Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 28-11-2017
Մհեր Ջուլհաճյանն այսօր կդառնար 50 տարեկան
Դեռեւս Արցախյան շարժման եւ դրան հաջորդած պատերազմի տարիներին տեսնելով վտանգված հայրենիքի օրհասական կացությունը եւ քաջ գիտակցելով հակառակորդի լայնածավալ պատերազմի ահազանգը՝ սփյուռքահայ մի շարք երիտասարդներ եկան Հայաստան, զինվորագրվեցին Արցախյան պայքարին, անկոտրում ոգով եւ անձնազոհությամբ կենաց-մահու պայքար մղեցին:

Նրանց շարքում էր նաեւ լիբանանահայ Մհեր Ջուլհաճյանը, ով այսօր կդառնար 50 տարեկան:

Մհեր Արամի Ջուլհաճյանը ծնվել է 1967 թվականի նոյեմբերի 28-ին Լիբանանի Բեյրութ քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է Դամասկոսի Թարգմանչաց վարժարանում:

1978 թվականին Մհեր Ջուլհաճյանը ծնողների հետ հաստատվել է Պուրճ Համուտում, որտեղ եւ անդամակցել է ՀՅԴ «Նավասարդյան» պատանեկան միությանը: Միջնակարգ եւ երկրորդական ուսումը շարունակել է Խորեն Խանամիրյանի անվան քոլեջում։

Այնուհետեւ անդամակցել է ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության (ԼԵՄ) «Րաֆֆի» մասնաճյուղին։ 1986 թվականի փետրվարին ընդունվել է Բեյրութի ամերիկյան համալսարանի բնագիտության բաժին։ 1990 թվականի հոկտեմբերին երդում է տվել եւ անցել ՀՅԴ «Զավարյան» ուսանողական միության շարքերը։

1990 թվականի սկզբից մինչեւ 1992 թվականի հունիս ամիսը բնագիտություն է դասավանդել Ազգ. Գևորգ Չաթալպաշյան եւ Գերմանական երկրորդական վարժարաններում։ Աշխատել է նաեւ Բեյրութի ամերիկյան համալսարանի բնագիտության լաբորատորիայում։

Մհեր Ջուլհաճյանն այն հայորդիներից էր, որոնց համար «Դեպի Երկիր»-ը դարձել էր սրբազան մի կոչ: Նա ականջալուր եղավ մայր հողի կանչին. մեկնեց Արցախ: Մհերին ճանաչողներն ասում են, որ նրա նման մրրկոտ հոգիները չէին կարող չանսալ եւ օրհասկան պահին չկանգնել հայրենիքի կողքին։ 

Ամուսնանալուց անմիջապես հետո՝1992 թվականին, Մհեր Ջուլհաճյանը տեղափոխվել է Հայաստան: Նույն թվականին ընդունվել է Երևանի պետական համալսարանի Երկրաբանության ֆակուլտետի ասպիրանտուրան: Զուգահեռ մասնակցել է Արցախի ազատագրական պայքարին:

Մհերը Ջուլհաճյանն իր չորս մարտական ընկերների հետ (Մերուժան Մոսիյան, Արտակ Մնացականյան, Լեւոն Համբարձումյան եւ Ռուդիկ Ավագյան) արկի պայթյունից Մարզիլի գյուղի մոտ զոհվեց 1993 թ. օգոստոսի 23-ին: Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:

ԱՀ նախագահի 2003 թվականի մայիսի 8-ի ՆՀ37 հրամանով նա հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։