Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝
Տեղադրվել է 07-12-2017
Դեկտեմբերի 7. աղետալի երկրաշարժից անցել է 29 տարի
1988 թ. դեկտեմբերի 7‚ տեղական ժամանակով 11:41 րոպե... աղետալի երկրաշարժ, որը ցնցեց ամբողջ աշխարհը:

Դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ավելի քան 9 բալ ուժգնությամբ ավերիչ երկրաշարժ։ Այն ընդգրկեց հանրապետության տարածքի 1/3 մասը՝ մեկ միլիոն 130 հազար բնակչությամբ։ Րոպեների ընթացքում լրիվ կամ մասնակի ավերվեցին Լենինականը, Սպիտակը, Կիրովականը, Ստեփանավանը, հարյուրից ավելի ավաններ ու գյուղեր։ 

Երկրաշարժի գոտում շարքից դուրս եկան ջերմամատակարարման, էներգամատակարարման բոլոր համակարգերը, կապի, տրանսպորտի եւ կենցաղսպասարկման ծառայությունները։ Պաշտոնական տվյալներով զոհվեց ավելի քան 25 հազար մարդ։ Անօթեւան դարձավ 530 հազարը։

Այդ օրը Հայաստանը դարձավ ողջ աշխարհի էպիկենտրոնը. երկրաշարժից անմիջապես հետո տարբեր երկրներից հումանիտար օգնություն, հազարավոր փրկարարներ, բժիշկներ, շինարարներ եւ այլ մասնագետներ Հայաստան ժամանեցին։ 

Մայր հայրենիքին լայն աջակցության ձեռք մեկնեց սփյուռքահայությունը։ Այդ ծանր օրերին այն համախմբվեց եւ ստեղծեց «ՍՕՍ Արմենիա», «Ազնավուրը Հայաստանին» եւ տասնյակ այլ կազմակերպություններ, որոնք նյութական ու բարոյական մեծ օգնություն էին ցույց տալիս հայրենաբնակ իրենց եղբայրներին ու քույրերին: Բազմաթիվ սփյուռքահայեր շտապեցին իրենց հետ մայր հայրենիք բերել դեղորայք, հագուստ, վրաններ, սննդամթերք եւ այլն: Նրանցից շատերը մնացին Հայաստանում եւ անմիջական մասնակցություն ունեցան փրկարարական ու վերականգնողական աշխատանքներին։ Նրանց թվում էր նաեւ Շառլ Ազնավուրը, ով հետագայում նույնպես մեծ եռանդով շարունակեց իր ազգանվեր գործունեությունը։

Երկրաշարժից հետո շատ ծրագրեր են իրականացվել, սակայն բազում անելիքներ դեռ առջեւում են:

Ու թեեւ այսօր աղետի գոտու քաղաքներում առկա են բազում խնդիրներ, սակայն տեղի բնակչությունը չի վհատվում. պայծառ ապագայի նկատմամբ հավատը ստիպում է հրաշքներ գործել:

Եվ այդ պայծառ ապագայի առհավատչյան նոր սերունդն է: Սերունդ, որ պարբերաբար բարձր է պահում դժվարություններ տեսած տարածքի պատիվը: Սերունդ, որ հաղթում է մահին էլ անգամ…