Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Գայանե Մելիքյանի
Տեղադրվել է 12-12-2017
Փորձագետների վերապատրաստում՝ Աղվերանում
Դեկտեմբերի 11-12-ն Աղվերանում կայացավ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության «Առցանց համակարգով ներկայացված դրամաշնորհային ծրագրի փորձագիտական քննությունն իրականացնող փորձագետների վերապատրաստում» ծրագիրը:

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, Ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը եւ 

«Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը փորձագետներին ծանոթացրեցին նրանց լիազորություններին, պարտականություններին, գործառույթներին եւ համատեղ տարվող աշխատանքներին:

Թամարա Թորոսյանը ողջունեց մասնակիցներին եւ նշեց, որ վերապատրաստման ծրագրերը փորձագետներին ոչ միայն նախապատրաստում է տարվելիք աշխատանքներին, այլեւ օգնում առավել ակնառու տեսնել մի շարք խնդիրներ, բացթողումներ: 

«Փորձագետները պետք է լինեն անաչառ, ցանկացած ծրագիր գնահատելուց առաջ լինեն ուշադիր, լավ մտածեն, ճիշտ եւ հստակ գնահատեն: Իհարկե, փորձագետները պետք է նաեւ ուսումնասիրեն եւ ծանոթանան 2018-2022 թթ. ՀՀ պետական երիտասարդական ռազմավարությանը, դրա գերակայություններին»,- նշեց Թամարա Թորոսյանը եւ մաղթեց արդյունավետ աշխատանքային գործընթաց:



Արմենուհի Պետրոսյանը եւ Դավիթ Հայրապետյանը ներկայացրեցին ՀՀ կառավարության՝ «ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական հասարակական կազմակերպություններին դրամաշնորհների տրամադրման կարգի վերանայում» որոշման նախագիծը, ինչպես նաեւ հայտադիմումների եւ գնահատման ձեւաչափերը:

Փորձագետները քննարկումներ ծավալեցին նշված հարցերի վերաբերյալ, ինչպես նաեւ հանդես եկան առաջարկներով: 

Քննարկվում ծավալվեց նաեւ արդյունավետ եւ անարդյունավետ գնահատման օրինակների վերաբերյալ:

Փորձագետներին ներկայացվեցին նաեւ 2018-2022 թթ. ՀՀ պետական երիտասարդական ռազմավարության գերակայությունները: 

Ծրագիրն ամփոփվեց հավաստագրերի հանձնման արարողությամբ: