Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Միլենա Մկրտչյանի
Տեղադրվել է 04-12-2017
Ինքնաթեստավորվել, հետազոտվել, բուժում ստանալ, ապրել որակյալ կյանքով
Յուրաքանչյուր ոք ՀՀ-ում արդեն ՄԻԱՎ-ի վերաբերյալ ինքնաթեստավորվելու հնարավորություն ունի:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը (ՀԵՀ) ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ Միացյալ ծրագրի աջակցությամբ իրականացնում է «Հայաստանում ՄԻԱՎ-ի վերաբերյալ թեստավորման մատչելիության ապահովում` ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ միացյալ ծրագրի նպատակներին հասնելու ճանապարհին» ծրագիրը: 



Նպատակն է ՄԻԱՎ (մարդու իմունային անբավարարության վիրուս) վարակի կանխարգելումը ՀՀ երիտասարդների եւ միգրանտների շրջանում: Ծրագրի շրջանակում ՀՀ բոլոր մարզերի եւ Երեւանի մոտ 30 000 երիտասարդ/միգրանտ իրազեկվում են ՄԻԱՎ-ի, դրա կանխարգելման եւ ինքնաթեստավորման հնարավորության մասին: 



Ինքնաթեստավորումը ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտման նորարարական մեթոդ է, որը մարդուն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվել իր համար ցանկալի եւ հարմար վայրում, օրվա ցանկացած պահին, միայնակ կամ այն անձի հետ, ում վստահում է: Ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է 15 000 փաթեթ ինքնաթեստավորվելու համար, որոնք բաժանվել են նաեւ ՀԵՀ մարզային կենտրոններին: Ինքնաթեստավորումից առաջ եւ հետո անձը ստանում է անվճար խորհրդատվություն ՀԵՀ կամավորի կամ աշխատակցի կողմից:



«2013 -ին, երբ սկսեցինք Հյուսիսային պողոտայում կազմակերպել ՄԻԱՎ-ի արագ թեստավորման միջոցառումներ, իրականացրինք մոտ 150 հետազոտություններ: Տարիների ընթացքում այդ թիվն ավելի է մեծացել: Այս տարի՝ միայն դեկտեմբերի 1-ին, հետազոտվել է 186 մարդ: Սա խոսում է այն մասին, որ մարդիկ արդեն որոշ չափով կոտրել են կարծրատիպերը, հասկանում են կարեւորությունը եւ իրենց կամքով, գիտակցաբար գալիս են հետազոտվելու»,- ասում է ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչ Արեւիկ Պետրոսյանը: Կան նաեւ նախադեպեր, երբ երիտասարդներն ամուսնանալուց առաջ գնում են ստուգման՝ հետագայում առողջական խնդիրներից խուսափելու համար:



Արդեն մի քանի տարի է, ինչ ՀՀ-ում կանխարգելվում է հղի կնոջից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցումը, եւ ծնվում են լիարժեք առողջ երեխաներ: Հայաստանում 2007 թ.-ից ի վեր կանխարգելիչ բուժում ստացած մայրերից ծնված երեխաների շրջանում ՄԻԱՎ վարակի որեւէ դեպք չի արձանագրվել: Վերջին տարիներին հղի կանանց 95%-ը հետազոտվում է ՄԻԱՎ-ի վերաբերյալ: ՄԻԱՎ վարակով բոլոր հղի կանանց եւ նրանց նորածիններին անվճար տրամադրվում է հակառետրովիրուսային կանխարգելիչ բուժում: 



2017 թ. ՄԱԿ-ի պետական ծառայության մրցույթում «Առողջապահական ծառայությունների տրամադրման գործում նորարարություն եւ գերազանց որակ» անվանակարգում ՁԻԱՀ-ի կենտրոնը զբաղեցրել է առաջին տեղը:

Հայաստանում 2017 թ.-ի դեկտեմբերի 1-ի տվյալների համաձայն՝ ՄԻԱՎ վարակով ապրող մարդկանց հաշվարկային թիվը կազմել է 3300: 



«Ցավոք, այսօր ոչ ոք չի մտածում, որ իր մոտ կարող է լինել ՄԻԱՎ վարակ: Շատ քչերն են, որ անձնական նախաձեռնությամբ գնում են հետազոտվելու: Եթե ՄԻԱՎ-ը ախտորոշվեց անձի մոտ, նա անցնում է դիսպանսերային հսկողության: Դրա մեջ մտնում են բոլոր անհրաժեշտ հետազոտությունները եւ բուժումը: Հետազոտությունից մինչեւ բուժում ամեն ինչ իրականացվում է անվճար: Բուժումը նրա համար է, որ մարդն ապրի լիարժեք եւ որակյալ կյանքով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի համաճարակաբանական հսկողության բաժնի բժիշկ-համաճարակաբան Վարդան Արզաքանյանը:



Նա նշում է, որ ինքնաթեստավորման մասին խոսելիս պետք է իմանալ, որ արդյունքում ե՛ւ դրական, ե՛ւ բացասական պատասխանը չի կարելի վերջնական հիմք ընդունել եւ ասել մարդուն, որ ունի կամ չունի ՄԻԱՎ վարակ: Դա ունի մի քանի պատճառ. առաջին՝ բացասական պատասխան կարող է լինել, երբ մարդը չունի ՄԻԱՎ վարակ, երկրորդ՝ երբ գտնվում է «պատուհանի շրջանում»: Դա այն ժամանակահատվածն է, երբ վիրուսն առկա է օրգանիզմում, բայց արտադրված հակամարմինների քանակությունը բավարար չէ արյան մեջ դրանց հայտնաբերման համար: Վարդան Արզաքանյանը մանրամասնեց. «Այսինքն՝ եթե անձը ցուցաբերել է ռիսկային վարքագիծ եւ օրեր անց ստուգվելիս ստանում է բացասական պատասխան, ինչը նշանակում է, որ նա չի ունեցել վարակ մոտ 3 ամիս առաջ: Մեծ է հավանականությունը, որ նա հիմա գտնվում է «պատուհանի շրջան»-ում»:



Մասնագետները խորհուրդ են տալիս ՄԻԱՎ-ի վերաբերյալ հետազոտություն անցնել հնարավոր վարակման պահից 3-6 ամիս անց: Ներկայումս դրական պատասխան տրվում է միայն ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում, որը համարվում է ռեֆերենս (ախտորոշիչ) լաբորատորիա:



Ըստ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի կայքում հրապարակված 2017 թվականի վիճակագրության՝ 1988 թ. մինչեւ 2017 թ. դեկտեմբերի 1-ը ՀՀ-ում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 2865 դեպք ՀՀ քաղաքացիների շրջանում, որոնցից 334-ը` 2014 թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր անցած տարիների համեմատ: 2016 թ. ընթացքում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 303 դեպք:



Հիշեցնենք նաեւ, որ ՀԵՀ-ը միացել է ՄԻԱՎ/հեպատիտ հետազոտության եվրոպական շաբաթին: