Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-11-2017
Կայացավ Սեւակ Խանաղյանի եւ Արամ MP3-ի շքեղ համերգը
Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ Սեւակ Խանաղյանի եւ Արամ MP3-ի շքեղ համերգը:

Համերգը կազմակերպել էր Հայաստանի երիտասարդական հիմնադրամը, ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը եւ Ջազի հայկական ասոցիացիան: Ուսանողներին շնորհավորելու էին եկել նաեւ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ այլ պաշտոնատար անձինք: 

Վարչապետ Կարեն Կարապետյանն իր ողջույնի խոսքում շնորհավորեց ուսանողներին եւ մաղթեց մշտապես քայլել առաջ, հաղթահարել բոլոր խոչընդոտները, քանի որ ապագան հենց երիտասարդությանն է:

Համերգի սկզբում ելույթ ունեցավ Սեւակ Խանաղյանը, ով կատարեց ինչպես նոր, այնպես էլ արդեն սիրված երգեր: Սեւակ Խանաղյանի հետ «Հայրենիք» երգը նվագակցեց կրտսեր Ջիվան Գասպարյանը: 

«Ես շատ ուրախ եմ, որ կրկին Հայաստանում եմ եւ այսօր հանդես եմ գալիս այս հիանալի օրվա կապակցությամբ: Ուսանողական տարիներն անխոս ամենադրական եւ ջերմ տարիներն են մեր կյանքում»,- նշեց Սեւակ Խանաղյանը:

Վերջինիս ելույթից հետո հանդես եկավ Արամ MP3-ին: Դահլիճը նույն ոգեւորությամբ եւ ջերմությամբ ընդունեց երգչին՝ նրան հավասար երգելով բոլոր երգերը:

Համերգին հանդես եկավ նաեւ համերգային ծրագրով Հայաստան ժամանած աշխարհահռչակ խմբի մեներգիչ, Գրեմմիակիր Սեբուն: Լուսային գունավոր էֆեկտներ, ջերմ տրամադրություն. իրենց կատարողական արվեստով փայլող երգիչները կարողացան մեծ բավականություն պատճառել երիտասարդներին եւ ուսանողներին: 

Պատկերասրահ՝ Սեւակ Խանաղյանի եւ Արամ MP3-ի համերգը