Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-12-2017
Հայտնի են «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի հաղթողները
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը դեկտեմբերի 4-ին ամփոփեց «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները:

Վաղ առավոտից փորձագիտական հանձնաժողովին մրցույթի մասնակիցները ներկայացրեցին իրենց գաղափարները: Յուրաքանչյուր գաղափարի ներկայացման համար մասնակիցներին  հատկացվել էր 10 րոպե ժամանակ, ինչպես նաեւ 5 րոպե՝ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու հնարավորություն: 



Հիշեցնենք, որ 2017 թվականին մրցույթն անցկացվեց հետեւյալ անվանակարգերով. 
1.Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա, 
2.Կենդանի համակարգեր (բժշկություն, կենսատեխնոլոգիա, դեղագիտություն, կենսատեխնոլոգիական լուծումներ բժշկության համար, կենդանի համակարգերի հետազոտման կենսատեղեկատվական եւ համակարգչային մեթոդներ, նանոտեխնոլոգիաներ), 
3.Ճշգրիտ գիտություններ (մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, ճշգրիտ ճարտարագիտություն՝ բարձր ճշգրտությամբ կամ գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական եւ մեքենաշինական մշակումներ): 



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի նպատակն է նորարարական գաղափարներով օժտված մեր երիտասարդների համար արտահայտման որոշակի հարթակներ եւ պայմաններ ստեղծել: 



«Այս տարի առաջին անգամ ներդրվեց համահայկական բաղադրիչը: Մենք հույս ունեինք, որ Սփյուռքի մեր հայրենակիցները կցանկանան մասնակցել, սակայն, ցավոք, հայտեր չեղան: Ներկայացված գաղափարները, կարծում եմ, հաջողությամբ առաջ մղելու եւ որոշակի բարենպաստ պայմաններ ստեղծելու դեպքում կարող են լավ արդյունքների հանգեցնել»,- նշեց Արսեն Քարամյանը:



Փոխնախարարի խոսքով՝ սերունդը մեծ ներուժ ունի, ուստի նմանօրինակ նախագիծն անշուշտ նրանց հնարավորություն կտա ինքնադրսեւորվելու, իսկ հատկացվող գումարը մասնակիցները կարող են ծախսել ըստ իրենց ցանկության. «Իսկապես կա այն ներուժը, որպեսզի մեր վաղվա օրը դարձնենք ավելի լավը, իսկ այդ ամենի համար պետք են հենց երիտասարդները՝ իրենց նորարարական գաղափարներով»: 



ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության աշխատակազմի ինովացիոն տեխնոլոգիաների զարգացման վարչության առաջատար մասնագետ, փորձագիտական հանձնաժողովի խմբի անդամ Վահագն Ամիրխանյանը փաստեց, որ ներկայացված 10 գաղափարները շատ հետաքրքիր էին, իսկ գնահատումը փորձագիտական խումբն արել է՝ որոշ չափանիշներով առաջնորդվելով, մասնավորապես՝ թե որքան են դրանք նորարարական, կիրառելի, ներդնելի եւ այլն. «Մենք այսօր ունենք մարտահրավերներ, ուստի պետք է խրախուսենք այդպիսի երիտասարդներին, ովքեր կարողանում են  համապատասխան ծրագրեր ներկայացնել դրանց դիմակայելու համար»:



«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը մասնակիցներին շնորհակալություն հայտնեց մասնակցության, վստահության, իրենց գաղափարները ներկայացնելու համար: Նրա խոսքով՝ բոլոր գաղափարները շատ հետաքրքիր եւ կարեւոր էին: Անվանակարգերից մեկում անգամ մրցակցությունն այնքան թեժ էր, որ դժվար է եղել ընտրություն կատարել:

«100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթի արդյունքները հրապարակվեցին տոնական համերգի ժամանակ: 



Ստորեւ ներկայացնում ենք հաղթած գաղափարները՝ ըստ անվանակարգերի. 
Գյուղատնտեսական գիտություններ, բիոտեխնոլոգիա - «Կենսապլաստիկները՝ որպես կանաչ ապագայի գրավական» (Էմիլիա Սիմոնյան, Աշխեն Արզումանյան)
Կենդանի համակարգեր - «Հայերի պաթոգենում» (Հովսեփ Ղազարյան, Մարիա Նիկողոսյան, Անահիտ Հովհաննիսյան) 
Ճշգրիտ գիտություններ - «Forest Berg» (Մարիամ Ստեփանյան, Ալբերտ Ամիրբեկյան)



ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ, կազմկոմիտեի անդամ Թամարա Թորոսյանի կողմից շնորհակալագրերի արժանացան կազմկոմիտեի անդամները, իսկ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը շնորհակալագրեր հանձնեց փորձագիտական հանձնաժողովի անդամներին: 



Նշենք, որը մրցանակային ֆոնդը կազմում էր 2000000 (երկու միլիոն) ՀՀ դրամ: 

Այսպիսով «100 գաղափար Հայաստանի համար» համահայկական երիտասարդական մրցույթն ամփոփեց 2017 թվականի իր աշխատանքները՝ խոստանալով 2018 թվականին նոր եւ առավել հետաքրքիր գաղափարներ ներկայացնել: 


Պատկերասրահ՝ Ամփոփվեց 2017 թ.-ի «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը