Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 01-12-2017
Կայացավ Արեգ Գրիգի «Սղագրեր» գրքի շնորհանդեսը
Նոյեմբերի 30-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ լրագրող, հաղորդավար Արեգ Գրիգի «Սղագրեր» գրքի շնորհանդեսը:

500 օրինակով լույս տեսած գիրքը բաղկացած է երկու բաժնից՝ «Սղագրեր ապաշխարության» եւ «Սղագրեր սիրո»: Այն ընդգրկում է հեղինակի՝ 1996-2017 թթ. գրած ստեղծագործությունները: 



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդ գրողը նշեց, որ դա իր առաջին գիրքն է, որտեղ ամփոփված են իր ստեղծագործական կյանքի մոտ 21 տարվա աշխատանքները:  Գրքի հիմնական առանցքը մարդն է՝ իր հոգեւոր եւ աշխարհիկ կողմերով, ընկալումներով, ամենաթողությամբ, ապաշխարությամբ, խոստովանական անմեկնելի հակադարձումներով: Ստեղծագործություններից յուրաքանչյուրը ծնվել է տարբեր հոգեվիճակներում՝ սթրեսային, նյարդային, հուզառատ, հոգեմերժ, սիրամերժ, սիրատենչ...



Գրքում կան նաեւ մի քանի նոտագրված երգեր, որոնք ծնվել են կոմպոզիտոր Կարեն Անանյանի հետ համագործակցության արդյունքում: Երգերի կատարումները վստահվել է ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանին: 



«Ես վստահ էի, որ միայն Աննա Մայիլյանը կարող է հիանալի կատարել ստեղծագործություններն ու էլ ավելի բարձր ճախրելու թեւեր տալ դրանց: Առաջին երգը («Զինվորին»), որ նվիրեցի նրան, ծնվել էր 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին: Կոմպոզիտոր Կարեն Անանյանի օգնությամբ վերարտադրվեց նաեւ գեղեցիկ մեղեդի, եւ ունեցանք հրաշալի երգ: Պետք է նշեմ, որ 32 տարվա ընթացքում միշտ ցանկացել եմ մոր մասին որեւէ գիր ունենալ, սակայն չէր ստացվում: Ի վերջո, այս տարի ունեցա մի հուզառատ երգ՝ «Տաղ մայրական», որը կլինի անակնկալ, քանի որ բացի ինձնից ու կատարողից՝ այդ երգի ստեղծման մասին որեւէ մեկը չգիտի»,-նշեց երիտասարդ գրողը եւ հավելեց, որ մտքերը թղթին հանձնելիս իրեն օգնել եւ ոգեշնչել է «Նարեկը», որը կարդացել է դեռ փոքրուց: 



Ապագա պլանների մասին խոսելիս Արեգ Գրիգը նշեց, որ հաջորդ տարի ընթերցողների դատին կհանձնվի եւս երկու գիրք, որոնցից մեկը կլինի նոտագիրք: Իսկ այս գրքի վաճառքից գոյացած հասույթը տրամադրվելու է «Եթե բոլորը» բարեգործական հիմնադրամին:



Գրական-երաժշտական երեկոյի ժամանակ հնչեցին նաեւ Արեգ Գրիգի բանաստեղծությունների հիման վրա գրված երգերը: 



Նշենք նաեւ, որ միջոցառման համակազմակերպիչներն են Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը, Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցը: