Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի և համացանցից
Տեղադրվել է 17-12-2017
Լավագույն գրքերը՝ հայ ընթերցողներին
Հայաստանյան գրախանութները համալրվում են բացառիկ եւ յուրահատուկ հրատարակություններով: Միայն դեկտեմբերի 16-ին Երեւանում մի քանի գրքերի շնորհանդես անցկացվեց:

Աշխարհում ամենաընթերցվող ու ամենասիրելի վեպերից մեկը՝ հայտնի գերմանացի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր»-ը, թարգմանվել է հայերեն: Գրքի շնորհանդեսը դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում: Վեպը թարգմանվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ, գերմաներենից թարգմանությունը կատարել է Վանուհի Բաղմանյանը: 

Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը պատերազմի հետքերն իրենց վրա կրող երիտասարդների մասին պատմություն է: Ռոբերտ Լոհքամփի, Օտտո Քյոսթերի եւ Գոթֆրիդ Լենցի ընկերությունը կոփվել է պատերազմի դաշտում: Կորցնելով շատ հարազատ մարդկանց, տեսնելով մահը, կյանքի համար պայքարը, ցավը, զգալով վախն իր գերագույն արտահայտությամբ՝ ընկերներն ամուր կառչած են իրարից, նրանց հիշողությունները, տառապանքները եւ ճակատագրերը շատ նման են իրար:
Ռեմարկի «Երեք ընկեր» ստեղծագործությունը համաշխարհային գրականության գլուխգործոցներից է: Այն ամբողջովին կենսասիրության մղում է: Աչքի է ընկնում խորության բազմաշերտությամբ, որն այդ գիրքը սիրելի է դարձնում յուրաքանչյուր ընթերցողի համար: Դա գրականության այն բացառիկ նմուշներից է, որը երբեւէ չի կարող ժամանակավրեպ դառնալ:



«Ռեմարկը 20-րդ դարի ամենահայտնի գրողներից է, նրա նկատմամբ առկա է մեծ հետաքրքրություն: Առհասարակ դժվար է Ռեմարկին թարգմանելը, քանի որ հեղինակն իր ապրումներն ու զգացմունքներն է ներկայացնում: Այս առումով թարգմանչի համար շատ պատասխանատու է: Կարելի է ասել՝ թարգմանելիս Ռեմարկի կյանքն էլ եմ կարծես ապրել: Յուրաքանչյուր ստեղծագործության մեջ կա գլխավոր նախադասություն, որն ապահովում է վեպի գաղափարը: Այս վեպում դա, կարծում եմ, հետեւյալն է. «Քսաներորդ դարի երեսին կա՛մ պետք է ծիծաղել, կա՛մ լուրջ ընդունելով՝ ինքնասպան լինել»»,- շնորհանդեսի ընթացքում նշեց գրքի թարգմանիչ Վանուհի Բաղմանյանը: Ի դեպ, Ռեմարկը թարգմանչի սիրելի գրողներից է: 

«Էդիթ Պրինտ» հրատարակչության մարքեթինգի տնօրեն Շավարշ Կարապետյանի խոսքով՝ «Երեք ընկեր»-ը գործ է կենսասիրության, իրական սիրո, ընկերության, արիության մասին. «Ռեմարկի ստեղծագործությունները հրատարակելու իրավունքները ձեռք են բերվում առաջին անգամ: Մենք հայերեն թարգմանելու եւ հրատարակելու ենք հեղինակի բոլոր ստեղծագործությունները: Էրիխ Մարիա Ռեմարկը ամենասիրված, ամենապահանջված հեղինակներից է»: 



Դեկտեմբերի 16-ին տեղի ունեցավ նաեւ թուրք գրող Բիրգյուլ Օղուզի «Հահ» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը: «Հահ» վեպը 2014-ին արժանացել է Եվրամիության Գրական մրցանակին եւ արդեն թարգմանվել տասնյակից ավելի լեզուներով։ 

Բիրգյուլ Օղուզն ասում է՝ «ՀԱՀ»-ը հոր մահն ու նրա իդեալների կորուստը սգացող երեք քրոջ՝ Գյուլի, Գյուլնիգյարի եւ Ռույայի հոգեւոր ճամփորդությունն է։ Վեպ-պատմվածաշարի յուրաքանչյուր պատումն ազդու խորհրդածություն է վշտի թեմայով, հափշտակող մտապատկերների ոգեկոչում, ապշեցուցիչ դրամատիկ տրամադրությունների՝ զայրույթի, սիրո, հիասթափության, քմայքների, քնքշանքի եւ կարոտի հերթագայություն։

Հայերեն թարգմանությունն իրականացվել է համագործակցային թարգմանչական դպրոցի շրջանակում, որին հեղինակն ինքը մասնակցել է։ Վեպի թարգմանիչներն են Արփի Աթաբեկյանը, Նարինե Թադեւոսյանը, Անի Սարուխանյանը, Արտակ Շաքարյանը, Վարդուհի Բալյանը, Տաթեւիկ Սարգսյանը, Սաթենիկ Պետրոսյանը, իսկ խմբագիրները՝ Զավեն Բոյաջյանն ու Արմեն Հայաստանցին։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես» հրատարակչությունը: