Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Զարուհի Ալեքսանյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 16-12-2017
«Հաջողության գրավականը». երիտասարդ լուսանկարչուհի, ով ոգեշնչվում է Արարատով եւ ազգային արժեքներով
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող հեղինակային շարքը: Շարք, որի շրջանակում խոսվում է հայ երիտասարդների մասին, ովքեր երիտասարդ տարիքում արդեն հաջողությունների են հասել:

Նրանցից յուրաքանչյուրն ունի իր հետաքրքրություններն ու կյանքի հանդեպ յուրովի մոտեցումը, սակայն բոլորին միավորում է մեկ բան՝ աշխատանքն ու ավելիին հասնելու ցանկությունը: Այս անգամ ներկայացնում ենք 27-ամյա Զարուհի Ալեքսանյանին, ով մասնագիտությամբ հեռուստալրագրող եւ գեղարվեստական լուսանկարիչ է: 



Գեղարվեստական լուսանկարչության հանդեպ հետաքրքրությունները, առաջին ֆոտոխցիկը…

Դեռ դպրոցական տարիներից հետաքրքրված էի արվեստով, գրականությամբ, երաժշտությամբ։ Որեւէ երգ լսելիս ինքս սցենար էի պատկերացնում, բեմադրություններ անում։ Որոշել էի դառնալ ռեժիսոր, բայց ճակատագրի բերումով, ի զարմանս ինձ, առաջին մասնագիտությամբ դարձա լրագրող։ Սկսեցի սցենարներ գրել, ուսանողական շրջանակում բեմադրություններ անել։ Այդ տարիներին մեզ դասավանդում էին նաեւ լուսանկարչություն։ Նկարում էի ընկերուհուս բջջային հեռախոսով։ Այն ժամանակ դեռ սմարթֆոններ չկային, կամ շատ քչերն ունեին։ Հեռախոսի ֆոտոխցիկը շատ վատն էր, բայց հետաքրքիր կադրեր էի ստանում։ Դա նկատեցին եւ ինձ առաջարկեցին մասնակցել ֆոտոցուցահանդեսների, ֆոտոմրցույթների։ Առաջին մրցանակս եղավ Դավիթ Բեջանյանի կողմից պատվոգիրը եւ մրցույթի 2-րդ հորիզոնականը։ Ոգեւորվեցի ու շարունակեցի նկարել: Գնեցի նաեւ իմ առաջին ֆոտոխցիկը։ 

Հետագայում՝ քոլեջը գերազանց ավարտելուց հետո, ինձ Մանկավարժական համալսարան ընդունվելու հնարավորություն ընձեռեցին։ Ես ընտրեցի իմ սիրելի գեղարվեստական լուսանկարչության բաժինը։ Լուսանկարչությունն ամփոփում է ե՛ւ կինո, ե՛ւ գրականություն, ե՛ւ անգամ երաժշտություն։ Մեկ անմահացած ակնթարթում մի ամբողջ կյանք կարելի է տեսնել եւ լսել։ 



Հայրենիքի հանդեպ սիրո արտացոլումը նկարներում, դիպլոմային աշխատանքում…

Հայրենասիրությունն իմ մեջ ծնված օրվանից է։ Դեռ մանկուց՝ հայրենասիրական երգեր լսելիս, գրքեր կարդալիս, հուզվում էի։ Մեր պատմությունը շատ խորը արմատներ ունի։ Ես դեռ երեխա տարիքից գիտակցում էի, որ մենք hայ ենք, եւ աշխարհի ոչ մի ուրիշ ազգի նման չենք, որ մենք միակն ենք եւ ամենաիմաստունը։ Ինքնաբերաբար իմ բոլոր քայլերը լինում էին ի նպաստ հայրենիքի։ Ցանկացած աշխատանքիս մեջ փորձում եմ հայկականը խորհրդանշող մի բան ավելացնել։ Մենք աշխարհին շատ բան ունենք ասելու։ Դիպլոմային աշխատանքիս թեման երկար էի մտածում, բայց հաստատ գիտեի, որ Հայաստանի հետ առնչվող որեւէ բան պետք է լինի։ Եվ որոշեցի ամբողջ մեր պատմությունը ներկայացնել հայ մարդու դեմքերին։ Ամենակարեւոր եւ ուշագրավ փաստերը մեր ժողովրդի կյանքում նկարեցինք եւ ստացանք մի փոքրիկ ֆոտոֆիլմ Հայաստանի մասին։ Աշխատանքս գնահատվեց եւ ես 100 միավոր ստացա պետական քննությանը։ Աշխատանքներս առ այսօր ներկայացված են համալսարանում։ Դա շատ ոգեւորող է եւ հաճելի։
 


«Նռան գույնը» ֆոտոշարքի հերոսուհի…

Ընկերուհուս, ով նույնպես լուսանկարիչ է, պետք է օգնեի իր կուրսային աշխատանքին պատրաստվել։ Միասին ընտրել էինք Փարաջանովի «Նռան գույնը»: Արդեն նկարահանման տաղավարում ի սկզբանե այլ հերոսուհի էր ընտրված։ Նկարահանումն ավարտելուց հետո խնդրեցի ինձ էլ նկարել այդ կերպարով։ Վերջում հենց իմ լուսանկարներն ընտրվեցին:



Ֆոտոստուդիա ունենալու դժվարին ճանապարհը, տարբեր տարիքային խմբերի հետ աշխատելու դժվարությունները…

Սեփական ֆոտոստուդիա ունենալու գաղափարը շատ վաղուց կար։ Մայրիկիս հետ որոշել էինք ֆոտո ատելիե հիմնել։ Մայրս դերձակ է։ Ինչ խոսք, խոչընդոտները շատ-շատ էին, դեմ մարդիկ՝ նույնպես։ Յուրաքանչյուր քայլ շատ դժվարությամբ էր ստացվում։ Ի վերջո, կարողացանք իրականացնել, ինչի համար շնորհակալ եմ Աստծուն  եւ այն մարդկանց, ովքեր կողքիս էին եւ քաջալերում էին ինձ։ 

Ինձ համար առավել հաճելի է աշխատել երեխաների հետ։ Նրանք ամենաանկեղծն են։ Եթե ժպտում են, ուրեմն անկեղծ են, եթե լացում են, էլի անկեղծ են։ Այդ ամենը դրոշմվում է կադրում։ Մենք՝ մեծահասակներս, ամեն ինչ անում ենք ավելի լավը երեւալու համար, իսկ փոքրիկներն ուղղակի հաճույք են ստանում պրոցեսից։ 
 


Նկարներում ազգային տարրերի գերակշռությունը, երկինքը, եռագույնը եւ մեծ սերը՝ Արարատը…

Արարատի հանդեպ սերն ուրիշ թեմա է: Երազում եմ մի օր մյուս կողմից տեսնել Արարատը, բայց՝ ոչ որպես հյուր։ Աննկարագրելի զգացողություններ եմ ապրում Արարատին նայելիս. հպարտություն, կարոտ, սեր, վրեժխնդրություն, ցավ… Գիտե՞ք, կարծես վերապրեմ այն ամենը, ինչ տեսել է մեր ազգը։  Երբ պարզ եղանակ է լինում, նայում եմ երկնքին ու ասում. «Հիմա Մասիսս ինչ գեղեցիկ կլինի...»: Պատահական չէ նաեւ իմ ստուդիայի տարբերանշանի ընտրությունը, որտեղ նույնպես պատկերված է Արարատը։ 
Երկինք նույնպես շատ եմ նկարում։ Մենք քիչ ենք նայում վերեւ: Փորձում եմ լուսանկարների միջոցով մարդկանց ավելի մոտ պահել երկնքին։ Հաճախ ամենագեղեցիկ երեւույթները հենց երկնքում են կատարվում։ Մայրամուտից գեղեցիկ միայն արեւածագը կարող է լինել: Իրականում այս թեմայով կարող եմ անվերջ խոսել…

Երազանքը…

Ես չեմ երազում լուսանկարել Փարիզը կամ Լոնդոնը։ Ես երազում եմ Արեւմտյան Հայաստանի մասին, տեսնել ու նկարել մեր պապերի հայրենիքը եւ հասանելի դարձնել դա մեր հաջորդ սերունդներին։ Այսօր այնպիսի մշակութային կոթողներ են ոչնչացվում այնտեղ, որ շատ ազգեր դարերով էլ ապրեն, նման բաներ չեն կարողանա ստեղծել։ Այդ ամենը պահպանել է պետք եւ փոխանցել սերունդներին՝ իբրեւ պատմություն եւ նորը ստեղծելու հիմք։ 



Հաջողության գրավականը…

Իմ հաջողության գրավականն իմ ազնիվ աշխատանքն է, սերն առ այն, ինչ անում եմ: