Նյութը՝ «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդ դեղագործների ասոցիացիա» ՀԿ-ից
Տեղադրվել է 30-10-2017
Տղա երեխա ունենալը հայ ընտանիքում պատվի՞ խնդիր է
Օգոստոսի 15-ից հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Գյումրի, Ախուրյան, Աշոցք, Մարալիկ, Արթիկ համայնքներում իրականացվեց «Մի՛ սպանիր» պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված ծրագիրը:

ՀՀ-ում առկա է նորածինների սեռերի հավասարակշռության լուրջ խախտում: Նորածինների սեռերի հավասարակշռության առաջին խախտումները նկատվեցին դեռեւս 1990-ական թթ.-ից, երբ նորածինների սեռերի հարաբերակցությունը կազմում էր 120 տղա՝ 100 աղջկա դիմաց: 2000-ական թթ. իրավիճակը մի փոքր մեղմվեց, իսկ 2012 թ. տվյալներով՝ նորածին երեխաների սեռերի հարաբերակցությունը կազմել է 114 տղա՝ 100 աղջկա հաշվով, երբ սահմանված դեմոգրաֆիական ցուցանիշների դեպքում այն պետք է լիներ 102-106 տղա՝ 100 աղջկա համեմատությամբ: Որոշ մարզերում այդ ցուցանիշը սահմանային է. 120 տղա՝ 100 աղջկա հարաբերակցությամբ: Վերջին 20 տարում ՀՀ-ում չի ծնվել մոտ 50.000 աղջիկ երեխա՝ համաձայն պաշտոնական աղբյուրների:

«Տղա երեխա ունենալը հայ հասարակության մտածելակերպում ընկալվում է որպես պատվի, ինքնասիրության եւ հպարտության խնդիր, այսինքն՝ առկա է սոցիալ-հոգեբանական դիսոնանս: Արդյունքում ամուսնու ընտանիքի կողմից կնոջ նկատմամբ իրականացվում է բարոյահոգեբանական ճնշում, ինչի հետեւանքով կինը դիմում է աբորտի: Բացի դրանից՝ աբորտը գինեկոլոգիական հիվանդությունների առաջացման առավել հաճախ հանդիպող պատճառներից մեկն է»,- նշում է բժիշկ-գինեկոլոգը:

Հասարակությունը պետք է օգնի մայրացող կնոջը՝ պաշտպանելու իր եւ իր ապագա երեխայի իրավունքները:

«Մի՛ սպանիր» պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված  ծրագրի նպատակն է նպաստել Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Աշոցք, Ախուրյան համայնքների ազգաբնակչության շրջանում գիտելիքների եւ իրազեկության մակարդակի բարձրացմանը վերարտադրողական առողջության, ինչպես նաեւ պտղի սեռով պայմանավորված աբորտների վնասակարության վերաբերյալ։ Ծրագրի շրջանակում տպագրվել են 1000 պոստերներ եւ փակցվել/տրամադրվել Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ, Աշոցք, Ախուրյան համայնքների բժշկական հաստատություններին, /հիվանդանոցներ, պոլիկլինիկաներ, մոր եւ մանկան կենտրոններ, ծննդատներ/, կրթական հաստատություններին /բուհ, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, դպրոցներ, հատուկ խնամքի եւ հոգածության կենտրոններ/, ինչպես նաեւ տպագրվել են 8000 բուկլետներ եւ բաժանվել վերոնշյալ համայնքների ազգաբնակչության շրջանում:

Նշենք, որ «Մի՛ սպանիր» պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելմանն ուղղված ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպության կողմից իրականացվող դրամաշնորհային մրցույթի շրջանակում: