Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-11-2017
Աղվերանում մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովը
Նոյեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանին կից Աղվերան հանգստի գոտում տրվեց Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովի մեկնարկը:

Համաժողովին մասնակցում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության երիտասարդության ոլորտի 80 ներկայացուցիչներ՝ պետական պաշտոնյաներ, ազգային պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատու աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, հետազոտողներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Համաժողովի հիմնական նպատակներն են՝ աջակցել երիտասարդական քաղաքականության ոլորտում հայ-ռուսական համագործակցության ամրապնդմանը, դյուրացնել քաղաքականության համապատասխան ոլորտներում երիտասարդական խնդիրների արծարծումը եւ խթանել երիտասարդների կարիքներին համահունչ միջոլորտային համագործակցությունը: 

Համաժողովի թեմատիկ ուղղություններն են. Եվրասիական տնտեսական միության նոր հնարավորությունները, երիտասարդության շարժունակություն եւ փոխազդեցություն, պետական երիտասարդական քաղաքականություն՝ սոցիալական երաշխիքներ երիտասարդներին եւ երիտասարդ ընտանիքներին, երիտասարդական նորարարություն, նախաձեռնություններ եւ առևտրայնացում, ծրագրային գործունեություն, միջազգային եւ միջտարածաշրջանային հարաբերություններ, տարածաշրջանային անվտանգություն՝ երիտասարդական հայացք, երիտասարդների զբաղվածության խնդիրներ, երիտասարդական ձեռներեցություն, երիտասարդական տեղեկատվական ոլորտ՝ էլեկտրոնային լրատվամիջոցներ, բլոգոսֆերա։

Համաժողովի բացման արարողությանը ելույթներով հանդես եկան ՀՀ  սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը, փոխնախարար Արսեն Քարամյանը եւ Երիտասարդության հարցերով ֆեդերալ գործակալության տնօրեն Ալեքսանդր Բուգաեւը: 

Հրաչյա Ռոստոմյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ դա կարեւոր հարթակ է առկա հիմնահարցերը քննարկելու, զանազան խնդիրների լուծումներ եւ ուղիներ փնտրելու համար: «Արդեն երրորդ անգամ է, ինչ երկու երկրների պետական պաշտոնյաներ, ազգային, պետական մարմինների երիտասարդության ոլորտի պատասխանատու աշխատողներ, երիտասարդ առաջնորդներ, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հետազոտողներ հավաքվում են մի հարթակում՝ քննարկելու Հայաստանի եւ Ռուսաստանի երիտասարդությանը հուզող արդի հիմնախնդիրները, ինչպես նաեւ առաջարկում դրանց լուծման ուղիները: Քննարկման թեմաները բազմազան են եւ կարեւոր: Հուսով եմ, որ երիտասարդական այս մեծ հավաքի արդյունքները նշանակալի քայլ կլինեն մեր երկրներում երիտասարդության հիմնախնդիրները համատեղ լուծելու, ինչպես նաեւ մարտահրավերներին դիմակայելու ճանապարհին:  Համաժողովը կարող է նաեւ երիտասարդական պետական քաղաքականության, երիտասարդական աշխատանքի, երիտասարդական հետաքրքիր գաղափարների ներկայացման հարթակ դառնալ: Սիրելի՛ երիտասարդներ, մեր երկրների հետագա համագործակցության որակը, արդյունավետությունը եւ մեր հարաբերությունների ապագան մեծապես կախված են հենց ձեզնից»,- նշեց նախարարն ու արդյունավետ քննարկումներ մաղթեց համաժողովի մասնակիցներին: 

ՌԴ Երիտասարդության հարցերով ֆեդերալ գործակալության տնօրեն Ալեքսանդր Բուգաեւն իր հերթին փաստեց Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առկա եղբայրական հարաբերությունների մասին: 

«Ես շատ ուրախ եմ, որ արդեն երրորդ անգամ է, ինչ ընթանում է այս ֆորումը, քանի որ այն հետագա հարաբերությունների համար նոր ուղենիշ է գծում: Մենք մեր կողմից կանենք ամեն ինչ, որպեսզի նման հանդիպումներն ավելի շատ լինեն: Սա մեզ համար ստեղծում է երիտասարդության ապագայի տեսլական: Այն օգնում է շփվել մեր երկրների երիտասարդներին, համատեղ հարցեր քննարկել եւ իհարկե տեսնել ապագայի տեսլականը: Անխոս, հենց երիտասարդներից է կախված, թե ինչպիսին կլինի մեր ապագան»,- ասաց Ալեքսանդր Բուգաեւը եւ հավելեց, որ ներկա երիտասարդությունը զարգանալու եւ զարգացնելու մեծ ներուժ ունի:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ երկու երկրների միջեւ համագործակցության մեծ ներուժ կա, հատկապես՝ բիզնես ոլորտում. «Նմանօրինակ համաժողովը եւս մեկ անգամ հնարավորություն է տալիս ճշգրտելու ե՛ւ փոխադարձ հետաքրքրությունները, ե՛ւ փոխադարձ այն հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ: Նախապատրաստական փուլի ժամանակ բոլոր քայլերը ձեռնարկել ենք, որպեսզի թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմից ունենանք առավել հետաքրքիր, պատրաստված եւ հեռանկարային կազմ, որոնց միջոցով կկարողանանք հարաբերությունները եւ սկսած գործընթացներն առավել արդյունավետ եւ երկարատեւ դարձնել: Եթե նախորդ երկու համաժողովների ժամանակ հնարավորությունների ելակետերի ճշգրտման տիրույթում էինք գտնվում, ապա երրորդը, կարող եմ ասել, ավելի արդյունավետ եւ գործնական կարող է լինել»: 

Սփյուռքահայ ուսանողների խորհրդի հիմնադիր, հոգաբարձուների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ֆորումը կարեւոր է ե՛ւ հայ, ե՛ւ ռուս երիտասարդների համար, քանի որ հարթակը միասնական աշխատելու, նախագծեր մշակելու եւ իրականացնելու հնարավորություն է տալիս: 

«Քննարկման թեմաները բազմազան են, եւ դրանք գտնվում են հայ եւ ռուս երիտասարդների հետաքրքրությունների ու մտահոգությունների շրջանակում: Մասնակիցներն ընտրվել են ըստ ոլորտներում ունեցած իրենց փորձառության: Նրանք շատ լուրջ են պատրաստվել, եւ կարծում եմ, որ կլինեն շատ հետաքրքիր եւ արդյունավետ քննարկումներ: Ռուսական կողմը եւս լավ պատրաստված է եւ քննարկումներ ծավալելուն պատրաստ»,- փաստեց Սամվել Մկոյանը: 

Նշենք, որ մասնակիցները Հայաստան են ժամանել երեկ՝  նոյեմբերի 15-ին: Նրանք ճանաչողական այց են իրականացրել 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Չարենցավանում: 

Չարենցավանի երիտասարդական, ուսանողական հասարակական կազմակերպության նախագահ, տարվա երիտասարդական մայրաքաղաքի ծրագրի ղեկավար Գառնիկ Բեգլարյանի խոսքով՝ ֆորումի մասնակիցներին ծանոթացրել են Չարենցավան քաղաքի պատմությանը, ներկայացրել Գանգրահեր տղայի արձանը, որը խորհրդանշում է Չարենցավան քաղաքը, 1988-2016 թթ. զոհված օդաչուների հիշատակին նվիրված հուշաքարի մոտ իրականացրել ծաղկադրման արարողություն: 

«Ճանաչողական այցի շրջանակում մասնակիցները նաեւ հանդիպումներ են ունեցել Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ փոխքաղաքապետի հետ, ինչպես նաեւ մեր ռուս գործընկերներին ներկայացրեցինք մեր մշակույթը՝ համերգային գեղեցիկ ծրագրով: Մեր հյուրերը շատ տպավորված էին: Չարենցավանի երիտասարդական, ուսանողական հասարակական կազմակերպությունից ֆորումին մասնակցում է 5 երիտասարդ: Արդեն երկրորդ օրն է, ինչ մենք շփվում ենք մեր ռուս գործընկերների հետ, եւ կարծում եմ, որ քննարկումների փուլում արդյունավետ աշխատանքներ կտանենք, եւ քննարկումները նոր ուղենիշ կհանդիսանան հետագա համագործակցությունների համար»,- նշեց Գառնիկ Բեգլարյանը: 

Համաժողովի բացման ժամանակ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը պարգեւատրեց 2017 թվականին կայացած համաշխարհային ուսանողական 29-րդ ամառային խաղերի ժամանակ մեր երկրի պատիվը բարձր պահած ուսանող մարզիկներին: Հայաստանն այդ խաղերին մասնակցում էր 7 մարզաձեւի 16 մարզիկով: Արդյունքում Հայաստանի պատվիրակությունը նվաճել էր 6 մեդալ` (3 ոսկի, 1 արծաթ եւ 2 բրոնզ)՝ 144 երկրների թվում զբաղեցնելով 26-րդ տեղը: 

Հավելենք, որ համաժողովը կընթանա մինչեւ նոյեմբերի 18-ը:

Պատկերասրահ՝ 
Հայ-ռուսական երիտասարդական երրորդ համաժողովի բացումը