Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 24-11-2017
«Սեւ ուրբաթ». վաճառողների եւ սպառողների սիրելի տոնը
Նոյեմբերի 24-ին աշխարհի շատ անկյուններում մեկնարկում է սպառողների եւ վաճառողների ամենասիրելի տոնը՝ «Սեւ ուրբաթը» (Black Friday):

«Սեւ ուրբաթի» հիմնադիրը (մինչեւ հասկացության առաջ գալը) համարվում է վաճառական Ֆրենկ Վուլվորթը: 

19-րդ դարի երկրորդ կեսին ԱՄՆ-ում տեղի ունեցավ մի բան, որն առանց չափազանցնելու կարելի է հեղաշրջում համարել մանրածախ առեւտրում: Լանքասթեր քաղաքի խանութներից մեկում Ֆրենկ Վուլվորթն իրականացրեց ինքնասպասարկման ձեւով ապրանքների վաճառքի իր հանճարեղ գաղափարը: 



Նա նաեւ յուրաքանչյուր ապրանքի վրա ստվարաթղթե փոքրիկ կտոր փակցրեց՝ նշելով դրա գինը: Այսպես պատմության մեջ առաջին անգամ հայտնվեց մեզ համար սովորական դարձած գնապիտակը: Վուլվորթը սկսեց նաեւ լայնորեն զեղչեր կիրառել:



«Սեւ ուրբաթ» տերմինը սկսել են օգտագործել 1966 թվականին, եւ այն օգտագործվել է հիմնականում ԱՄՆ-ի արեւելյան մասում: Այն հաջորդում է Գոհունակության կամ երախտագիտության օրվան: 

«Սեւ ուրբաթը» չի համարվում ավանդական տոն, բայց աշխատողների մեծամասնությունն այդ օրն արձակուրդ է վերցնում՝ բացառությամբ մանրածախ առեւտրի աշխատակիցներից, քանի որ այդ օրը գնորդների թիվը զգալիորեն մեծանում է:



«Սեւ ուրբաթի» օրը խանութները բացվում են շատ շուտ՝ առավոտյան 5-ին, իսկ որոշ մեծ առեւտրային կենտրոններ՝ նույնիսկ կեսգիշերին: Առաջին գնորդներին առաջարկում են մեծ զեղչեր՝ 50-80%, դա արվում է նրա համար, որ խանութ ներգրավեն ավելի շատ գնորդների: 

Պետք է նշել, որ «Սեւ ուրբաթը» առանց միջադեպերի չի անցնում: Գրանցվել են անգամ մահվան դեպքեր: