Նյութը՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Լուսանկարները՝ ՎՎՀ Իջեւանի գրասենյակից
Տեղադրվել է 13-11-2017
Տավուշում երիտասարդների շահերի պաշտպանության ծրագրերը շարունակվում են
Արդեն երկրորդ տարին է, ինչ Տավուշի մարզի Բերդավան, Հաղթանակ, Բաղանիս եւ Ոսկեվան համայնքների մոտ 45 երեխաներ հանդիսանում են երեխաների շահերի պաշտպանության խմբերի անդամներ:

Նախորդ տարում երեխաները, մասնակցելով մի շարք դասընթացների եւ գործնական նախաձեռնությունների, իրենց համայնքներում բացահայտեցին որոշ խնդիրներ, որոնք առնչվում են հենց երեխաների շահերի պաշտպանությանը: Խմբերը համագործակցել են նաեւ որոշում կայացնողների հետ՝ ներկայացնելով իրենց համայնքային ծրագրերը, գործնական համագործակցություն հաստատել շահագրգիռ կողմերի հետ, իրականացրել սոցիալական հարցումներ բնակիչների, դպրոցականների, երիտասարդների, տեղական իշխանության ներկայացուցիչների շրջանում: 

Այս տարի եւս խմբերը մասնակցեցին շահերի պաշտպանության եւ մարդու իրավունքների վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին, որոնց ընթացքում մասնակիցները ձեռք բերեցին նոր գիտելիքներ մարդու իրավունքների, երիտասարդների քաղաքացիական մասնակցության բարձրացման մեթոդների, շահերի պաշտպանության կազմակերպման, ռեսուրսների համախմբման ու գործողությունների պլանավորման վերաբերյալ: 

Դասընթացներին խմբերը նաեւ հատուկ գործիքակազմի կիրառմամբ մշակեցին համայնքային հիմնախնդիրների հաղթահարման գործողությունների պլանները, որոնք կլինեն իրենց ճանապարհային քարտեզները՝ գործընկերների շրջանակների, համայնքների բնակիչների, ՏԻՄ եւ կրթական հաստատությունների հետ համագործակցությամբ խնդիրները աստիճանական լուծելու նպատակով: Դասընթացները եւ գործնական հանդիպումները խմբերի հետ կլինեն շարունակական:

Ծրագրի մասնակից Մանեի համար խմբում ներգրավված լինելը հնարավորություն է տալիս զարգացնելու այնպիսի կարողություններ ու գիտելիքներ, որոնք օգնում են մշտապես ակտիվ լինելուն եւ համայնքն ավելի լավ ճանաչելուն. «Այս դասընթացներն օգնում են բացահայտելու մեր համայնքի այնպիսի խնդիրներ, որոնք առնչվում են մեզ՝ երեխաներիս: Կազմեցինք գործողությունների պլան, ուղերձներ: Այս ամենը մեզ աստիճանաբար մոտեցնում է մեր նպատակին՝ համայնքում համախմբմամբ լուծել խնդիրներ»:

Շահերի պաշտպանության ծրագիրը թույլ է տալիս  կարողությունների ու գիտելիքների գործնական կիրառմամբ  մշակել համայնքային նախագծեր՝ քաղաքացիական նախաձեռնությունների, քարոզարշավների ու այլ միջոցառումների իրականացման նպատակով, որոնցում ներգրավվում են նաեւ որոշում կայացնողներն ու հանրությունը: 

Ծրագիրը «Վորլդ Վիժն Հայաստան» միջազգային բարեգործական  կազմակերպության կողմից իրականացվում է 6 մարզերում: