Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-12-2017
2018-ի ամենասպասված 10 ֆիլմերը
2018-ի ամենասպասված ֆիլմերի ցանկը շատ մեծ է: Մի բան պարզ է՝ կինոսերներն ամբողջ տարվա ընթացքում կկարողանան վայելել տարաբնույթ ժանրերի յուրահատուկ եւ տարբերվող կինոնկարներ:

Ֆենթզիից մինչեւ դրամա, մարտաֆիլմերից մինչեւ կոմեդիաներ. Eritasard.am-ն առանձնացրել է գալիք տարվա թոփ 10 ամենասպասված ֆիլմերը: 


«Լաբիրինթոսում վազողը. դեղ մահվան դեմ» (2018 թ. հունվար)

Այս ֆիլմը «Լաբիրինթոսում վազողը» ֆրանշիզի երրորդ եւ եզրափակիչ մասն է: Թոմասի գլխավորությամբ ֆիլմի հերոսները պետք է վերջին անգամ բախվեն W.C.K.D. կազմակերպության հետ՝ փորձելով գտնել հիվանդության դեմ դեղ: Հիվանդություն, որը ոչնչացրել է մոլորակի բնակչությունը:


«Սեւ հովազը» (2018 թ.փետրվար)

Առաջին հայացքից թվում է, թե Վաքանդան վայրի Աֆրիկայի սովորական տարածք է, բայց այդպես չէ։ Այդտեղ՝ հողի ընդերքում են գտնվում արտասովոր մետաղի հանքերը, որն ունակ է կլանել թրթռումը։ Շատերն են փորձել հասնել դրանց՝ ճանապարհին չխնայելով ոչինչ, սակայն ամեն անգամ սավաննայի գաղտնի ոգին՝ Սեւ հովազը, պաշտպանել է ճնշվածներին։ 


«Դամբարաններ թալանողը: Լարա Քրոֆթ» (2018 թ.մարտ) 

Ֆիլմը պատմելու է Լարա Քրոֆթի առաջին գիտարշավի մասին: Աղջիկը պատրաստվում է ավարտել իր հոր կողմից սկսված հնագիտական ուսումնասիրությունը: Նրան հետաքրքիր բացահայտումներ են սպասվում…

Այս անգամ Լարա Քրոֆթին մարմնավորելու է Ալիսիա Վիկանդերը: Կինոնկարի նախորդ տարբերակներում Լարա Քրոֆթին մարմնավորում էր հայտնի հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին: 


«Վրիժառուները: Անվերջության պատերազմ» (2018 թ.մայիս)

Վրիժառուները, որոնք մասնատվել էին «Կապիտան Ամերիկա։ Քաղաքացիական պատերազմ» ֆիլմում, հետո միավորվում են Գալակտիկայի պահապանների հետ, որպեսզի պայքարեն Թանոսի դեմ, որը փորձում է հավաքել անվերջության քարերն իր ձեռնոցի համար: Քարերը թույլ կտան նրան փոխել իրականությունը…

Marvel-ի երկրպագուների, թերեւս, ամենասպասված ֆիլմն է: 


«Դեդփուլ 2» (2018 թ.հունիս)

«Դեդփուլ» ֆիլմի երկրորդ մասի ստեղծումը կանխատեսելի էր. առաջին մասն ունեցավ ցնցող ու չտեսնված հաջողություն: Ռայան Ռեյնոլդսը հանդես է գալիս Դեդփուլի դերում: Վերջինս շատախոս վարձու մարդասպան է, ով արագ բուժվելու գերբնական հատկություններ ունի, սակայն մուտացիայից հետո նրա արտաքինը այլանդակվել է: Երկրորդ մասում Դեդփուլին սպասվում են անսպասելի արկածներ…


«Օուշենի 8 ընկերուհիները» (2018 թ. հունիս)

Նմանատիպ ֆիլմ ստեղծելու ցանկություն վաղուց կար՝ մանավանդ հաշվի առնելով Ջորջ Քլունիի մասնակցությամբ եւ Օուշենի ընկերների մասին պատմող հանրահայտ կինոնկարի հաջողությունը: Այս անգամ գլխավոր հերոսուհին՝ Դեբբին, Օուշենի քույրն է, ով մտադրվում է կողոպուտ կազմակերպել եւ իր շուրջն է համախմբում եւս վեց համախոհների:

 


«Յուրայի դարաշրջանի աշխարհը 2» (2018 թ. հունիս)

Եթե դուք սիրում եք ֆիլմեր դինոզավրերի եւ հին ժամանակաշրջանի մասին, ապա այս կինոնկարին, անկասկած, երկար եք սպասել: Նախորդ կինոնկարի դեպքերից անցել է 4 տարի: Դինոզավրերը հանգիստ ապրում են Նուբլար կղզում, սակայն հանկարծ կղզու հնագույն հրաբուխը ժայթքում է: Այն սպառնում է ոչնչացնել կղզու կենդանիներին…



«Առաքելությունն անիրագործելի է 6» (2018 թ.հուլիս)

Ֆիլմի մասին դեռ ոչինչ հայտնի չէ, անգամ թրեյլերը չկա, բայց դա չի նշանակում, որ այն սպասված չէ: Մի բան հստակ է՝ գլխավոր դերում կրկին Թոմ Քրուզն է, ով, ի դեպ, վիրավորվել էր նկարահանումների ժամանակ:  


«Ֆանտաստիկ գազաններ. Գրինդեւալդի հանցագործությունները» (2018 թ. նոյեմբեր)

Հարրի Փոթերի մասին պատմող կինոֆրանշիզի սիրահարների ամենասպասված ֆիլմն է: Գրինդեւալդին հաջողվում է փախչել Հյուսիսային Ամերիկայի Մոգության Կոնգրեսից, եւ նա սկսում է համախոհներ հավաքել, որոնց մեծամասնությունը չգիտի նրա մտադրության մասին, այն է ՝այնպես անել, որ զտարյուն մոգերը իշխեն մնացածին: Որպեսզի կանգնեցնի հանցագործին, Ալբուս Դամբլդորը դիմում է Հոգվարթսի նախկին ուսանող Նյուտ Սալամանդերին: Հերոսը, իհարկե, համաձայնում է, բայց նա չի էլ պատկերացնում վտանգի աստիճանը… Ֆիլմի թրեյլերը դեռեւս հասանելի չէ:


«Իքս Մարդիկ.Մռայլ Փյունիկ» (2018 թ. նոյեմբեր)

«Իքս Մարդիկ» կինոֆրանշիզի հերթական մասը պատմելու է Մռայլ Փյունիկի կայացման մասին: Ֆիլմի մասին շատ բան հայտնի չէ, թրեյլերն էլ դեռ չկա, սակայն այն նկարահանողները խոստանում են՝ Իքս Մարդկանց սիրահարների համար այս կինոնկարն իսկական նվեր է լինելու: