Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-12-2017
Մեթոդական աջակցություն Արցախի ՀԿ-ներին եւ երիտասարդներին
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակում է ՀՀ 2017 երիտասարդական մայրաքաղաք Չարենցավանում երիտասարդական տարբեր ծրագրերի եւ նախագծերի իրականացումը:

Դեկտեմբերի 14-ին նախարարության աջակցությամբ մեկնարկեց «Մեթոդական աջակցություն Արցախի Հանրապետության հասարակական կազմակերպություններին եւ երիտասարդներին» ծրագիրը: Չարենցավան ժամանած մի խումբ երիտասարդներ նախ ճանաչողական շրջայց իրականացրեցին Չարենցավանում, ապա այցելեցին Աղվերան, որտեղ  դեկտեմբերի 15-ից մեկնարկեց նրանց հետ տարվող աշխատանքային գործընթացը:   

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը, Ծրագրերի մշակման եւ իրականացման բաժնի պետ Արմենուհի Պետրոսյանը եւ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Հայրապետյանը մասնակիցներին ներկայացրեցին ծրագրի ընդհանուր դրույթները, ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հիմնարար փաստաթղթերը (հայեցակարգ եւ ռազմավարություն), ինչպես նաեւ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական պետական քաղաքականության շրջանակում իրականացվող ծրագրերը: 

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանը փաստեց, որ նմանօրինակ հանդիպումները շատ կարեւոր են. «Մենք շատ ուրախ ենք, որ Արցախի Հանրապետության երիտասարդներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցում են այս հանդիպմանը: Նախարարությունը միշտ կողմ է եւ պատրաստակամ աջակցել նմանաբնույթ կառուցողական հանդիպումների եւ ծրագրերի իրականացմանը»: 

Դեկտեմբերի 16-ին արցախցի երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու Հայաստանում (Դավիթ Հայրապետյան) երիտասարդական աշխատանքի ինստիտուտին, երիտասարդական աշխատողների վերապատրաստման ծրագրին, ինչպես նաեւ նրան, թե ինչպես են գործում երիտասարդական աշխատանքի ինստիտուտները Բելառուսում (Եկատերինա Սավչենկո) եւ Ղազախստանում (Այդար Համիդ): 

Պատկերասրահ՝ Երիտասարդական աշխատողների վերապատրաստում-2017