Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-11-2017
Մեկնարկեց Երկրորդ համահայկական գիտական համաժողովը
Մատենադարանի գիտահետազոտական մասնաշենքի մեծ դահլիճում այսօր մեկնարկեց Հայկական Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված Երկրորդ համահայկական գիտական համաժողովը:



Համաժողովի ընթացքում, որը կընթանա մինչեւ նոյեմբերի 8-ը, միմյանց կհանդիպեն եւ իրենց փորձն ու գիտելիքները կփոխանակեն Հայաստան ժամանած բազմաթիվ հայազգի մեծանուն գիտնականներ, կիրականացվեն բաց դասախոսություններ եւ կլոր սեղան-քննարկումներ: ՀՀ գիտական կազմակերպությունների երիտասարդ գիտնականները պոստերային եւ բանավոր զեկույցներով կներկայացնեն իրենց գիտահետազոտական աշխատանքները:



Համաժողովի նպատակն է քննարկել մի շարք հիմնախնդիրներ, օրինակ՝ գիտության քարոզչությունը, գիտության թերֆինանսավորումը, անկախ փորձաքննության կազմակերպումը, գիտության ֆինանսավորման գործում մասնավոր ձեռնարկությունների ներգրավումը եւ հանրության  շրջանում գիտության նկատմամբ հետաքրքրության հարուցումը: 



Նախատեսվում է ամրապնդել Համահայկական գիտական առաջին համաժողովի արդյունքում ստեղծված «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի» (ASDA) հետ գիտության ոլորտում ժամանակակից մեթոդների ինտեգրումը՝ հայ երիտասարդ գիտնականներին աջակցելու եւ հայաստանյան գիտական դպրոցներում առավել արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար:



Համաժողովն իրականացվում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհային ծրագրի եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակում՝ «Երիտասարդ նորարարների եւ գիտնականների ասոցիացիայի», «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի», ՀԿ-ների, «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի», ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող «Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի» համագործակցությամբ:



ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գեւորգ Վարդանյանն իր ելույթում նշեց, որ շատ հատկանշական է, որ գիտաժողովն անցկացվում է Մատենադարանում: «Մենք՝ հայերս, պետք է հպարտությամբ հիշատակենք այն փաստը, որ հայազգի գիտնականներն իրենց կատարած աշխատանքների շնորհիվ մեծ նշանակություն ունեն մերօրյա գիտության զարգացման գործում: Առաջին գիտական համաժողովի ընթացքում տեղի ունեցած բաց դասախոսությունների, կլոր սեղանների ընթացքում քննարկվեցին շատ կարեւոր թեմաներ եւ հարցեր, եւ որպես կարեւոր ձեռքբերում թերեւս «Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի» հիմնումն էր»,- նշեց Գեւորգ Վարդանյանը եւ հավելեց, որ առաջին գիտական համաժողովից հետո կա միայն դրական տեղաշարժ: Ուստի հիմնվելով դրա փորձի եւ արդյունքների վրա՝ կատարվում է երկրորդ քայլը՝ էլ ավելի առաջ շարժվելու:



ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի խոսքով՝ անցյալ տարի կային շատ հետաքրքիր աշխատանքներ, որոնք ներկայացվեցին եւ քննարկվեցին: «Կարծում եմ՝ այս տարի եւս ունենք շատ հետաքրքիր աշխատանքներ, որոնք կներկայացվեն եւ որոնք հետագայում կնպաստեն մեր երկրի զարգացմանը: Զեկուցողները եւս պատահական մարդիկ չեն: Նրանք համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ են: Շատ ուրախալի է այն փաստը, որ նրանց թվում կան նաեւ երիտասարդներ, ովքեր ունեն մեծ ներուժ իրենց գիտական կարողությունները ցույց տալու եւ գիտության զարգացմանն օգտակար լինելու համար»,- նշեց ՀՀ ԳԱԱ նախագահը եւ բեղուն աշխատանքային գործունեություն մաղթեց համաժողովի մասնակիցներին: 



«Սփյուռքահայ գիտնականների ասոցիացիայի» համանախագահ Արտեմ Օգանովը համաժողովն իրական տոն համարեց՝ հայ գիտնականների տոն. «Մենք տարբեր երկրներում ենք ապրում, խոսում տարբեր լեզուներով, սակայն յուրաքանչյուրս հիշում ենք, որ հայ ենք, նույն ազգից ենք եւ, բնականաբար, ցանկանում ենք օգտակար լինել մեր ազգին, մեր երկրին: Հայաստանը յուրահատուկ երկիր է: Մեր երկրի յուրահատկությունն իր ավանդական լինելը եւ ուժեղ Սփյուռք ունենալն է: Մենք ցանկանում ենք, որ Սփյուռքի գիտական ուժն օգտակար լինի մեր երկրին»:



Նշենք, որ համաժողովի ընթացքում դասախոսություններով հանդես կգան Ֆելիքս Ահարոնիանը (ֆիզիկա եւ աստղաֆիզիկա), Ռուբեն Աբագյանը (ֆիզիկական քիմիա եւ կառուցվածքային կենսաբանություն), Արտեմ Օգանովը (կրիստալոգրաֆիա եւ նյութագիտություն), Ռոբերտ Ռիքլեւսը (էվոլյուցիոն էկոլոգիա), Արմեն Մուլկիդջանիան (բիոէներգետիկա եւ հաշվողական կենսաբանություն), Գարաբեդ Անդրանիկիանը (մանրէաբանություն), Յուրի Օգանեսիանը (միջուկային ֆիզիկա), Անի Ապրահամիանը (միջուկային ֆիզիկա եւ աստղաֆիզիկա), Ռոջեր Հեջարը (գենետիկա եւ բնային բջիջների թերապիա), Ալեքսանդր Կաբանովը (դեղերի նանոտեխնոլոգիա), Նիկոլայ Դոխոլյանը (հաշվողական եւ փորձարարական կենսաֆիզիկա), Մարիամ Գրիգորյանը (քաղցկեղի կենսաբանություն), Վիրջինիա Զաքիանը (թելոմերներ եւ քրոմոսոմային փոփոխականություն), Հովակիմ Զաքարյանը (վիրուսաբանություն), Հասմիկ Քեշիշյանը (պրոտեոմիկա եւ կենսաինֆորմատիկա), Կարեն Թռչունյանը (մանրէաբանություն եւ կենսաֆիզիկա):