Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 30-11-2017
Նանա Մանուչարյանը «Միսսիս Մոլորակ-2017»-ում զբաղեցրել է 3-րդ տեղը
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում նոյեմբերի 19-26-ը կայացել է մայրիկների համար նախատեսված «Միսսիս Մոլորակ-2017» գեղեցկության, նորաձեւության միջազգային մրցույթը, որին «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի շնորհիվ այս տարի մասնակցում էր նաեւ Հայաստանը:



Հայաստանը ներկայացնող Նանա Մանուչարյանն արժանացել է 3-րդ մրցանակին, «Mrs.Crace» անվանակարգին, եվրոպական ժամացույցների «BERIN» ապրանքանիշի սահմանած հատուկ մրցանակին, ինչպես նաեւ մրցանակի է արժանացել «MAGAMA» նորաձեւության տան կողմից: 



Մրցույթի, տարված աշխատանքների, հաղթանակի եւ ապրումների մասին Eritasard.am-ի թղթակիցը զրուցել է Նանա Մանուչարյանի եւ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Լուսինե Բաղդասարյանի հետ: 
Լուսինե Բաղդասարյանի խոսքով՝ «Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան շուրջ 10 տարի Հայաստանը ներկայացնում է տարբեր միջազգային մրցույթներում: Այս տարի առաջին անգամ որոշում է կայացվել մասնակցել «Միսսիս Մոլորակ» մրցույթին: 



«Իհարկե, շատ ուրախալի էր, որ վերջապես կարողացանք կոտրել կարծրատիպերը, քանի որ շատ հաճախ մայրիկները խուսափում են նման մրցույթների մասնակցելուց: Առավել ուրախ էինք, որ Նանան համաձայնեց մասնակցել, եւ քաստինգի արդյունքում հենց նա ընտրվեց: Մոտ երկու ամիս մեծ աշխատանքներ են տարվել: Նանան այցելել է դեֆիլեի դասընթացների, ֆոտոսեսիաների: Այսինքն՝ ամեն ինչ արել ենք ամենայն պատասխանատվությամբ՝ ամեն մանրուքի վրա ուշադրություն դարձնելով»,- նշեց Լուսինե Բաղդասարյանը: 



Նրա հավաստմաբ՝ երրորդ մրցանակային տեղը մեծ նվաճում է թե՛ ասոցիացիայի, թե՛ Հայաստանի, թե՛ Նանա Մանուչարյանի համար. «Մրցույթը ոչ միայն հիանալի էր կազմակերպված բոլոր առումներով, այլեւ շատ արդար էր: Ի դեպ, մեր հիմնադիր նախագահ Գեւորգ Ասատրյանը եւս միջազգային ժյուրիի կազմում էր: Իհարկե, Նանան իր աշխատասիրության, նպատակասլացության եւ մարդկային որակներով կարողացավ հաղթահարել բոլոր փորձությունները՝ սկսած նախապատրաստական աշխատանքներից մինչեւ մրցույթի վերջին պահը: Ես գնահատում եմ նրա մարդկային որակները՝ լսելու հատկանիշը, որը ոչ բոլորի մոտ է առկա: Թիմում աշխատելու համար դա կարեւոր է»:



Գեղեցկուհի Նանա Մանուչարյանը, ով երկու երեխաների մայր է, մեծ պատասխանատվությամբ է մոտեցել մրցույթին, որպեսզի արդարացնի շրջապատի, ասոցիացիայի, ընտանիքի, իսկ ամենակարեւորը՝ երեխաների հույսերը. «Անկեղծ ասած, սկզբում չէի պատկերացնում, թե ինչ է ինձ սպասվում: Անսովոր էր, քանի որ առաջին անգամ էի մասնակցում, սակայն շնորհիվ թիմի, որն ինձ հետ աշխատում էր, հանձինս Լուսինե Բաղդասարյանի, կարողացա շուտ մտնել աշխատանքային գործընթաց: Շատ կարեւոր է աշխատել այնպիսի մարդկանց հետ, ովքեր քեզ հասկանում են, ովքեր ստեղծում են դրական, ընտանեկան միջավայր: Բացի դրանից՝ ջերմ էր նաեւ մասնակիցների միջեւ առկա հարաբերությունները: Զարմանալի է, սակայն իսկապես չկար նախանձ ասվածը: Գուցե դա նրանից էր, որ բոլորս հասուն մարդիկ էինք, գիտակցում էինք, որ մենք առաջին հերթին մայր ենք: Մրցույթն ավարտվել է, սակայն մենք բոլորս կապի մեջ ենք»:



Մրցութային օրերին գեղեցկուհին ներկայացել է 3 հագուստով, սակայն հայկական տարազով ներկայանալն այլ զգացողություն է պարգեւել նրան, քանի որ զգեստն առանձնացել է իր դիզայներական յուրահատուկ լուծումներով: 

«Ներկայացել եմ 3 հագուստով՝ ազգային տարազով, որը համալրվել էր գեղեցիկ ժամանակակից դետալներով,  երկրորդ փուլում, որը կրում էր «Կանաչ մոլորակ» անունը, ներկայացել եմ սիրամարգի հետ ասոցացվող հագուստով, իսկ երրորդ փուլում՝ երեկոյան զգեստով: Զգեստները, որոնք կրել եմ առաջին եւ երկրորդ փուլերին, հեղինակել է ընկերուհիս՝ Անի Ավագյանը»,- նշեց Նանան:



Խոսելով մրցանակային 3-րդ տեղը գրավելու եւ ապրումների մասին՝ գեղեցկուհին փաստեց. «Երբ մեկնում էի մրցույթի, ամենեւին էլ տրամադրված չէի, որ պետք է հաղթանակ տանեմ, սակայն ինչպես բոլորը, այնպես էլ ես սրտի խորքում հաղթելու ցանկություն եմ ունեցել: Եվ երբ հայտարարեցին անունս, զգացողություններս անասելի էին: Մեծ անակնկալ էր, սակայն՝ հաճելի: Հուզմունքն ու երջանկությունը միախառնվել էին: Երեխաներս եւս շատ են ուրախացել, չնայած պահի լրջությունը չեն հասկանում, փոքր են, սակայն հպարտանում են ինձնով ու շատ էին սպասում վերադարձիս, ինձ թագով տեսնելուն: Այնքան դրական, ջերմ ու բարի մթնոլորտ էր, որ բոլոր գեղեցկուհի մայրիկների համար ուրախ էի: Շատ ուրախ էի  հատկապես Մոնղոլիայի մասնակցի համար, ում հետ շատ մտերմացա: Գիտե՞ք, զարմանալի է իսկապես, սակայն այս մրցույթում բոլորիս համար մարդկային հարաբերություններն առաջին տեղում էին»:  



«Թոփ մոդել Հայաստան» ազգային ասոցիացիան ինչպես նախորդ, այս տարի եւս դատարկաձեռն չէր մեկնել մրցույթին: Բուլղարիայում ներկայացվել է հայկական կոնյակը, նուռը, չրեղենը, տարբեր աղանդերներ եւ իհարկե հուշանվերներ: Թե՛ ժյուրիի անդամները, թե՛ մասնակիցները, թե՛ քաղաքական գործիչները հիացած են մնացել նվերներից: Բացի դրանից՝ մեր մասնակիցը Բուլղարիայում ներկայացրել է հայկական մշակույթը՝ պարելով «Ուզուն-Դարա»: 



Նշենք, որ «Միսսիս Մոլորակ-2017» մրցույթի գլխավոր մրցանակին է արժանացել Թաթարստանը ներկայացնող մասնակիցը, առաջին մրցանակը բաժին է հասել Վիետնամի, իսկ երկրորդ մրցանակը՝ Մոնղոլիայի ներկայացուցչին: Մրցույթի «Միսսիս տաղանդ» հատուկ մրցանակը տրվել է Ֆիլիպինները ներկայացնող մասնակցին: