Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-11-2017
Կայացավ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը
Երեւանի պետական կամերային թատրոնում նոյեմբերի 11-ին կայացավ Նարինե Աբգարյանի «Մանյունյա» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը:

Նարինե Աբգարյանը «Մանյունյա»-յի համար արժանացել է ռուսաստանյան ազգային գրականության «Տարվա ձեռագիր» մրցանակին, իսկ 2013 թ. մանկական գրականության զարգացման գործում ունեցած ավանդի համար ստացել է «BABY-НОС» մրցանակը:



«Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ամփոփ ներկայացրեց գրքի սյուժեն: «Մանյունյա»-ն պատմություն է Բերդում ծնված երկու ընկերուհիների` Նարինեի եւ Մանյունյայի, խիստ ու բարի Տայի` Մանյունյայի տատիկի, ինչպես նաեւ շարունակ շիլաշփոթ իրավիճակներում հայտնվող բազմաթիվ ազգականների մասին: 



Բերդի մասին պատմող գրքի ոչ միայն հեղինակն է ծննդով այնտեղից, այլեւ հայերեն թարգմանության հեղինակը՝ Նարինե Գիժլարյանը: Վերջինս նշեց. «Հոգիս հրճվում ու փառավորվում էր այս գիրքը թարգմանելիս, հատկապես որ իմ հարազատ երկրի, միջավայրի, իմ ճանաչած մարդկանց, հերսների մասին է: Հուսանք՝ ընթերցողները կհավանեն»:



Նարինե Աբգարյանը մեծ անակնկալի էր եկել բազմաթիվ մարդկանց ներկայությունից: Նա նշեց, որ չէր սպասում, որ այդքան հյուրեր կլինեն, ովքեր հետաքրքրված են գրքով. «Ես շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ այս գիրքը լույս ընծայվեց: Սա ինձ համար իսկապես շատ կարեւոր նախագիծ էր, քանի որ այն բարեգործական բնույթ է կրում: Ինձ համար վիպակը Հայաստանի մասին է, մեր մանկության, մեր ինքնության, սակայն շատերից եմ կարծիքներ լսել, նամակներ ստացել հետխորհրդային երկրների գրողներից ու ընթերցողներից, ովքեր ասում են՝ այն նաեւ իրենց մանկության մասին է, միասին ունեցած անցյալից է պատմում»:



Նարինեն նաեւ իր երախտիքի խոսքը հղեց ծնողներին՝ ասելով. «Ես ցանկանում եմ, որ դուք տեսնեք եւ ճանաչեք ծնողներիս: Նրանք մինչեւ հիմա Բերդում են ապրում եւ շատ կապված են իրենց հողի հետ: Ծնողներս այնպիսի մարդիկ են, որոնց շնորհիվ ես կայացել եմ, առանց որոնց ես ոչ մեկ եմ, եւ առանց որոնց ինձ ոչ մի կերպ չի կարելի կոչել»:  

Նշենք, որ գրքի վաճառքից գոյացած հասույթն ուղղվելու է Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներից մեկի երեխաներին: