Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 12-11-2017
Երեւանում անցկացվեց մարտարվեստների փառատոն
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի հիմնադրման 25-ամյակին նվիրված միջոցառումներից մեկն արեւելյան մարտարվեստների փառատոնն էր՝ տասնյակ հայ մարզիկների մասնակցությամբ։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան 25 տարեկան է, ինչի առթիվ էլ անցկացվեց մարտարվեստների փառատոնը։ Միջոցառմանը մասնակցեցին եւ ցուցադրական ելույթներով հանդես եկան Հայաստանի այկիկենդո կարատեի, այկիդո-այկիկայ, քիք-բոքսինգի, կիոկուշին կարատեի, ավանդական կարատեի ֆեդերացիաների ներկայացուցիչները։

Տարբեր մարտարվեստների պատանի ու երիտասարդ մարզիկները ցուցադրեցին իրենց հմտությունները, իսկ առավել փորձառուներին մի փոքր ավելի բարդ առաջադրանքներ էին հանձնարարված՝ ընդհուպ մինչեւ քարերի ջարդում։ Իրենց կատարումներով փառատոնը եզրափակեցին արեւելյան տարբեր մարտարվեստների հայաստանյան ֆեդերացիաների ղեկավարները։

Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը «Դինամո» եկած ներկաներին համառոտ ներկայացրեց իրենց մարզաձեւի անցած ճանապարհը, խոսեց նախորդ 25 տարիների ընթացքում հաղթահարած դժվարությունների մասին։

«Մեր ֆեդերացիան ստեղծման առաջին իսկ օրից ակտիվորեն տարբեր միջոցառումներ է կազմակերպում ինչպես մայրաքաղաք Երեւանում, այնպես էլ մարզերում ու սահմանամերձ գոտիներում: Մենք սկսել ենք երջանիկ զգալ մարզական մի այնպիսի մեծ ընտանիքում, որտեղ գնահատվում ենք: Դա ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն է»,- ասաց Տիգրան Չոբանյանը՝ հավելելով, որ անակնկալներ են պատրաստված ֆեդերացիայի երախտավորների, մարզիչների ու մրցավարների, իրենց աջակիցների համար։

Երախտավորները պարգեւատրվեցին պատվոգրերով, գործընկեր ֆեդերացիաների նախագահներին էլ բաժին հասավ խորհրդանշական գավաթ։ Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով եւս առանց պարգեւատրման չմնաց. Տիգրան Չոբանյանը խորհրդանշական սուր նվիրեց:

«Այս միջոցառումը մասսայական սպորտի զարգացմանն ուղղված եւս մի կարեւոր քայլ է ու խթան: Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիան կայացած ֆեդերացիա է, որը ցույց է տալիս՝ արեւելյան մարտարվեստները եւս կարող են կանոնակարգված աշխատանքով հասնել շատ բարձր արդյունքների եւ քո երկիրը ճանաչելի դարձնել ամբողջ աշխարհում»,- նշեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ նաեւ կարեւորելով իր գլխավորած գերատեսչության եւ արեւելյան մարտարվեստների ֆեդերացիաների միջեւ վերջին տարիներին բարելավված համագործակցությունը։

Հանդիսականների համար բավականին հետաքրքիր էին հատկապես մարտարվեստների փառատոնին մասնակից սաների ցուցադրական ելույթները։ Պատանի ու երիտասարդ մարզիկներն իրենց ելույթներով կարողացան փառատոնային տրամադրություն պարգեւել ներկաներին։

Պատկերասրահ՝ Մարտարվեստների փառատոն Երեւանում