Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 28-10-2017
Դավիթ Սահակյանց. «Երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն անիմացիաների նկատմամբ»
«Արմենպրես» մամուլի ակումբում այսօր տեղի ունեցավ մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցի ասուլիսը, որը նվիրված էր Անիմացիայի միջազգային օրվան։

Դավիթ Սահակյանցը խոսեց Հայաստանում անիմացիոն ոլորտի ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրի մասին:

Նրա խոսքով՝ Հայաստանում միշտ էլ եղել է հետաքրքրություն անիմացիոն ֆիլմերի նկատմամբ, սակայն առկա ֆինանսական սուղ միջոցները մշտապես խոչընդոտ են հանդիսացել: 

«Մենք ունենք շատ նախագծեր, որոնք մնացել են դարակներում ֆինանսական խնդիրների պատճառով, իսկ մինչեւ այս ինչ իրականացրել ենք,  մեր միջոցներն ենք ներդրել»,- նշեց Դավիթ Սահակյանցը եւ հավելեց, որ խաղարկային ֆիլմերի դեպքում ֆինանսական միջոցների հայթայթումն ավելի դյուրին է:

Նա մեծ ուրախությամբ փաստեց երիտասարդների՝ անիմացիոն ֆիլմերի նկատմամբ ունեցած հետաքրքրության մասին: Մոտ 20 օրում անդամագրվել են 33 երիտասարդ նկարիչներ, ովքեր կանցնեն անիմացիաների բարձրագույն դասեր: Դասերի ընթացքում երիտասարդները կփորձեն կատարելագործել իրենց գիտելիքներն ու կսկսեն մշակել իրենց նախագծերը. «Թե ինչպես նրանք իրենց հետո կդրսեւորեն, կախված է նաեւ նրանցից։ Մասնագիտությունն իսկապես պահանջված է, կան մասնագետներ, սակայն կա նաեւ փորձի պակաս, որն ընթացքում է ձեռք բերվում»:

«Անահիտ» մուլտֆիլմի հաջողության մասին խոսելիսմուլտիպլիկատորը նշեց, որ այն բազմաթիվ փառատոների է մասնակցել, սակայն մուլտֆիլմն այդպես էլ չի հաջողվել թարգմանել: 

Ապագա նախագծերի հետ կապված մեծ հույսեր կան: Այս պահին պատրաստում են Արտավազդ արքայի մասին պատմող մուլտֆիլմը, ինչպես նաեւ կան այլ երկարամետրաժ նախագծեր, որոնք քննարկման փուլում են, եւ որոնք ֆինանսական կայուն միջոցների դեպքում հնարավորինս արագ կիրականացվեն: