Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-10-2017
Ռուսական «Ձայնի» 6-րդ եթերաշրջանի կույր լսումների փուլը հաղթահարել են 4 հայ մասնակիցները
Հայազգի տաղանդավոր երգիչներն անմասն չեն մնացել ռուսական «Ձայնը» («Голос») նախագծի եւ ոչ մի եթերաշրջանից:

Նրանք մշտապես նախագծի քոուչներին եւ ռուս հանդիսատեսին գերել են իրենց տաղանդով ու կատարողական վարպետությամբ: Նախագծի այս՝ 6-րդ եթերաշրջանը եւս բացառություն չէ: Ավարտվել է մրցույթի կույր լսումների փուլը, եւ այն հաղթահարել են 4 հայ մասնակիցներ: Նշենք, որ այս եթերաշրջանում մասնակիցների ելույթները դատում են երգիչներ Ալեքսանդր Գրադսկին, Դիմա Բիլանը, Լեոնիդ Ագուտինը, Պելագեան՝ «Голос»-ի քոուչների «ոսկե կազմը»: 

Eritasard.am-ն առաջարկում է ծանոթանալ «Голос»-ի հաղթական դափնին նվաճելու նպատակով նախագծում հայտնված ու առաջին փուլը հաղթահարած մասնակիցների հետ:


Զաալի Սարգսյան 



28-ամյա Զաալի Սարգսյանը կույր լսումների փուլում կատարեց Ջոշ Գրոբանի «Aléjate» ստեղծագործությունը: Նրա ելույթից տպավորված շրջվեց Ալեքսանդր Գրադսկին, եւ այդպիսով Վրաստանում ծնված ու այնուհետեւ Ռուսաստան տեղափոխված հայ երիտասարդը համալրեց Գրադսկու թիմը:  


Անահիտ Պողոսյան 



26-ամյա Անահիտ Պողոսյանը ներկաներին զարմացրեց ոչ միայն փայլուն կատարողական տվյալների շնորհիվ: Նա կույր լսումների փուլում կատարեց Աննա Պինգինայի «Ласточка» ստեղծագործությունը: Երբ նրա ելույթից տպավորված շրջվեցին բոլոր քոուչները, պարզվեց, որ Անահիտը 7-ամսական հղի է: Նա որպես քոուչ ընտրեց Պելագեային: 


Դիանա Շալջյան 



25-ամյա Դիանա Շալջյանը կույր լսումների փուլում կատարեց Չիկ Կորիայի «Spain» ստեղծագործությունը: Շրջվեցին բոլոր քոուչները՝ բացի Պելագեայից: Դիանան ընտրեց Լեոնիդ Ագուտինին: 


Միշել Մստոյան 



21-ամյա Միշել Մստոյանը կույր լսումների փուլում կատարեց Ջեյմս Ինգրեմի «How Do You Keep the Music Playing?» ստեղծագործությունը: Նրա ելույթով տպավորված շրջվեցին Ալեքսանդր Գրադսկին եւ Պելաեգեան: Քանի որ Գրադսկին այլեւս իր թիմում տեղ չուներ, Մստոյանը դարձավ Պելագեայի թիմի անդամ: 


Առաջիկայում կարեւոր ու պատասխանատու ելույթներն են: Հաջողություն ենք մաղթում մասնակիցներին հաջորդ փուլերի ընթացքում: