Նյութը՝ Հրաչուհի Ալմաստյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 15-12-2017
Այսօր տոն է բոլոր թեյասերների համար
Ամեն տարվա դեկտեմբերի 15-ին տարբեր երկրներում նշվում է Թեյի միջազգային օրը՝ հանրության ուշադրությունը թեյի վրա էլ ավելի սեւեռելու համար:
Թեյի միջազգային օրը հատկապես մեծ շուքով է նշվում այն երկրներում, որտեղ թեյի տնկադաշտեր կան` Հնդկաստան, Շրի Լանկա, Չինաստան, Վիետնամ, Ինդոնեզիա եւ այլն:

Մի քանի հետաքրքիր փաստեր թեյի մասին…

Սկզբնական շրջանում Եվրոպայում թեյը որպես աղանդեր մատուցվում էր թագավորական ընթրիքների ժամանակ: Թեյի թարմ տերեւներով նրանք նաեւ տարբեր աղցաններ էին պատրաստում: Եվրոպացիները չէին պատկերացնում, որ թեյը կարելի է եփել եւ խմել հեղուկը: Անգլիացի ազնվականները թեյը խմում են նույնիսկ վիսկիի եւ այլ տեսակի ալկոհոլային խմիչքների փոխարեն:

Ճապոնիայում թարթիչ եւ թեյ բառերը նույն նշանակությունն ունեն: Դա կապված է ճապոնական առասպելի հետ, ըստ որի՝ թեյը առաջացել է դեռեւս Բուդդայի ժամանակներից: Ըստ առասպելի՝ մեդիտացիայի ընթացքում չքնելու համար Բուդդան կտրել է իր թարթիչները եւ թաղել հողի մեջ, որոնցից էլ աճել է թեյի ծառը:

Փոքրիկ փաթեթներով թեյը ստեղծվել է Նյու Յորքի մի գործարարի կողմից: Քանի որ մետաղական եւ ապակե ամաններով թեյ արտադրելն ավելի թանկ գործընթաց էր, գործարարը որոշել էր դրանք արտադրել թղթե փաթեթներով: Գնորդներից մեկը, գնելով փաթեթավորված թեյը, այն պատահաբար գցել էր ջրի մեջ: Այդ դեպքից հետո պարզ էր դարձել, որ կարելի է թեյն արտադրել նաեւ փոքրիկ փաթեթներով, ինչը եւ՛ էժան, ե՛ւ ավելի հարմարավետ կլինի օգտագործելու համար: Մոտ 100 տարի առաջ էլ առաջին անգամ օգտագործվեց սառը թեյը: