Նյութը՝ «ԼոգոՍ» ԻՀԿ-ից
Լուսանկարները՝ «ԼոգոՍ» ԻՀԿ-ից
Տեղադրվել է 05-11-2017
«Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքներ տարածող»
«ԼոգոՍ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը 2017 թ. հունիսի 1-ից ազդարարեց «Կինը՝ որպես ժողովրդավարական արժեքներ տարածող» ծրագրի մեկնարկը։

Ծրագրի նպատակն էր աջակցել գյուղական բնակչության որոշումների կայացման գործընթացին, վերջիններիս ներգրավվածության բարձրացմանը եւ կանանց կողմից ժողովրդավարության օրակարգի ձեւավորմանը:

Ծրագրի առաջին փուլում Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի «Երեքնուկ» հանգստյան տանը իրականացվեց 5-օրյա դասընթաց, որին մասնակցում էին Շիրակի մարզի գյուղական համայնքների 15 երիտասարդ կանայք եւ աղջիկներ։ Դասընթացի շրջանակում փորձագետների կողմից քննարկվեցին ընտրական գործընթացների, ՏԻՄ իրավունքների եւ պարտականությունների, ՏԻՄ եւ հանրապետական ընտրությունների, հասարակական-քաղաքական կյանքում կանանց ներգրավվածության, ինչպես նաեւ ծրագրի շահառու համայնքների միջեւ ստեղծվելիք տեղեկատվության փոխանակման եւ համագործակցության ցանցի վերաբերյալ թեմաներ: Մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց  հանդիպելու ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ, «ԵԼՔ» դաշինքի  ներկայացուցիչներ Լենա Նազարյանի եւ Արարատ Միրզոյանի հետ: Հանդիպումը հագեցած էր եւ բովանդակալից՝ լի քննարկումներով եւ փորձի փոխանակմամբ: Հրավիրված հյուրերը մասնակիցներին  հորդորեցին լինել ավելի ակտիվ եւ նախաձեռնող, գործունեություն  ծավալել իրենց համայնքներում։ Երիտասարդ քաղաքական գործիչները պատրաստակամություն հայտնեցին սատարելու եւ օգնություն ցուցաբերելու այն անձանց, ովքեր ցանկություն կունենան մասնակցելու քաղաքական գործընթացներին։

5-օրյա դասընթացի վերոնշյալ թեմաներին ավելի մանրամասն  անդրադարձավ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի խորհրդի նախագահ, Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանը։ Լինելով հասարակական ոլորտի ամենաակտիվ ներկայացուցիչներից մեկը՝ Լեւոն Բարսեղյանը երիտասարդներին կոչ արեց նույնպես ակտիվ լինել համայնքային կյանքում, մասնակցել ավագանու նիստերին, իրենց հուզող հարցերի վերաբերյալ ստորագրահավաք իրականացնել եւ ներառել ավագանու օրակարգում: 

Այնուհետեւ երիտասարդները հանդիպեցին ծրագրին հրավիրված հյուրի՝ Արեգնադեմ գյուղի նախկին համայնքապետ Աղունիկ Հազրյանի հետ։ Նա մասնակիցների հետ կիսվեց իր փորձով եւ հաջողության պատմությամբ, թե ինչպես է կոտրել կարծրատիպերը եւ դարձել համայնքի ղեկավար։ Խոսեց կնոջ դերի մասին, ով,  ընտանիքի մայր լինելուց զատ, կարող է ակտիվ մասնակցություն ունենալ  ընտրական գործընթացներում, ինչպես նաեւ զբաղվել համայնքի խնդիրների լուծմամբ։ 

Քանի որ ծրագրի շրջանակում նախատեսված էր նաեւ իրականացնել  «Իրազեկման շրջիկ ինտերակտիվ թատրոն», դա էլ պատճառ հանդիսացավ, որ դասընթացի երկրորդ փուլում մասնակիցների հետ հանդիպեր ՀՀ վաստակավոր արտիստ, Գյումրու դրամատիկական թատրոնի դերասան Հովհաննես Հովհաննիսյանը։ Ծանոթանալով թեմաներին՝ վերջինիս կողմից մշակվեց թատրոնի սցենարը, եւ սկսվեցին բեմադրման աշխատանքները։ Այդ պատասխանատու գործը ստանձնեց Գյումրու դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը։ Բեմադրման աշխատանքներին զուգահեռ՝ ծրագրի կամավորական թիմը կատարում էր իրազեկման աշխատանքներ շահառու վեց համայնքներում՝ բնակչության շրջանում տարածելով թատրոնի հրավիրատոմս-թռուցիկները: Հաջորդիվ սկսվեցին շրջիկ թատրոնի ելույթները համայնքներում։ Սցենարը ներառում էր մեր օրերում հանդիպող անարդար իրադարձություններ, որոնք տեղի են ունենում ինչպես ընտանիքներում, այնպես էլ համայնքի տեղական ինքնակառավարման գործընթացների ժամանակ։ Թատրոնի ուղերձն այն էր, որ յուրաքանչյուր կին ունի հավասար իրավունքներ ընտրական գործընթացներում, կարող է ակտիվ մասնակցություն ունենալ համայնքի հասարակական-քաղաքական կյանքին, ՏԻՄ ընտրություններում իր թեկնածությամբ հանդես գալ։

Ներկայացումները կրում էին ինտերակտիվ բնույթ եւ յուրաքանչյուր դրվագից հետո հանդիսավարի կողմից հանդիսատեսին առաջադրվում էին հարցեր, եւ ակնկալվում պատասխաններ, թե ինչպիսի լուծումներ կառաջարկեին նրանք տվյալ իրավիճակում։