Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-11-2017
Անմիջական զրույց-սեմինար՝ Նազենի Հովհաննիսյանի հետ
ԳԱԱ պատմության ինստիտուտի նիստերի դահլիճում հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը սեմինար-հանդիպում ունեցավ երիտասարդների հետ:

Հանդիպումը, որը կրում էր «Գեղեցիկ խոսքը` որպես հաջողության գրավական» խորագիրը, կազմակերպել էր ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի ուսանողական խորհուրդը։

Նազենի Հովհաննիսյանը նախընտրեց հանդիպումն անցկացնել անմիջական եւ ընկերական մթնոլորտում. «Անկեղծ ասած, բարդ է խոսել ուղիղ: Մենք խոսքի հետ այնքան ուշադիր չենք, որքան մեր արտաքին տեսքի: Հայոց լեզուն բարդ է, իսկ խոսքը պետք է լինի կոնկրետ: Խոսքը շունչ է, իսկ ավելի ճիշտ՝ արտաշունչ: Մշտապես հարց է առաջանում՝ ինչպե՞ս խոսել, որպեսզի կարողանանք ներազդել դիմացինի վրա: Առաջին հերթին պետք է խուսափել գոռալուց, քանի որ խոսքի իմաստը գոռալու մեջ չէ: Իրականում մեզ դպրոցում սովորեցնում են ամեն ինչ՝ բացի խոսելուց»:

Նազենի Հովհաննիսյանի խոսքով՝ խոսելիս պետք է ուշադիր լինել, քանի որ մենք երբեմն մեր խոսքով վիրավորում ու նեղացնում ենք մեր սիրելի մարդկանց։ 

«Մենք տղայասեր ազգ ենք: Ես ցանկանում եմ, որպեսզի գա այն օրը, երբ հայ ընտանիքում որդու եւ դստեր նկատմամբ փոխվի վերաբերմունքը: Աղջիկները շատ նուրբ էակներ են, ընտանիքում հաճախ մոռանում են դրա մասին: Սակայն այդ նույն աղջիկները հետագայում դառնում են ընտանիքի ամեն ինչը, բայց չեն ունենում կարեւորը՝ առողջությունը»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:

Հանդիպման ողջ ընթացքում լեցուն դահլիճը համակ ուշադրությամբ լսում էր դերասանուհուն, ով ոչ միայն կիսվեց իր փորձով, այլ օրինակների միջոցով առավել պատկերավոր ներկայացրեց իր ասելիքը: 

Երիտասարդներն անմիջական մասնակիցն ու հերոսները դարձան սեմինար-հանդիպման՝ արտահայտելով իրենց տեսակետները: Նրանք նաեւ մի շարք հարցեր հղեցին հյուրին: