Նյութը՝ Թամարա Գասպարյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 10-11-2017
Բնության թանգարանը 65 տարեկան է
«Հայոց աշխարհի յուրատիպ մեկնաբանում» խորագրով ցուցահանդեսով նշվեց Հայաստանի բնության պետական թանգարանի 65-ամյակը:



Ներկայացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ նկարիչների միության անդամ, պրոֆեսոր Հրանտ Թադեւոսյանի (Թաթոս) 26 աշխատանք: Հեղինակը նշում է, որ իրեն երկար ժամանակ խնդրում էին բացել ցուցահանդեսը, սակայն համաձայնել է միայն Բնության թանգարանի հոբելյանական տարվա առթիվ:



«Չերկմտեցի այստեղ ցուցադրվելու համար, որովհետեւ կային աշխատանքներ, որոնք համահունչ էին այս թանգարանին: Աշխատանքներում ընդգրկված են Հայաստանի բոլոր տեղերը՝ հարավից հյուսիս: Ես շատ եմ սիրում իմ երկիրը՝ մեր Հայաստան աշխարհը, ես բնապաշտ եմ: Շատ եմ սիրում սիրուն օրը պարպել բնության մեջ»,- ասաց Հրանտ Թադեւոսյանը: 



Հրանտ Թադեւոսյանին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից հանձնվեց պատվոգիր: Ցուցահանդեսն էլ ուղեկցվեց երգ ու պարով:



«1952 թվականին հիմնված Բնության թանգարանն առ այսօր լիարժեք ծառայում է հանրությանը՝ բարձրացնելով էկոլոգիական գիտակցությունը եւ մարդկանց հասանելի դարձնելով մեր հարուստ կենսաբազմազանությունը: Թանգարանային գործը չի դադարել անգամ 90-ականներին. այս տարիների ընթացքում ոչ մի նմուշ չի վնասվել կամ պակասել: Թանգարանը տարեկան 30000-35000 այցելու է ունենում»,- նշեց ՀՀ բնապահպանության փոխնախարար Խաչիկ Հակոբյանը: 



Հայաստանի բնության պետական թանգարանը հիմնադրվել է 1952 թ. Երեւանում: Այն ԽՍՀՄ տարածքում գործող բնության 8 համալիրային թանգարաններից մեկն էր: Մշտապես գործող ցուցադրությունից բացի՝ թանգարանը կազմակերպել է ժամանակավոր ցուցահանդեսներ, միջոցառումներ, մրցույթ-վիկտորինաներ, ռադիոհաղորդումներ: