
Վերջին կարեւոր նախաձեռնություններից է EU4Youth-ը՝ Արեւելյան գործընկերության երկրների, այդ թվում եւ Հայաստանի համար նախատեսված նոր ծրագիրը: Տարածաշրջանային այդ ծրագիրն ուղղված է երիտասարդներին հանրային կյանքում ավելի լայն ներգրավվելուն եւ աշխատաշուկայում նրանց առավել մրցունակ դաձնելուն: Դա արվում է առաջնորդական եւ ձեռնարկատիրական հատկությունները զարգացնելուն միտված մի շարք հատուկ հնարավորությունների միջոցով:
ԵՄ-ից հայտնում են, որ Արեւմտյան գործընկերության երիտասարդական պատուհանը 3 միլիոն 450 հազար եվրո տարեկան բյուջեով հատուկ ծրագիր է, որին կարող են դիմել առաջնորդական ջիղ ունեցող երիտասարդները: Երիտասարդ առաջնորդների եվրոպական փոխանակման ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել դրամաշնորհ ստանալու կամ երիտասարդական իրենց կազմակերպության աշխատանքին օժանդակելու համար:
Բիզնեսով զբաղվող երիտասարդներին Եվրամիությունն առաջարկում է ձեռնարկատիրական համագործակցության ծրագիր. նախապատվությունը տրվում է կոնկրետ համայնքում սոցիալական մարտահրավերների հաղթահարում ենթադրող բիզնես գաղափարներին:
Կրթությունը բարելավելու ու աշխատանք գտնելու համար գյուղական համայնքների երիտասարդներին ԵՄ-ն առաջարկում է կրթության եւ վերապատրաստման դրամաշնորհ: Այս դեպքում նախապատվությունը տրվելու է սակավ հնարավորություններ առաջարկող շրջանների երիտասարդ բնակիչներին. այդպիսի շրջաններից են նաեւ գյուղական համայնքները:
Ի դեպ, EU4Youth դրամաշնորհներ է տալիս նաեւ կանաչ տնտեսությամբ եւ սոցիալական բիզնեսով զբաղվել ցանկացող երիտասարդ ստեղծարար գործարարներին:
Եվրամիության՝ հայ երիտասարդներին հասանելի կարեւոր ծրագրերից է Erasmus+-ը, որը թույլ է տալիս սովորել Եվրոպայում: Այն առաջարկում է փոխանակումների բազմազան ծրագրեր, կրթաթոշակներ Եվրոպայում սովորելու համար, ուսանողների, երիտասարդների փոխանակումներ, կամավորների եվրոպական ծառայություն եւ այլն:
ԵՄ-ից տեղեկացնում են, որ ծրագրին բազմաթիվ հայաստանցի երիտասարդներ են մասնակցել եւ իրենց գիտելիքները կիրառում են նաեւ Հայաստանում:
Ըստ Եվրամիության՝ Erasmus+ ծրագրի շրջանակում 2015-16 թթ. ուսանողների եւ գիտաշխատողների փոխանակման համար Հայաստանը 3 միլիոն 700 հազար եվրո է ստացել: Ընտրվել եւ ֆինանսավորվել է հայաստանյան բուհերը ներառող 121 նախագիծ, իսկ Հայաստանից փոխանակումների ծրագրերի է մեկնել 746 հոգի: Ի դեպ, վերջին երկու տարվա ընթացքում փոխանակումների ծավալը կրկնապատկվել է: Սա նաեւ առիթ է ծանոթանալու տարբեր երկրների երիտասարդներին ու միավորելու նրանց: