Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 08-12-2017
Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի տեղեկատվական հանդիպում Չարենցավանում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Հայաստանում «Erasmus+ Youth. տեղեկատվական կենտրոնի» կողմից դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում իրականացվեց ««Էրազմուս+ Երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագիրը:

««Էրազմուս+ երիտասարդություն» տեղեկատվական հանդիպում» ծրագրի նպատակն է երիտասարդներին,  երիտասարդական աշխատողներին, երիտասարդական կազմակերպություններին ներկայացնել Եվրամիության «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի կողմից ընձեռվող հնարավորությունները։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը ողջունեց ծրագրի մասնակիցներին եւ նշեց, որ նախարարությունը մշտապես աջակցում է նմանօրինակ ծրագրերին, իսկ «Էրազմուս+» ծրագիրը եւս բացառություն չէ:

«Երիտասարդների մասնակցությունը նման ծրագրերին շատ կարեւոր է, քանի որ երիտասարդները կարողանում են մեծ փորձ ձեռք բերել: Ուրախալի է հատկապես այն փաստը, որ նմանօրինակ միջոցառումներն իրականացնում ենք 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում»,- նշեց Թամարա Թորոսյանը:

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանն էլ, ողջունելով մասնակիցներին, նշեց, որ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում է 2017 թվականի երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում երիտասարդական ծրագրերի եւ նախագծերի իրականացումը: ««Էրազմուս+»-ը շատ կարեւոր եւ հետաքրքիր ծրագիր է երիտասարդների համար: Երիտասարդները կարողանում են ինքնադրսեւորվել եւ նոր հմտություններ ձեռք բերել»,- ասաց Դավիթ Հայրապետյանը:

«ՍԱԼՏՈ» Արեւելյան Եվրոպա եւ Կովկաս ռեսուրսային կենտրոնի համակարգող Անդրեյ Պավլովիչի խոսքով՝ դա հիանալի ծրագիր է, որը երիտասարդներին միմյանց հետ համագործակցելու հնարավորություն է տալիս: 

«Գիտեմ, որ Չարենցավանն այս տարվա երիտասարդական մայրաքաղաքն է, որին նախորդել է Գյումրին: Հրաշալի է, որ այդ տիտղոսը փոխանցվում է քաղաքից քաղաք»,- նշեց Անդրեյ Պավլովիչը:

Նրա համոզմամբ՝ հրաշալի է, որ Հայաստանը կարեւոր տեղ է տալիս ոչ ֆորմալ կրթությանը, ավելին՝ Հայաստանն իր ծրագրերով երբեմն առաջ է անցնում. «Ոչ ֆորմալ կրթությունը շատ կարեւոր է զարգացման համար, իսկ Հայաստանն այն երկիրն է, որը մեծ ներուժ ունի շատ հետաքրքիր եւ բացառիկ ծրագրեր ու նախագծեր իրականացնելու համար»:

Չարենցավան համայնքի ղեկավարի օգնական Սուրեն Մուրադյանն էլ այն կարծիքին է, որ Չարենցավանին համապատասխանում է երիտասարդական մայրաքաղաք տիտղոսը, քանի որ այն երիտասարդ  քաղաք է. «Չնայած քաղաքը չունի համապատասխան ռեսուրսներ որոշ ճյուղեր զարգացնելու համար, սակայն կա երիտասարդական մեծ ներուժ եւ ինտելեկտ, որը զարգանալու հնարավորություն կտա»:

Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանը մանրամասներ ներկայացրեց «Էրազմուս+ Երիտասարդություն» ծրագրի մասին: Նրա խոսքով՝ շատ կարեւոր է Սպորտի եւ երիտասարդության  հարցերի նախարարության հետ համագործակցությունը նմանօրինակ ծրագրերի իրականացման ժամանակ. «Շատ կարեւոր է, որ Չարենցավանի երիտասարդությունը եւս տեղեկանա այս ծրագրի մասին: Ծրագիրը երիտասարդներին շատ մեծ հնարավորություններ է տալիս, որպեսզի ոչ միայն ինքնադրսեւորվեն, այլեւ լեզու չիմանալով՝ ծրագրին մասնակցելու գործընթացում շփման միջոցով լեզու սովորեն: Այս ծրագիրը մեծ հնարավորություն է, որը երիտասարդները պետք է օգտագործեն»: 

Արթուր Նաջարյանը որպես օրինակ նշեց ծրագրի մասնակիցներ Վրեժ Մաճկալյանին (եվրոպական կամավորական ծառայություն Հունգարիայում), Սուսաննա Գրիգորյանին (ուսումնական այց Ավստրիա), Կարեն Հարությունյանին, Լիլիթ Սարգսյանին (երիտասարդական փոխանակման ծրագիր Հայաստանում եւ Իտալիայում):

Երիտասարդները պատմեցին, թե ինչպես են դիմել ծրագրին, ինչ փուլեր են անցել, եւ թե ինչ է նրանց տվել ծրագիրը: Բոլորը վստահորեն փաստեցին, որ չպետք է վախենալ, այլ վախերը մի կողմ դնել եւ պարզապես փորձել ոլորտում գտնել առաջընթացի ուղի, իսկ «Էրազմուս +»-ը լավագույն տարբերակն է:

Պատկերասրահ՝ «Էրազմուս+ Երիտասարդություն». տեղեկատվական հանդիպում' Չարենցավանում