Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 18-12-2017
Կայացավ «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» ծրագրի ամփոփումը
Դեկտեմբերի 18-ին «DoubleTree by Hilton»-ում կայացան «Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» ծրագրի ամփոփիչ հանդիպումը եւ «Սեքսիզմ, նկատի՛ր, մի՛ լռիր, կանխի՛ր» խորագրով մրցանակաբաշխությունը։

Միջոցառման նպատակն էր ամփոփել ծրագրի ընթացքում արված աշխատանքները, ինչպես նաեւ ստեղծել կին քաղաքական գործիչների եւ ՀԿ ներկայացուցիչների համագործակցության հարթակ՝ կանանց քաղաքական եւ տնտեսական մասնակցության առաջնահերթությունները քննարկելու եւ պետական քաղաքականության համատեքստում լուծումներ գտնելու նպատակով:

«Խթանելով կանանց քաղաքական մասնակցությունը Հայաստանում» ծրագիրն իրականացվում է «ՕքսԵՋեն» երիտասարդության եւ կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի, WomenNet.am տեղեկատվա-վերլուծական պորտալի, «Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի համագործակցությամբ, ինչպես նաեւ Շվեդիայի Կառավարության ֆինանսական աջակցությամբ: 



Ծրագրի հիմքում ընկած է «ՕքսԵՋեն» կազմակերպության կողմից Օքսֆամի աջակցությամբ 2015-2016 թթ. իրականացրած «Հավասար. տնտեսական հզորացումից դեպի քաղաքական մասնակցություն» ծրագիրը:

«ՕքսԵՋեն» հիմնադրամի շահերի պաշտպանության եւ քաղաքականության պատասխանատու Անուշ Խաչատրյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում մի շարք մանրամասներ ներկայացրեց միջոցառման եւ տարված աշխատանքների մասին: 



«Այս տարի ունեինք ՏԻՄ, ԱԺ եւ Երեւանի ավագանու ընտրություններ: Ուստի փորձում էինք ցույց տալ, թե ինչպես են դրանք անցել կին թեկնածուների համար, ինչ խոչընդոտների են նրանք հանդիպել, արդյոք կուսակցությունների քաղաքական օրակարգերը ներառել են նաեւ կանանց հիմնախնդիրները, արդյոք ընտրված կանայք պատկերացնում են խնդիրների ողջ խորությունը, որոնք ունեն մեր կին բնակիչները, եւ արդյոք նրանք պատրաստ են ներկայացնել, բարձրաձայնել այդ խնդիրները՝ դառնալով կանանց իրավունքների պաշտպան: Ներկայացնում ենք նաեւ մեր ծրագրի կարեւոր բաղադրիչներից մեկի՝ «Հավասար» քարոզարշավի գրանցած հաջողությունները, դժվարությունները: «Հավասար» քարոզարշավը հանդիսացել է կանանց իրավունքների, բազմաթիվ խնդիրների բարձրաձայնման հարթակ: Այդ քարոզարշավի ընթացքում լուսաբանել ենք կին թեկնածուների օրակարգերը, կենսագրական տվյալները, նրանց հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ ներկայացրել ենք տարբեր միջազգային հետազոտություններ, ընդ որում՝ սեքսիզմի, բռնության, կանանց իրավունքների, խտրականության հետ կապված: 



Ծաղրանկարների մրցույթը եւս «Հավասար» քարոզարշավի մի մասն է կազմում: Այն ունի հստակ նպատակ՝ ցույց տալ, թե որքան շատ սեքսիզմ եւ խտրականություն կա մեր շրջապատում, որը հաճախ աննկատ է մնում մարդկանց կողմից: Ուստի որոշում կայացվեց անցկացնել նման մրցույթ, որի միջոցով մարդիկ առավել ակնառու պատկերացում կազմեն, թե ինչ է սեքսիզմը, ինչպես է դրսեւորվում: Պետք է նշեմ, որ ծաղրանկարներն ինքնին փաստեցին խնդրի խորությունը: Շատերը չգիտեն, թե ինչ է սեքսիզմը, պատկերացում չունեին, թե ինչի մասին է խոսքը: Սա եւս մեկ անգամ վկայեց, որ մեդիայում հնարավորինս շատ պետք է խոսել սեքսիզմի մասին, որպեսզի մարդիկ ճիշտ պատկերացում կազմեն: Մեդիայի դերը շատ կարեւոր է հատկապես լուսաբանման մոտեցման հարցում, քանի որ մեդիան շատ հաճախ դառնում է սեքսիզմի վերարտադրող»,- նշեց Անուշ Խաչատրյանը:

«Ընտանիքի Ակադեմիա» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Գոռ Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ «Հավասար» քարոզարշավն իր գործունեության 3-րդ տարին է թեւակոխում, եւ անցյալ տարի, ի թիվս բազմաթիվ աշխատանքների, (գերակշիռ մասն ուղղված էր կանանց քաղաքական մասնակցության ակտիվացմանն ինչպես ԱԺ-ում, այնպես էլ ՏԻՄ-ում) զուգահեռ տարվեց նաեւ ստեղծագործական գիծ, որը լրագրողական նյութերի մրցույթն էր, իսկ այս տարի՝ ծաղրանկարների:



«Այդ ծաղրանկարները պետք է ներկայացնեին սեքսիզմը, այսինքն՝ սեռի հատկանիշով խտրականությունը կյանքի տարբեր իրավիճակներում՝ քաղաքական ոլորտում, մեդիայում, առօրյայում, աշխատաշուկայում եւ այլն: Խնդիր էր դրվել ստեղծագործաբար մոտենալ եւ ներկայացնել այլընտրանքային ճանապարհով, այս դեպքում՝ ծաղրանկարներով: Պլանավորել էինք ունենալ ժյուրի, որում ընդգրկված կլինեին գենդերային հարցերով փորձագետներ, արվեստագետներ եւ այլք, սակայն մեզ համար տեղի ունեցավ անսպասելի շրջադարձ: Մենք ստացանք մասնակցության  36 հայտ եւ հասկացանք, որ մեր թիմն անելիք չունի, որովհետեւ, ցավոք սրտի, այդ 36 հայտից 33-ը պարզապես որեւէ կերպ կապված չէր մրցույթի հետ: Մասնակիցները ներկայացրել են նկարներ, որոնք չեն համապատասխանել սեքսիզմի գաղափարին: Նկարներում առկա էր սեքս, գռեհկաբանություն եւ այլն: Իհարկե, գեղարվեստական տեսանկյունից կային փայլուն աշխատանքներ, բայց՝ ոչ սեքսիզմի գաղափար արտահայտող: Մրցույթը եւս մեկ անգամ փաստեց, որ մարդկանց՝ սեքսիզմի մասին իրազեկվածության մակարդակը շատ ցածր է: Մենք կարծում էինք, որ գոնե արվեստագետները, տեսնելով «իզմ» վերջավորությունը, կհասկանան, որ խոսքն ինչ-որ ուղղության մասին է: Այդպիսով մենք ունեցանք 3 հաղթող, ընդ որում` 1 հայտատուի ուղարկած 3 աշխատանքն էլ ներառել ենք մրցույթում»,- պարզաբանեց Գոռ Պետրոսյանը:



Այն հարցին, թե ինչն է տեղեկատվության պակասի հիմնական խնդիրը, նա փաստեց, որ մենք իրականում կարդալ չենք սիրում, իսկ այդ մասին եւս մեկ անգամ վկայել են մրցույթի մասնակցության առնչությամբ ստացված զանգերը, մինչդեռ հայտարարությունում ամեն բան հստակ գրված է եղել: Գոռ Պետրոսյանի խոսքով՝ ընտրված ծաղրանկարները լավագույնս են արտացոլում սեքսիզմի դրսեւորումները: 

Մրցույթի հաղթողներից մեկն Անուշ Գրիգորյանն է, ով ուղարկել է 3 աշխատանք եւ հաղթել է այն նկարը, որի դեպքում երբեք չէր մտածի, որ կհաղթի: Անուշ Գրիգորյանի հավաստմամբ՝ ծաղրանկարում չի ցանկացել կնոջ ու տղամարդու կերպարը ներկայացնել սիմվոլիկ` կին եւ տղամարդ կերպարներով, այլ փորձել է պատկերել ստանդարտներից մի փոքր դուրս: 



«Աշխատել եմ գույն չօգտագործել: Ինչպես գիտենք, սեւն ու սպիտակը եւս գույներ չեն համարվում: Բացի դրանից՝ փորձել եմ ներկայացնել պարզ, քանի որ կարծում եմ, որ պարզությամբ ավելի շատ բան կարելի է ասել: Կարծում եմ, որ ծաղրանկարները եւ առհասարակ նկարները շատ ավելին կարող են ասել, քան խոսքը: Դրանք մարդկանց կողմից ավելի լավ են ընկալվում, հասկանալի են: Իհարկե, շատ եմ մտածել, թե ինչպես պատկերեմ, որ առավել հասկանալի լինի, ի վերջո ստացա հենց այս պատկերը»,- ասաց Անուշ Գրիգորյանը:

Նշենք, որ ծաղրանկարների մրցույթը կրում էր «Սեքսիզմ, նկատի՛ր, մի՛ լռիր, կանխի՛ր» խորագիրը: Հաղթող ծաղրանկարների հեղինակներն արժանացան մրցանակների: