Նյութը՝ Deem Communications PR եւ մարքեթինգային ընկերությունից
Լուսանկարները՝ Deem Communications PR եւ մարքեթինգային ընկերությունից
Տեղադրվել է 13-12-2017
Գյումրին ունի իր բրենդը՝ գույնը, ձեւն ու խոսքը
Բրենդը կօգնի քաղաքի կերպարն ու զարգացման հեռանկարները յուրովի ներկայացնել աշխարհին:

Գյումրին այնքան բազմազան է, որքան ալեքսանդրապոլյան նրբաճաշակ դռներն ու պատշգամբները, հնի ու մոդեռնի խաչմերուկում ստեղծված շենքերը, վարպետների մտահղացումներն ու գյումրեցի չեմպիոնների՝ տուն բերած մեդալները: Անկախ նրանից, թե այդ շերտերը ձեւավորվել են «կումայրու», «ալեքսանդրապոլյան», «լենինականյան», թե «գյումրվա» ոգով, դրանք արտացոլում են հավաքական գյումրեցու խառնվածքն ու տաղանդը. ինչպես ասում են՝ «քաղաքը քաղաք է իր ժողովրդով»: 

Գյումրու բոլոր շերտերը մեկ գաղափարի ներքո ներկայացնելու համար տասնամյակից ավելի փորձ ունեցող Deem Communications PR եւ մարքեթինգային ընկերությունը 2017 թ.-ին նախաձեռնեց եւ իր միջոցներով իրականացրեց Գյումրու բրենդավորման ծրագիրը՝ որպես ներդրում համայնքի զարգացման գործում: Համագործակցելով Գյումրու քաղաքապետարանի, ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի, «Կումայրի» արգելոց-թանգարանի եւ Գյումրու հասարակական կազմակերպությունների հետ՝ ընկերությունը փուլ առ փուլ մշակեց Գյումրու բրենդը, որն արդեն տարեվերջին գտավ իր գույնը, ձեւը եւ կյանքի կոչվելու մոտեցումը: 

Դեկտեմբերի 9-ին Գյումրու բրենդը ներկայացվեց հանրությանը: «Բրենդն օգնում է քաղաքին ներկայացնել իր առանձնահատկություններն ու զարգացման առաջնահերթ ուղղությունները: Ծրագրի արդյունքում մշակել ենք մի բրենդ, որը կօգնի դիրքավորել Գյումրին աշխարհի քարտեզի վրա թե´ տեղացիների, թե´ արտերկրացիների ընկալման տեսանկյունից: Կարեւոր է միասին աշխատել, որպեսզի մշակված բրենդը նպաստի քաղաքի կայուն տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացմանը»,- նշում է Գյումրու բրենդավորման ծրագրի ղեկավար, Deem Communications ընկերության ստեղծագործական տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը: 

Գյումրու համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանը փաստում է. «Գյումրի քաղաքի բրենդ ունենալու գաղափարը վաղուց հասունացած հարց է, որը պարբերաբար քննարկվել է շահագրգիռ կողմերի հետ։ Գյումրին հայաստանյան շատ քաղաքներից շահեկանորեն առանձնանում է մշակութային, սպորտային եւ զբոսաշրջային լուրջ ներուժով: Գյումրին այն փոքրաթիվ քաղաքներից է, որն ունի իր ուրույն դեմքը, իր կոլորիտն ու անկրկնելի հումորը, որոնք արդեն վաղուց դարձել են մեր քաղաքի «ոչ պաշտոնական» բրենդները: Այժմ ժամանակն է՝ ի մի բերելով այս բոլոր առանձնահատկությունները, մշակվի քաղաքի պաշտոնական բրենդը, որի կազմակերպման եւ իրականացման հարցում այսօր մեզ աջակցում է «Դիիմ Քոմյունիքեյշնզ» ընկերությունը եւ Զբոսաշրջության պետական կոմիտեն»: 

Հանրային հարցումների եւ մասնագիտական քննարկումների արդյունքում առանձնացվել են Գյումրու ներկայացման առանցքային բաղադրիչները, որոնք բրենդի գաղափարում կապվում են «Գյումրի» (Gyumri) անվան յուրաքանչյուր տառի հետ: Ընկերությունը մշակել է նաեւ բրենդի ներդրման ռազմավարության առաջարկ 2018-2019 թթ.-ի համար: 

Բրենդի մշակման համար հիմք են հանդիսացել քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի եւ այլ ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ավելի քան 2000 մարդ արտերկրից եւ Հայաստանից ներգրավվել է բրենդի մշակման գործում՝ մասնակցելով առցանց ու դեմառդեմ հարցումների, սեմինարների ու քննարկումների: 

Ծրագրի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ՝ կազմված Գյումրու զարգացման ծրագրերում ներգրավված փորձագետներից, մշակութային, տնտեսական եւ բիզնես ոլորտների, միջազգային եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ովքեր խորհրդատվություն եւ փորձագիտական կարծիք են տրամադրել: 

Նախաձեռնողները լիահույս են, որ Գյումրու բրենդի ռազմավարության իրագործումը կօգնի զարգացնել քաղաքի սոցիալ-մշակութային կյանքը, ներքին եւ արտաքին զբոսաշրջությունը եւ այլ հենակետային ոլորտներ: Որպես առաջին քայլ՝ ընկերության հրավերով Դանիայից քաղաքային բրենդինգի փորձագետ Հյորտուր Սմարսոնը դեկտեմբերի 11-13-ը «Քաղաքի բրենդը որպես զարգացման գործիք» թեմայով թրեյնինգներ կանցկացնի Գյումրու տարբեր ոլորտների մասնագետների համար (փոքր եւ միջին բիզնեսներ, լրատվամիջոցներ, պետական, հասարակական, կրթական եւ մշակութային հաստատություններ): 

Թրեյնինգներն իրականացվում են Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի հետ՝ Եվրոպական միության եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» (SMEDA) ծրագրի աջակցությամբ: