Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 17-12-2017
«Երիտասարդական աշխատողների վերապատրաստում-2017». ներկայացվեցին անհատական ծրագրերը
Մեկ ամիս առաջ տրվել էր ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից երիտասարդական աշխատողների եւ փորձագետների համար իրականացվող երիտասարդական աշխատողի վերապատրաստման 2017 թվականի ծրագրի մեկնարկը:
Վերապատրաստումն իրականացնելու համար հիմք է ծառայել ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի 2015 թվականի դեկտեմբերի 29-ի № 301-Ա/1 հրամանով հաստատված «Երիտասարդական աշխատողի վերապատրաստման ծրագիրը»: 

Ծրագրի մասնակիցները մենթորների օգնությամբ մոտ մեկ ամիս խմբերով մշակել են իրենց ծրագրերը: Դեկտեմբերի 16-ին Աղվերանում մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքները: Eritasard.am-ի թղթակիցը զրուցել է  խմբերի մասնակիցների հետ: 

1. Չարենցավան, Արմավիր, Մեծամոր եւ հարակից գյուղական համայնքների մարգինալացված երիտասարդների ինքնաճանաչման դասընթացների իրականացում (մենթոր՝ Կարեն Այվազյան, մասնակիցներ՝ Արմենուհի Հովհաննիսյան, Մելինե Այվազյան, Սեւակ Վարդանյան)
 
Արմենուհի Հովհաննիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրին մասնակցում է առաջին անգամ: «Ծրագիրը, ըստ էության, բաղկացած է 3 փուլից: Առաջին եւ երկրորդ փուլերը վերապատրաստումներ էին: Առաջինը՝ ի՞նչ է երիտասարդական աշխատանքը, ինչպե՞ս է առաջացել, ի՞նչ ռազմավարական եւ ընթացակարգային ուղղություններ ունի:  2-րդը պրակտիկ բնույթ ուներ: Փորձառու երիտասարդական աշխատողների կողմից իրականացվեց վերապատրաստման գործընթաց:  3-րդը մեզ թույլ տվեց արդեն գործնականում կիրառել 1-ին եւ 2-րդ փուլերում ձեռք բերած գիտելիքները: Ծրագիրը կարեւորում եմ, քանի որ փոփոխություններին ընդառաջ է ընթանում, ինքնին պարտադրում է կայանալ, աշխատել պրոֆեսիոնալ ձեւով, իրականացնել փորձի փոխանակում: Ինձ համար ամենահաճելի փուլերից մեկը մենթորների հետ աշխատանքն է, որը թույլ է տալիս բացահայտել քեզ ու քո թիմակիցներին: Իհարկե, մեծ էր նաեւ մենթորի գործառույթը: Կարեն Այվազյանը հստակ գիտեր, թե ինչպես պետք է աշխատել եւ աշխատեցնել խմբի անդամներին:  Մեր ծրագիրը եղել է դասընթացային, աշխատել ենք 2 համայնքում: Հաղորդակցման միջոցով ցանկացել ենք հիմք դնել համայնքների երիտասարդների միջեւ երկխոսությանը եւ միասին ծրագրեր իրականացնելու խնդիր դրել: Ճիշտ է, խնդիրը դասընթացով չի լուծվի, սակայն միջոց կհանդիսանա, որպեսզի մարդիկ կարողանային հաղորդակցվել, ընդ որում՝ արդյունավետ: Շարունակությունն իհարկե տեսնում ենք համագործակցության ձեւաչափով, որպես այդպիսին ներկա պահին կարողացել ենք ապահովել օնլայն հարթակի մակարդակով շփում: Պատրաստվում ենք օգտակար եւ մոտիվացնող տեղեկատվություններով մշտապես կիսվել: Մեր սպասելիքներն արդարացան, քանի որ այնպիսի երիտասարդներ էին հավաքվել, ովքեր բավականին ակտիվ էին եւ հիմա էլ շարունակում են ակտիվ հաղորդակցումը»: 
 
2. Կամավորության վերաբերյալ իրազեկման աշխատանքներ 16-20 տարեկան երիտասարդների համար Գյումրի քաղաքում (մենթոր՝ Աննա Եղոյան, մասնակիցներ՝ Գոռ Թորոսյան, Աննա Փերիխանյան, Մեսրոպ Գեւորգյան)
 
Գոռ Թորոսյանը ծրագրի մասին տեղեկացել է Erit.am-ից: Չի վարանել եւ առանց ժամանակ կորցնելու որոշել է դիմել, քանի որ նախկինում երիտասարդական ոլորտում որոշակի գործառույթներ է իրականացրել, անգամ՝ միջազգային մակարդակով: Այս ծրագիրը գիտելիքներն առավել հարստացնելու եւս մեկ հնարավորություն էր: 
 
«Մեր թեմայի գլխավոր նպատակն էր 16-20 տարեկան երիտասարդներին ներկայացնել եւ իրազեկել կամավորության մասին, թե ինչ է այն, ինչ առավելություններ է տալիս կամավորությունը, ինչու պետք է երիտասարդները զբաղվեն կամավորությամբ, ինչ դռներ այն կբացի եւ այլն: Ծրագիրն իրականացրեցինք Գյումրիում: Մեծ թվով երիտասարդներ մեծ հետաքրքրություն դրսեւորեցին եւ մասնակցեցին հանդիպմանը: Մենք մեր թիմով հասկացանք, որ հանդիպումը բավականին արդյունավետ էր, քանի որ 18 մասնակցից արդեն 7-8-ը դիմեցին «Արտ» երիտասարդական հասարակական կազմակերպությանը՝ կամավորական աշխատանք կատարելու համար: Հանդիպման ժամանակ մասնակիցներին ներկայացրեցինք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող մի շարք ծրագրեր, որոնք ուղղված են երիտասարդներին: Վստահ կարող եմ ասել, որ երիտասարդների մեծ մասն իր կամավորական գործունեության ընթացքում կստանա նոր փորձ ու գիտելիքներ, որոնք կլինեն ի նպաստ իրենց եւ իրենց համայնքի»,- նշեց Գոռ Թորոսյանը: 
 
3. Երիտասարդների մասնագիտական ընտրության եւ համալսարանական կրթության ուսումնասիրում. hետազոտություն (մենթոր՝ Հայկ Մամիջանյան, մասնակիցներ՝ Մխիթարյան Սմբատ, Տաթեւիկ Հովհաննիսյան, Շուշանիկ Սահակյան) 
 
Խմբի մասնակիցներից Սմբատ Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագրին առաջին անգամ է մասնակցում: Մեկնարկից ի վեր մեծ հետաքրքրություն է դրսեւորել ոլորտի նկատմամբ: 
 
«Ի տարբերություն մյուս խմբերի՝ մենք փորձեցինք մի փոքր այլ գործելաոճ ընտրել. այն է՝ անցկացնել սոցիալական հարցումներ եւ այդպիսով պարզել, թե ինչ խնդիր կա, եւ թե ինչ համակարգային լուծումներ կարելի է գտնել: Թեման ինքնին հետաքրքիր է, արդիական եւ որոշ չափով նաեւ անհանգստացնող: Կարեւոր էր հասկանալ, թե ինչ սկզբունքով եւ կողմնորոշվածությամբ են երիտասարդները մասնագիտություն ընտրում, եւ վերջապես ինչու պետք է բուհ ավարտել եւ ապա մեկնել արտերկիր՝ աշխատելու լրիվ այլ ոլորտում: Սրանք իսկապես անհանգստացնող հարցադրումներ են: Սոցիալական հարցումներն անցկացրեցինք Տավուշի մարզում: Անկեղծ ասած, մենք հարցումներից լրիվ ուրիշ արդյունքների էինք սպասում, սակայն ստացանք մի այլ պատկեր: Մենք կարծում էինք, որ երիտասարդներն ինքնուրույն չեն ընտրում մասնագիտություն, այլ կա ծնողական միջամտություն, սակայն հարցման մասնակիցների 95%-ից ավելին հենց ինքն է ընտրել: Կարող եմ ասել, որ մեր թիմը լավ աշխատանք է կատարել մեր մենթոր Հայկ Մամիջանյանի գլխավորությամբ: Վստահորեն կարող եմ ասել, որ ծրագիրն օգնեց առավել վստահ գործել, աշխատել թիմում, փորձ ձեռք բերել: Սա ինձ համար սկզբում օտար, մի փոքր էլ անհասկանալի ոլորտ էր, սակայն հիմա հասկանում եմ, որ հարազատ ոլորտ է դարձել, ու ապագայում ցանկանում եմ աշխատանքներս շարունակել այս ոլորտում»,- փաստեց Սմբատ Մխիթարյանը: 
 
4. Երիտասարդների գործազրկության նվազեցմանն ուղղված դասընթաց Վանաձորում՝ աշխատանք չունեցող 20-25 տարեկան երիտասարդների համար (մենթոր՝ Արթուր Նաջարյան, մասնակիցներ՝ Հռիփսիմե Պապիկյան, Գայանե Առաքելյան, Արտակ Ալոյան, Մելինե Անանյան) 
 
Հռիփսիմե Պապիկյանը  ծրագրին մասնակցում է որպես ՀԿ-ի ներկայացուցիչ: Թիմակիցների հետ աշխատանքային համագործակցություն է ծավալում նաեւ ծրագրի շրջանակից դուրս: Ծրագիրը հնարավորություն է տվել նոր գիտելիքներ ձեռք բերել ոչ միայն վերապատրաստումների ընթացքում, այլեւ մենթորի հետ շփումից:  
 
«Մենք նախապես ներկայացրել էինք մեր նախընտրելի թեմաները, որոնց շուրջ կցանկանայինք աշխատել: Անկախ իրարից՝ մենք թիմով ներկայացրել ենք երիտասարդների զբաղվածության խնդիրը: Մենք մի շարք հետազոտություններ ենք իրականացրել, որոնք փաստեցին, որ երիտասարդները խնդիրներ ունեն աշխատանքային շուկա մուտք գործելու առումով: Շատերը չգիտեն, թե ինչպես պետք է գրագետ դիմել աշխատանքի ընդունվելու համար, ներկայանալ հարցազրույցի, ինչը կարեւոր է գործատուի եւ աշխատաշուկայի համար: Երիտասարդներն իսկապես դրա կարիքն ունեին: Մենք իրականացրեցինք նաեւ կարիքի գնահատում, հետազոտություններ, ուսումնասիրություններ եւ հանգեցինք այն տեսակետին, որ մեր առաջ քաշած խնդիրն իսկապես կա: Կիրառեցինք ֆեյսբուքում հայտնի #ԳործԿա հաշթեգ-անվանումը: Գիտե՞ք, մարդկանց շրջանում այն կարծրատիպն է, որ Հայաստանում գործ չկա, այլ կան շատ խնդիրներ, խոչընդոտներ, ուստի մարդիկ աշխատանք փնտրելու ու գտնելու անգամ փորձ չեն անում: Ինչ խոսք, սա մտահոգիչ է»,-նշեց Հռիփսիմե Պապիկյանը: 
 
5. «Մի՛ վտանգիր». դեռահասների շրջանում կանխարգելել ճանապարհային երթեւկության կանոնների խախտումները  (մենթոր՝ Քրիստինե Ասատրյան, մասնակիցներ՝ Մարիամ Սուքիկյան, Լուսինե Սարգսյան, Մարիամ Ավետիսյան)
 
Մարիամ Սուքիկյանը եւս առաջին անգամ է մասնակցում ծրագրին եւ կարծում է, որ դա շատ մեծ փորձ ու հնարավորություն էր ոչ միայն ինքնադրսեւորվելու, այլեւ գիտելիքներ ձեռք բերելու առումով: Ակնկալիքներն արդարացել են. ունեցել է լավ թիմ, լավ մենթոր, ինչը, ըստ նրա, կարեւոր է: 
 
«Մենք մեր խմբով որոշեցինք մեր ծրագիրն իրականացնել սեմինարի միջոցով, որի ժամանակ աշակերտներին ու ուսանողներին փորձել ենք իրազեկել, թե ինչպես պետք է պահպանել երթեւեկության կանոնները: Ծրագիրն իրականացրել ենք Գյումրիում՝ հաշվի առնելով այն փաստը, որ հենց Գյումրիում են տեղի ունենում ճանապարհային երթեւեկության շատ խախտումներ: Ներառել ենք նաեւ փորձագետի, ով մանրակրկիտ ներկայացրել է ոչ միայն վարորդի գործառույթներն ու իրավունքները, այլեւ հետիոտնի: Կարծում եմ, որ մենք թիմով կարողացել ենք իրականացնել մեր առջեւ դրած խնդիրը»,- նշեց Մարիամ Սուքիկյանը: 
 
6. «Բիզնես պլանավորում եւ իրագործում» դասընթացների կազմակերպում՝ 20-25 տարեկան երիտասարդների համար (մենթոր՝ Արսեն Սիմոնյան, մասնակիցներ՝ Տիգրանուհի Մինասյան, Անահիտ Թումանյան, Արմինե Բարսեղյան)
 
Տիգրանուհի Մինասյանը եւս ծրագրին մասնակցել է փորձ ձեռք բերելու եւ գիտելիքները խորացնելու նպատակով: Ըստ նրա՝ ծրագիրն ինքնին ոգեւորիչ եւ խթանիչ է ինքնազարգացման համար: Թիմակից Անահիտը նշեց, որ թեմայի ընտրության հարցում չեն վարանել, քանի որ կարծում են, որ այն արդիական է: 
 
«Փորձել ենք լսարանին ներկայացնել, թե ինչ է բիզնես նախագիծը, ինչի հիման վրա է կառուցվում, ինչ ռազմավարական ուղղություններ կան: Կիրառել ենք ոչ ֆորմալ կրթական մեթոդը: Կարծում եմ, որ այն ժամանակահատվածում, որի ընթացքում աշխատել ենք, հնարավոր է եղել իրականացնել այն, ինչ մտածել ենք: Իհարկե, մեր մենթորը՝ Արսեն Սիմոնյանը, մեզ հետ մեծ աշխատանք է տարել: Հատկապես կարեւորում եմ այն հանգամանքը, որ յուրաքանչյուրիս տեսակետն ու կարծիքը լսելի են եղել»,- նշեց Անահիտ Թումանյանը: 

Պատկերասրահ՝ Երիտասարդական աշխատողների վերապատրաստում-2017