Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 11-11-2017
Կայացավ «Ազգային տարազ» համահայկական փառատոնը
«Ազգային տարազ». հենց այս խորագրով էլ երեկ «Բոհեմ» թատրոնում կայացավ համահայկական մրցույթ-փառատոնը։



Ողջ միջոցառումն ուղեկցեցին ազգային երգն ու պարը, ասմունքն ու ազգային տարազը: Նմանօրինակ միջոցառում Հայաստանում կազմակերպվում էր առաջին անգամ: Մրցույթի անցկացման գաղափարի հեղինակը հասարակական գործիչ Էմիլ Մարկոսյանն է, ով փաստեց, որ փառատոնի նպատակը մեկն է՝ ցուցադրել հայկական տարազը. «Գաղափարն առաջացել է ակամայից, մեր աղջիկների, տղաների հագուստն ուղղակի դրդեց, որ այդպիսի մտահղացում առաջանա: Ցանկությունս ազգանվեր-հայրենասիրական է, այսինքն՝ հանրությանը ցույց տալ, որ դարեր շարունակ ունեցել ենք գեղեցիկ հագուստ, տարազ, այլ ոչ թե պատառոտված ջինսերով ենք եղել: Իհարկե, չենք կարող այդ ամենը վերականգնել, բայց գոնե մերթընդմերթ հասարակությանը, երիտասարդներին պետք է հիշեցնել այն, ինչը մերն է, մեր ազգայինն է»:



Դեռ հուլիսից մեկնարկած փառատոնը բաղկացած էր մի քանի փուլերից, որոնց ընթացքում փառատոնի համակարգող խմբում ներգրավված մասնագետներն աշխատել են մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած անհատների հետ: 
Է. Մարկոսյանի խոսքով՝ ստացված 183 հայտից բուն մրցույթին մասնակցելու համար ընտրվել է 80-ը: «Ազգային տարազ»-ին մասնակցելու գլխավոր պայմանն է եղել ներկայանալ սեփական տարազով, միաժամանակ պատմել տարազի պատմությունը, զարդանախշերի խորհուրդը, նաեւ ըստ ցանկության՝ երգել, պարել կամ ասմունքել: 

Հարկ է նշել, որ փառատոնի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, ինչը նշանակում է, որ այն ամենամյա դառնալու շեմին է: