Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 20-10-2017
Առաջին անգամ Հայաստանում անցկացվեց Կրթական գործիքների ազգային տոնավաճառ
Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն անցկացրեց Կրթական գործիքների ազգային տոնավաճառ: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի եւ «SALTO EECA»-ի աջակցությամբ:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Արսեն Քարամյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շեշտեց, որ Երեւանում անցկացվում է շատ կարեւոր միջոցառում:

«ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը կարեւորում է ոչ ֆորմալ կրթության զարգացումը: Գաղտնիք չէ, որ կյանքն այնպիսին է դարձել, որ մենք ուղղակի պարտադրված ենք արձագանքելու, եւ այդ արձագանքները չպետք է լինեն ուշացած: Ճիշտ ժամանակին արձագանքելու համար էլ կրթությունը դասական առումով պետք է բավարար չլինի: Ահա այստեղ է, որ մեզ օգնության են գալիս ոչ ֆորմալ կրթության որոշակի գործիքներ, որոնք այդ ճանաչելիությունը դարձնում են շատ օպերատիվ, տեղին»,- իր ելույթում նշեց Արսեն Քարամյանը:



Նրա խոսքով՝ 2018-2022 թթ. համար նախարարությունը մշակում է պետական երիտասարդական քաղաքականության ռազմավարությունը, որտեղ անդրադարձ կա նաեւ ոչ ֆորմալ կրթությանը եւ կրթական գործիքներին: 

Eritasard.am-ի հետ զրույցում Կրթական գործիքների ազգային տոնավաճառի համակարգող Կարինե Ստեփանյանը տեղեկացրեց, որ Հայաստանում նմանօրինակ իրադարձություն կազմակերպվում է առաջին անգամ: 

«Կրթական գործիքներ ասելով նկատի ունենք այն ամենը, ինչ աջակցում է կրթական գործընթացի իրականացմանը: Դա կարող է լինել ուսուցողական խաղ, կրթական ձեռնարկ, էլեկտրոնային գնահատման համակարգ, համակարգչային խաղ եւ այլն: Այդ ամենին պետք է բավականին լայն նայել»,- ասում է Ստեփանյանը: 



Նշենք, որ միջոցառումը բաղկացած էր զուգահեռ աշխատարաններից, երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության եւ կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներից, ինչպես նաեւ գործիքների տոնավաճառից: Նմանօրինակ նախաձեռնություններ արդեն կազմակերպվել են Թունիսում, Թուրքիայում, Իտալիայում, Լիբանանում, Մալթայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Կոսովոյում եւ Վրաստանում: 

Պատկերասրահ՝ Կրթական գործիքների ազգային տոնավաճառ Հայաստանում