Կալասի հիշատակին նվիրված երեկոյի ընթացքում վստահվել է կատարել Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը:



Լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ թատրոնի տնօրեն եւ գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը եւ բեմադրության եւ տեսապատկերաշարի հեղինակ Պաոլո Միչիկեին մանրամասներ ներկայացրեցին «Ահեղ դատաստան» բացառիկ մեգաշոուի վերաբերյալ: 



Կոնստանտին Օրբելյանի խոսքով՝ այդ բեմադրությունը յուրահատուկ իրադարձություն է լինելու Հայաստանում, քանի որ այն ցուցադրվել է շատ երկրներում: Հայաստանում այն կներկայացվի նորովի: 



Կոնստանտին Օրբելյանը հույս հայտնեց, որ հանդիսատեսին դուր կգա մեգաշոուն՝ հատկապես, որ այն ուղեկցվելու է Միքելանջելոյի «Սիքստինյան կապելլայի» որմնանկարների եռաչափ տեսապատկերաշարով եւ Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ով: 



Պաոլո Միկեչեին իր հերթին նշեց, որ կներկայացվի Միքելանջելոյի եւ Վերդիի արվեստների համադրությունը: Նրանք երկուսն էլ կենտրոնացած են մարդկության գաղափարի վրա, երկուսն էլ տեսնում եւ զգում են մարդկության ռիթմը եւ էներգիան: 



Վերջինս նաեւ նշեց, որ Կոնստանտին Օրբելյանը մեծ աջակցություն է ցուցաբերել ներկայացման ցուցադրման գործին: