Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 02-12-2017
Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլի խմբերը հայտնի են
Մոսկվայի Կրեմլյան պալատում կայացավ ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության վիճակահանության արարողությունը:

Ֆուտբոլի առաջին մեծության աստղերի մասնակցությամբ Մունդիալ-2018-ի եզրափակիչ փուլի վիճակահանությունը որոշեց, թե մրցաշարին մասնակցելու իրավունք ստացած 32 թիմերը ինչպես պետք է բաժանվեն 8 խմբի: Արդյունքում, առաջին՝ A խմբում Մունդիալ-2018-ը հյուրընկալող Ռուսաստանի հետ մեկտեղ ընդգրկված են Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը եւ Ուրուգվայը: Ի դեպ, բացման խաղում ուժերը կչափեն Ռուսաստանը եւ Սաուդյան Արաբիան:

B խմբում Պորտուգալիայի եւ Իսպանիայի հետ մեկտեղ կպայքարեն Մարոկկոն եւ Իրանը: C խումբը կազմեցին Ֆրանսիան, Ավստրալիան, Պերուն եւ Դանիան: D խմբից Աշխարհի գավաթի համար պայքար կսկսի Արգենտինան, որի հետ մեկտեղված են Իսլանդիան, Խորվաթիան ու Նիգերիան:

Բրազիլիայի հավաքականն ընդգրկված է E խմբում, որտեղ տեղ են գտնել նաեւ Շվեյցարիան, Կոստա Ռիկան ու Սերբիան: Աշխարհի չեմպիոնի կոչման պաշտպանությունը Գերմանիայի հավաքականը կսկսի F խմբից: Մրցակիցներն են Մեքսիկան, Շվեդիան ու Կորեայի Հանրապետությունը:

G խմբի ֆավորիտներն են Անգլիան ու Բելգիան, հետնապահը՝ Պանաման է, իսկ Թունիսը կարող է անակնկալ մատուցել խմբի առաջատարների հետ խաղում: Վերջին H խմբում են Լեհաստանը, Սենեգալը, Կոլումբիան ու Ճապոնիան:

Հիշեցնենք, որ 2018 թվականի ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը կայանալու է հունիսի 14-ից հուլիսի 15-ը Ռուսաստանի 11 քաղաքներում: