Նյութը՝ «Երիտասարդական Միքս» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդական Միքս» ՀԿ-ից
Տեղադրվել է 11-12-2017
Միջազգային փոխանակման ծրագիր՝ երիտասարդների համար
«Երիտասարդական Միքս» ՀԿ-ի, Կարսավա քաղաքի «Պուգա» երիտասարդական կենտրոնի եւ «Ստեղծարար երիտասարդական կենտրոնի» միահամուռ ջանքերով իրականացվեց «Եղի՛ր թվային. գործիքներ գյուղական ձեռնարկատիրության համար» միջազգային երիտասարդական ծրագիրը։

Միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը ԵԽ «Էրազմուս+» ծրագրի աջակցությամբ սույն թվականի հոկտեմբերին իրականացվել է Ծաղկաձորում։ Ծրագրի հիմնական նպատակն էր հարստացնել մասնակիցների թվային եւ ձեռնարկատիրական հմտությունները, ինչպես նաեւ պայքարել մասնակից երկրների գյուղական համայնքներում առկա երիտասարդական գործազրկության դեմ։

Փոխանակման ծրագիրը հյուրընկալեց 40 մասնակիցների ԵՄ եւ Արեւելյան գործընկերության անդամ 8 երկրներից` Լատվիա, Հայաստան, Ուկրաինա, Իտալիա, Վրաստան, Ռումինիա, Մոլդովա եւ Լեհաստան։ 

Ծրագիրը որդեգրել էր 3 հիմնական ուղղություններ` ձեռնարկատիրություն, թվային տեխնոլոգիաներ եւ մշակութային փոխանակում։ Ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնակիցները ծանոթացան ներգրավված երկրների մշակույթին ու սովորույթներին, բացահայտեցին սեփական բիզնեսի մեկնարկի քայլերն ու ժամանակակից տարբեր թվային գործիքներ/ծրագրեր, որոնք կարող են պիտանի լինել երիտասարդ ձեռնարկատերերի համար։

Փոխանակման ծրագրի հիմնական արդյունքներից մեկը մասնակիցների կողմից մշակված «Be digital» գործիքակազմն է, որտեղ նրանք նկարագրում են երիտասարդ ձեռնարկատերերի եւ ստարտափների համար առավել օգտակար 8 ժամանակակից թվային գործիքները եւ բիզնես պլանի մշակման CANVAS մոդելը։ Գործիքակազմը կարող եք ներբեռնել հետեւյալ հղմամբ` https://goo.gl/d1bvUo: