Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-10-2017
Կայացավ «Coca-Cola Yerevan Half Marathon-2017»-ը
Երեւանի քաղաքապետարանը «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ հոկտեմբերի 15-ին մայրաքաղաքում անցկացրեց արդեն ավանդական դարձած «Երեւանյան կիսամարաթոնը»։

Կիսամարաթոնի նպատակներն են խթանել առողջ ապրելակերպը, նպաստել մայրաքաղաքում մարզական զբոսաշրջության զարգացմանը, ամրապնդել սփյուռքահայ մարզիկների կապը հայրենիքի հետ: 

Երեւանի կիսամարաթոնը կազմակերպվում է արդեն երրորդ անգամ։ 2015 եւ 2016 թվականներին կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 3000 վազորդ, մասնակիցների 30 տոկոսն արտասահմանցի վազորդներն էին, ովքեր ժամանել էին 37 երկրից։ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ անցկացվող կիսամարաթոնը մշտապես սատարել է բարեգործական ծրագրերի, որոնք ուղղված են եղել մանկական հաշմանդամության, անապահով ընտանիքների օգնության եւ կրթական ծրագրերին:

Կիսամարաթոնի գլխավոր հովանավորն է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ընկերությունը, աջակիցներն են «Կոնվերս բանկը», «Բարրի», «ՇոփԻն», «TriClub Երեւան» եւ մի շարք այլ ընկերություններ, ինչպես նաեւ Հայաստանի վազքի ակումբները։

Երեւանի կիսամարաթոնը ներառում էր նաեւ բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցում էին հաշմանդամ վազորդներ, ովքեր մրցեցին 5 կմ վազքատարածությունում։ Միաժամանակ կիսամարաթոնը պաշտոնապես սատարում էր բարեգործական 4 ծրագրերի՝ «Դասավանդի՛ր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն»։

«Կոկա-Կոլա Երեւան կիսամարաթոնն» անցկացվեց հետեւյալ ուղերթով. Հանրապետության հրապարակ, Նալբանդյան, Վարդանանց, Մանուկյան, Իսահակյան փողոցներ, Կասկադ համալիր, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պարոնյան, Ձորափի փողոցներ (մինչեւ Դավթաշենի կամուրջ), Հրազդանի կիրճ, Հաղթանակի կամուրջ, Արգիշտի, Իտալիայի փողոցներ, իսկ վերջնագիծը՝ Վազգեն Սարգսյան փողոց: 

Մասնակիցների համար, ըստ տարիքային խմբերի, սահմանված էին 4 տարբեր մրցուղիներ՝ 21,1 կմ՝ 18 եւ ավելի տարեկանների համար, 10 կմ՝ 16 եւ ավելի տարեկանների, 5 կմ՝ 13 եւ ավելի տարեկանների եւ 1 կմ՝ 7-12 տարեկանների համար:

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Երեւանի կիսամարաթոնի  կազմակերպիչներից Անահիտ Ադամյանը նշեց, որ այս տարի մասնակիցների թիվն ավելին է, քանի նախորդ տարի: Մասնակիցների 60-70%-ը Հայաստանից են, իսկ մնացած մասնակիցները մոտ 30-ից ավելի երկրներից: 

«Հիմնականում շատ են մասնակիցները Ռուսաստանից, Վրաստանից, Իրանից, ԱՄՆ-ից եւ եվրոպական երկրներից: Այս տարի եւս 21 կմ, 10 կմ եւ 5 կմ մրցավազքերում առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները կստանան դրամական պարգեւներ, իսկ բոլոր մասնակիցները, անկախ ցուցաբերած արդյունքից, վազքի շապիկներ եւ մեդալներ»,- նշեց Անահիտ Ադամյանը:



Հ. Գ.: Ստորեւ ներկայացնում ենք հաղթողներին

5 կմ վազքուղի
Աղջիկներ
1.Կուդրյավցեւա Ալեքսանդրա
2. Ալավերդյան Էլլադա
3. Նազարովա Ալեքսանդրա
Տղաներ
1. Միրզոյան Հայկ
2. Ալեքսանյան Ռոման 
3. Հարությունյան Հարություն

10 կմ վազքուղի
Աղջիկներ
1. Սպիցինա Մարիա
2. Հարությունյան Լիլիթ
3. Բարսեգջան Ասիդ Մայի 
Տղաներ
1. Մկրտչյան Երվանդ
2. Բայկեեւ Թեյմուրազ
3. Մաշումյան Մհեր

21.1 կմ վազքուղի
Աղջիկներ
1. Կատերինա Կարմանենկո
2. Ֆաունտաին Սարահ
3. Շագիեւա Ալսու
Տղաներ
1. Խարազիշվիլի Դավիթի
2. Դաունս Ֆաբե
3. Զիլբերշտեյն Գիգլա

Պատկերասրահ՝ Coca-Cola Yerevan Half Marathon-2017