Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 05-11-2017
Կյանքի պատմություն ներկայացնող լուսանկարներ
Նոյեմբերի 4-ին տեղի ունեցավ «Կինը՝ ֆոտոխցիկի երկու կողմում» խորագրով 4 լուսանկարիչների հեղինակած ֆոտոցուցահանդեսի բացումը, որը նախաձեռնել էր տարածաշրջանում գործող «Չայխանա» ՀԿ-ն:



Ցուցահանդեսը ներկայացնում է «Չայխանայի» լուսանկարիչներ Քնար Բաբայանի, Նելլի Շիշմանյանի, Փիրուզա Խալափյանի, Նազիկ Արմենակյանի եւ վիդեոլրագրող Արուս Հակոբյանի աշխատանքները` գյուղական համայնքներում ապրող կանանց մասին, թե ինչպես են նրանք հաղթահարում իրենց առջեւ ծառացած մարտահրավերներն ու խնդիրները:



Դրանք պատմություններ են այն կանանց առօրյա պայքարի մասին, որոնց ուժեղ են դարձրել կյանքի դժվարությունները:



Երկօրյա ցուցահանդեսի շրջանակում ներկայացվեց նաեւ լրագրող Արուս Հակոբյանի «Եկել եմ, որ գնամ» վավերագրական ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր նաեւ գլխավոր հերոսը՝ 105-ամյա Սաթենիկ Հակոբյանը, ով հեղինակի տատիկն է: Արուս Հակոբյանը բացման խոսքում նշեց, որ տատիկն էլ է ֆիլմն առաջին անգամ դիտում, եւ եթե նրան դուր չգա, ապա չի զարմանա, որ խստապահանջ տատիկի ձեռնափայտը գա իր ուղղությամբ: Սակայն հերոսին ֆիլմը շատ դուր եկավ, անգամ հուզվեց: 



Ֆիլմը հեղինակի երրորդ կարճամետրաժ վավերագրական աշխատանքն է, որում նա հանդես է եկել թե՛ ռեժիսորի, թե՛ օպերատորի, թե՛ մոնտաժողի դերում:   



Ցուցահանդեսը երկու օր շարունակ կցուցադրվի «Հայ-արտ» մշակութային կենտրոնում։



Հ.Գ.:
Ցուցահանդեսն իրականացվում է Միացյալ Թագավորության Կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ։