Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-12-2017
Կայացավ Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» գրքի շնորհանդեսը
Եղիշե Չարենցի տուն-թանգարանում դեկտեմբերի 15-ին կայացավ արձակագիր Հովհաննես Երանյանի «Մեղքի պարան» գրքի շնորհանդեսը:



Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Երանյանը նշեց, որ գրքի վերնագիրը մի քանի անգամ փոփոխության է ենթարկվել: Սկզբում եղել է «Հերմետիկ հույս» անունը, որը, ըստ հեղինակի, այն հույսն է, որ ազգովի արդեն տասնամյակներ փայփայում ենք: Խոսքն առավել լավ երկիր ունենալու հույսի մասին է, որը, սակայն, այդպես էլ մնում է հերմետիկ՝ չբացված: Երկրորդ վերնագիրը, որն ընտրվել է, եղել է «Ժպտացող արքան»: Սակայն Հովհաննես Երանյանը, խորհրդակցելով խմբագրի հետ, ի վերջո, որոշել է գրքի վերջնական անունը՝ «Մեղքի պարան». «Այդ անվամբ նկատի ունեինք ե՛ւ գլխավոր հերոսի մեղավորությունը, մեղք գործելը, ե՛ւ առհասարակ բոլորիս մեղքերի պարանը: Ինքնաբերաբար այնպես է ստացվել, որ այդ պարանի վրա բոլորս ունենք մեր մեղքերը: Ես ուզում եմ ասել, որ անգամ եթե Աստծո ուղարկած մարդը գա, եթե մենք պատրաստ չենք որեւէ բան փոխելու, ապա չի փոխվի: Ցավոք սրտի, ես չեմ կարողանում անտարբեր մնալ մեր երկրի քաղաքական, տնտեսական վիճակների հանդեպ: Ես ուրախ կլինեի, որ երկիրը մի փոքր լավ վիճակում լիներ, եւ այդ դեպքում, կարծում եմ, առավել շատ գեղարվեստական ոճը կլիներ»:



Վեպում ներկայացված են իրական հերոսներ. օրինակ՝ Վարդան Պետրոսյանը, սակայն կան նաեւ կերպարային խառնուրդներ՝ 4 հայտնի քաղաքական գործիչները՝ 1 կերպարում, որոնք իրար նման են եւ իրար լրացնում են: 

Հովհաննես Երանյանը փաստեց, որ գիրքը շատ մեծ տառապանքով է գրվել, քանի որ ցավը մեծ էր, ու դրա մեծությունը կապված էր մի իրադարձության հետ, որն իրեն համակել էր: Գրելուն իհարկե օգնել է ճոխ հայերենը, որը, ըստ գրողի, մտքերի, բառերի, արտահայտությունների շտեմարան է:

Նշենք, որ միջոցառման հատուկ հյուրն էր ջազ երաժիշտ Գարի Քեսայանը: