Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 04-12-2017
Կայացավ «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովը
Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնում դեկտեմբերի 4-ին կայացավ «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովը:

Միջոցառումն անցկացվում էր «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի շրջանակում: Դրա նպատակն էր ամփոփել երկամյա ծրագրի արդյունքներն ու քաղած դասերը՝ սոցիալական ձեռնարկատիրության (ՍՁ), համայնքային զարգացման ոլորտների դերակատարներին հանդիպելու, համագործակցության եզրեր եւ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված համատեղ առաջարկություններ մշակելու հնարավորություն տալով:

«Համայնքի զարգացումը ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը մեկնարկել է 2015 թ.-ին՝ սոցիալական ձեռնարկատիրության (SE) ծրագրերի գործարկման միջոցով համայնքների կայուն զարգացումն ու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (CSO-ներ) եկամուտների հնարավոր բարձրացումը խթանելու նպատակով։ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացնում են Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնը (Հայաստան), Ավստրիական միջմշակութային կենտրոնը (Ավստրիա), «ԿԱԶԱ» շվեյցարական հումանիտար հիմնադրամը (Շվեյցարիա) եւ ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը (Հայաստան):

«Համայքների զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի համակարգող Արեգ Թադեւոսյանի խոսքով՝ այդ ծրագիրն այն ծրագրերից է, որը հենց այնպես չի արվել, այլ ամենայն պատասխանատվությամբ եւ մեծ սրտով: 

«Ծրագրի իրականացման ճանապարհին հասկացանք, որ խնդիրների շրջանակն ավելի լայնամասշտաբ է, քան կարելի էր պատկերացնել, ուստի մեր խնդիրն առաջին հերթին սոցիալական ձեռնարկատիրություն ասվածի մասին իրազեկելն էր: Տարված ինտենսիվ աշխատանքները փաստեցին, որ առկա է մեծ ներուժ սոցիալական ձեռնարկությունների զարգացման համար, քանի որ վերջինս իր հերթին մեծ ուժ է տալիս սոցիալական համայնքների զարգացման համար»,- նշեց Արեգ Թադեւոսյանը եւ հավելեց, որ այդ համաժողովի փակումը նոր ծրագրերի, նոր գաղափարների իրականացման սկիզբ է:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, խոսելով այդ ծրագրի կարեւորության մասին, նշեց, որ տեսանելի են այն աշխատանքները, որոնք տարվել են եւ շարունակում են տարվել. «ԵՄ պատվիրակությունը միշտ պատրաստ է աջակցել նմանօրինակ ծրագրերին, քանի որ սոցիալական ձեռնարկություններն իսկապես կարեւոր են: Շարունակե՛ք զարգացնել այն, ինչ ունեք այս պահին»:

Համաժողովի շրջանակում անցկացվեց տոնավաճառ, որին մասնակցում էին ՀՀ տարբեր մարզերում գործող 20-ից ավելի ՍՁ-ներ: Կարի արհեստանոց, պլաստիկի վերամշակման գործարան, հրուշակեղենի արտադրամաս. նորաստեղծ սոցիալական ձեռնարկատիրությունները ոչ միայն մի քանի տասնյակ նոր աշխատատեղ են ստեղծել, այլեւ իրենց եկամտի առնվազն 50%-ն ուղղում են իրենց համայնքի խնդիրների լուծմանը՝ ապաստան անօթեւան երեխաներին, մասնագիտական կրթության ապահովում, էկոհամակարգի պահպանություն եւ այլն։ 

Տոնավաճառին ներկայացված էին նաեւ սոցիալական այն ձեռնարկությունները, որոնց Eritasard.am-ը նախկինում անդրադարձել էր: Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե ինչ աշխատանքներ են տարվել անցած ամիսների ընթացքում: 

Սեւանցիների սիրելի վայր դարձած «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը (http://www.erit.am/news/hy/76892) բացված օրվանից այցելուների պակաս չի ունենում: Մեզ հետ զրույցում արվեստանոց-թեյարանի ներկայացուցիչ Մերի Մկրտչյանը փաստեց, որ դժվար է հաշվել, թե որքան այցելու են ունենում օրվա ընթացքում, սակայն տիրող ջերմ մթնոլորտը, մատուցվող համեղ թեյերը, քաղցրավենիքը գոհացնում են այցելուներին: 

«Ամռան ամիսներին շատ էին զբոսաշրջիկները: Նրանք Սեւան գալիս անպայման այցելում էին մեր թեյարան, վայելում համեղ թեյն ու շարունակում իրենց ճանապարհը: Մեզ մոտ միշտ ջերմ տրամադրություն է տիրում: Հաճախ կազմակերպում ենք համերգային եւ ասմունքի երեկոներ, խաղեր եւ այլն: Ուրախալի է հատկապես այն, որ մեր այցելուների թվում ոչ միայն երիտասարդներ են, այլեւ տարեցներ»,- նշեց Մերի Մկրտչյանը եւ հավելեց, որ «Բոհեմ»-ն առաջիկայում առավել հետաքրքիր կդարձնի սեւանցիների եւ հյուրերի ժամանցը:

Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղում «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ի կողմից մեկնարկած «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության ծրագիրը (http://www.erit.am/news/hy/76893) սահուն քայլերով զարգացում է ապրում: ՀԿ-ի ղեկավար Արտուշ Խաչատրյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրի շնորհիվ պատվերների պակաս չեն ունենում. «Այս ընթացքում հսկայածավալ աշխատանքներ ենք կատարել: Այս նախաձեռնությունը համայնքի կանանց եւ աղջիկներին աշխատելու եւ գումար վաստակելու հնարավորություն է տալիս: Ասեմ ավելին, մեր աշխատող կանանցից մեկի ամուսինը, ով արտագնա աշխատանքի է մեկնում, խոստովանել է, որ կինն ավելի շատ գումար է վաստակել, քան ինքը: Իհարկե, սա եւս մեկ դրական փաստ է, որ մենք այդպիսով նաեւ կանխում ենք արտագաղթը»:

Նշենք, որ «Բոհեմ»-ն ու «Սարերի բարիք»-ը միմյանց հետ սերտ համագործակցություն են ծավալում:

Համաժողովի ընթացքում առանձին աշխատարաններում թեմատիկ խմբային քննարկումների միջոցով մասնակիցները ոլորտի առանձին ենթահարցերի վերաբերյալ առաջարկությունների փաթեթներ մշակեցին: Քննարկված թեմաների շարքում էին ՍՁ իրավական կարգավորումը, ՍՁ կրթությունը, ոլորտի զարգացմանն աջակցող մեխանիզմները, ոլորտում կանանց ներգրավվածությունը եւ այլն: 

Պատկերասրահ՝ «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողով