Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Գագիկ Ավետիսյանի եւ ընտանեկան արխիվից
Տեղադրվել է 21-12-2017
«Խրամատից` հավերժություն». սերժանտ Ադամ Սահակյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:

Այս անգամ շարքի հերոսը սերժանտ Ադամ Սահակյանն է, ով  Վարազաթումբ (Լալայկա) կոչվող բարձունքի վրա տեղակայված 112 մարտական դիրքի ավագն էր: 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերոնշյալ դիրքի` հանկարծակի սկսված հրետակոծությունից հետո Ադամ Սահակյանի գլխավորությամբ անձնակազմն անցել է շրջանաձեւ պաշտպանության, ապա ժամեր շարունակ գիտակցված, աննահանջ պայքար մղել՝ կյանքի գնով կասեցնելով թշնամու առաջխաղացումը եւ գզգալի կորուստներ պատճառելով նրան: Դիրքի անձնակազմը համառ պայքարի շնորհիվ նաեւ ժամանակ է շահել, որպեսզի հայկական ստորաբաժանումները կարողանան վերջնականապես հետ մղել թշնամու գրոհը: 

ՀՀ նախագահի հրամանագրով՝ Ադամ Սահակյանը պարգեւատրվել է «Արիության», ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: 



Ադամը պիտի՛ գա…

Ապրիլյան պատերազմին հաջորդած օրերին, երբ ընկած տղերքի կորստի՝ արդեն բոլորինս դարձած ցավը շարունակում էր սաստկանալ, համացանցում մի լուսանկար հրապարակվեց՝ գրառմամբ. հեղինակը գրում էր, որ լուսանկարի հրեշտակի դեմքով զինվորն Ադամն է, ով արդեն 7 օր է՝ անհետ կորած է իր մարտական ընկերների հետ: 

«Հրեշտակի դեմքով» զինվորը դարձավ բոլորիս հարազատը, որդին, եղբայրը, ընկերը…  Նրան կորցնելու կսկիծն ավելի շոշափելի դարձավ, ավելի անձնական, գտնելու հավատը՝ համընդհանուր՝ Ադամը պիտի՛ գա…



…Մայրաքաղաքի սրտում՝ Աբովյան փողոցի սկզբնամասում, կամարաձեւ մուտք կա, որն անցնելուց հետո հայտնվում ես երեւանյան հին բակերից մեկում: Տունը, որտեղ ծնվել է Ադամը, շատերի համար հարազատ օջախ է դարձել. ծանոթ ու անծանոթ մարդիկ, հուշատախտակի մոտ մի պահ կանգ առնելով, թակում են Ադամի տան դուռը: Խաչատուր Սահակյանի եւ Գայանե Անտոնյանի օջախի ջերմությունն այնքան խիտ է, այնքան առատ, որ ոչ մի կերպ չի տեղավորվում սենյակի պատերի ներսում: Ամեն մեկն այդ ջերմությունից ու լույսից մի բաժին վերցնում է իր հետ: Տանում է՝ այդ լույսով ապրելու: 

Ադամը մշեցու ժառանգ էր: Ինչպես մայրը՝ տիկին Գայանեն է պատմում. «Պապս մշեցի էր: Նորածին երեխա է եղել, երբ ընտանիքը ջարդերից մազապուրծ՝ հասել է Գյումրի: Գաղթի ճանապարհին թուրք զինվորականները խլել են նրա բարուրը մոր գրկից եւ նետել ձյան մեջ, ինչի հետեւանքով ծանր հիվանդացել է եւ կորցրել աչքը: Պապս պարզապես ատում էր թուրքերին»



Գուցե նաեւ մեծ պապի՝դեռեւս չլուծված վրեժն է Ադամին հերոսության մղել. ո՞վ գիտե: 

Ծնողները հետաքրքիր օրինաչափություն են նկատել. Ադամի կյանքի բազմաթիվ կարեւոր, բեկումնային իրադարձություններ կապված են եղել 9 թվի հետ. ծնվել է 1996 թ.-ի օգոստոսի 19-ին,  ծառայել 9-րդ ՊՇ-ում (Ջրական), զոհվել 19 տարեկանում: 

«Երբեմն պնդում են, որ նորածին երեխան չի տեսնում, բայց երբ գիրկս առա Ադամին, առաջին իսկ վայրկյանից սկսեց չափազանց ուշադիր զննել ինձ: Այնպիսի տպավորություն էր, որ արդեն ճանաչում էր: Ասես հասուն մարդ լիներ իմ գրկում, ում ես ինքս էլ ճանաչում էի շատ վաղուց»,- հիշում է մայրը: 



Աշխույժ, շարժուն, միեւնույն ժամանակ չափազանց կազմակերպված երեխա էր Ադամը թե՛ նախքան դպրոցը, թե՛  դպրոցական տարիներին: Ծնողները չեն կարողանում մտաբերել մի դեպք, երբ բակում կամ դպրոցում այնպիսի արարք թույլ տված լիներ, որ որեւէ մեկին անհանգստություն պատճառեր: Հետաքրքրված էր տարբեր մարզաձեւերով, եւ պատահական չէ, որ հաճախել է գեղարվեստական մարմնամարզության, կարատեի (դեղին գոտի է ստացել), գեղասահքի, լողի, բռնցքամարտի պարապմունքների: Ադամը սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցում, ավարտել 2013 թ.-ին եւ ընդունվել Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանի ճարտարապետա-դիզայներական ֆակուլտետ: 

«Երբ պատրաստվում էր համալսարան ընդունվելուն, ժամանակը խիստ սահմանափակ էր: Երբեմն պարզապես չէր հասցնում մարզադահլիճ հաճախել, սակայն լուծումը միշտ գտնում էր. մարզվում էր տանը, կատարում բոլոր վարժությունները, նաեւ ձգումները՝ դռան վերեւի հատվածում հատուկ ամրացված ձողի օգնությամբ: Ապա զբաղվում էր գծագրությամբ, իսկ այդ ընթացքում պարտադիր ականջակալներով երաժշտություն էր լսում՝ ազգագրական, հայրենասիրական երգերից մինչեւ ջազ եւ ռոք»,- պատմում է Ադամի հայրը՝ Խաչատուր Սահակյանը, եւ մատնացույց անում որդու՝ պատին փակցված նախահամալսարանական շրջանի աշխատանքները: 



«Ինչպես ասում են՝ զգում էր քաղաքի զարկերակը: Այս քաղաքի տղան էր,- շարունակում է մայրը,- հիմա էլ երբեմն ինձ թվում է՝ ուր որ է փողոցի մի անկյունից դուրս է գալու: Առհասարակ գործի մարդ էր Ադամը, միշտ շարժման մեջ: Դեպքից հետո շատ անծանոթ մարդիկ եկան մեր տուն եւ ասացին, որ ճանաչել են նրան: Ընկերասեր էր, ուներ նաեւ իրենից տարիքով մեծ  ընկերներ եւ բոլորի ու հատկապես դասընկերուհիների նկատմամբ չափազանց ուշադիր էր: Երբ ընկերները կոնֆլիկտային իրավիճակների մեջ էին հայտնվում, Ադամը միշտ առաջին շարքում էր. ձգտում էր ամեն ինչ անել, որպեսզի հաշտեցներ կողմերին»

Դուք զորացրվելու եք, տուն եք գնալու, հանկարծ ձեզ հետ մի բան չպատահի…

Ադամ Սահակյանը զորակոչվել է ԶՈՒ 2015 թ.-ի հունվարի 26-ին եւ ծառայության անցել Ջրականում (Ջաբրայիլ): Ծառայության մասին երբեք ոչինչ չէր պատմում: Ծնողներն անգամ չգիտեին, որ Ադամը մարտական հերթապահություն կրող ստորաբաժանման կազմում է: Զորամասում բոլորից, այդ թվում՝ մտերիմ ընկերներից ի սկզբանե թաքցրել է, որ կարողանում է նկարել եւ գծագրել, որպեսզի այլ հանձնարարություն չստանա եւ առանց որեւէ խոչընդոտի կարողանա բարձրանալ դիրքեր: 



Ծնողները դրվագ առ դրվագ հիշում են Ադամի ծառայակից ընկերների պատմած պատմությունները նրա  ընկերասիրության, անձնվիրության, մարդկային բարձր առաքինությունների մասին: Եվ այդ զրույցներն էլ ավելի ամբողջական են դարձնում հերոսացած զինվորի նկարագիրը:  Զորացրվել պատրաստվող ծառայակից ընկերների փոխարեն հաճախ ինքն է դիտակետում կանգնելու ցանկություն հայտնել՝ ասելով. «Դուք շուտով տուն եք գնալու, հանկարծ ձեզ հետ մի բան չպատահի»: Սակայն երբ հարցրել են՝ «Իսկ դո՞ւ»,  պատասխանը եղել է կարճ ու կտրուկ. «Ես՝ ոչինչ»: 

«Տղաները պատմում էին, որ դիրքերում անգամ հանգստի պահին, երբ կասկածելի ձայն էր լսում, անմիջապես զենքը վերցնում ու վազում էր առաջ՝ բոլորին հետ պահելով: Երբեմն փորձում եմ հասկանալ՝  ի՞նչ է մտածել այդ պահերին. չէ՞ որ լիովին գիտակցել է, թե ինչ կարող է լինել: Երբեմն ասում են՝ տղաները չեն մտածել ծնողների մասին: Իրականում Ադամը եւ իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած տղաները պարզապես ընտրյալներ են, նրանք յուրահատուկ տեսակ են եւ, վստահաբար, մտածել են իրենց ծնողների մասին գուցե ավելի շատ, քան շատերը»,- ասում է տիկին Գայանեն: 



Տղաներն արեցին առավելագույնը, անհնարինը…

Ադամը վերջին անգամ ծնողների հետ կապ է հաստատել 2016 թ.-ի ապրիլի 1-ի երեկոյան, զգուշացրել, որ հնարավոր է` մի քանի օր չկարողանա զանգահարել՝ հավելելով՝ «Դուք գիտեք, թե որտեղ եմ»: 

Ապրիլի 2-ի առավոտյան հայտնի դարձավ, որ արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով մարտական գործողություններ են սկսվել: Թե ինչպիսին էր իրավիճակն այն վայրում, որտեղ որդին էր ծառայում, ծնողները չգիտեին, կապ հաստատել չէին կարող, բայց ներքին համոզմունք կար. Ադամին ոչինչ չի պատահի: 



Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 2:30-ի սահմաններում, թշնամին հանկարծակի սկսել է հրետակոծել Վարազաթումբ կոչվող բարձունքի վրա տեղակայված եւ կարեւոր նշանակություն ունեցող դիրքը: Շուրջ 20 րոպե սաստիկ հրետակոծությունից հետո դիրքի ավագ Ադամ Սահակյանի հմուտ ղեկավարությամբ անձնակազմն անցել է շրջանաձեւ պաշտպանության: Կարճ դադարից հետո դիրքի վրա հարձակվել են ադրբեջանցի հարյուրավոր գրոհայիններ, որոնց դեմ Ադամի դիրքի անձնակազմն առանց նահանջելու համառ մարտ է վարել՝ ջարդելով թշնամու ողնաշարը եւ թույլ չտալով առաջխաղացումը, ինչը կարող էր հանգեցնել անդառնալի հետեւանքների: Ինչպես հետագայում հրամանատարներն են բնութագրել, Ադամը մարտը վարել է հմուտ զինվորականի նման: Տղաներն արել են առավելագույնը, անհնարինը: 

Թշնամու համար անգամ անակնկալ է եղել, որ հրետակոծությունից հետո դիրքի անձնակազմը կարողացել է  այդպիսի հակահարված հասցնել իրենց: Ադամը զորամասի հրամանատարության հետ վերջին անգամ կապ է հաստատել ժամը 08:00-ին, հաղորդել, որ անձնակազմը զոհվել է, ինքը մնացել է միայնակ: Ինչպես Խաչատուր Սահակյանն է պատմում, մոտ 20 րոպե անց Ադամի ռադիոկապով արդեն ադրբեջանցիներն են խոսել՝ ասելով, որ ոչնչացրել են բոլորին: 



Մարտիկ լինելը նրա կոչումն էր, պարզապես ճակատ էր պետք…

Ադամը լուսանկարվել չէր սիրում: Գրեթե չէր լուսանկարվում, առավել եւս՝ զինվորական համազգեստով ու զենքով, եթե անգամ իրեն կարոտած ծնողներն էին խնդրում: 

Ադամի տան պատն այժմ զարդարում է մի լուսանկար, որտեղ նա երեւում է իր ամբողջ հաղթ հասակով. զգաստ ու հպարտ կանգնած է դիրքում՝ զրահաբաճկոնով ու սաղավարտով: Լուսանկարը մի քանի ամիս առաջ են ուղարկել ծնողներին: Մարտական այդ դիրք այցելած լուսանկարիչներից մեկն է գտել իր արխիվում: 

Ծնողները մատնացույց են անում սաղավարտը, որ սովորականից փոքր-ինչ շատ է քաշել դեպի աչքերը: Աչքերը գրեթե չեն երեւում: Ընկերներն էլ պատմել են, որ սաղավարտը միշտ այդպես էր դնում: Հայրը ժպիտով նկատում է. «Ադամի նախասիրություններից մեկը պատմական ֆիլմեր դիտելն էր: Ընդ որում՝ կային ֆիլմեր, որոնք մեկ անգամ դիտելով չէր բավարարվում: Ավելին՝ ասես ապրում էր դրանցով, ոգեւորվում… Դրանցից էին՝ «300 սպարտացիներ», «Գլադիատոր»… Դեպքերից հետո ես բոլոր ֆիլմերը մեկ առ մեկ դիտեցի: Կարծում եմ՝ մարտիկ լինելը նրա կոչումն էր, պարզապես ճակատ էր պետք: Ֆիլմերը դիտելուց հետո ես մտածում եմ, որ սաղավարտն ամենայն հավանականությամբ աչքերին էր իջեցնում «300 սպարտացիներ» ֆիլմի մարտիկների սաղավարտների օրինակով»



Ուրի՛շ տղա, շնորհակալ եմ…

Եռաբլուրում՝ Ադամի շիրմաքարի մոտ, մի քանի անգամ սպիտակ ծալված թուղթ եմ նկատել, մոտեցել, բայց չեմ համարձակվել բացել. գուցե ուրիշի նամակը կարդալու կամ այդ պահին ցավին հաղորդակից լինելու անզորությունից: 

Սեղանի վրա տարբեր չափերի, տարբեր գույների թղթեր են: Դրանք այն նամակներն են, որ ծնողները գրեթե ամեն այցելության ժամանակ գտնում են որդու շիրմաքարի մոտ, բերում տուն ու սրտի դողով պահում անգամ ամենափոքր թղթի կտորը, մի քանի բառը: Բոլոր նամակները գրված են անծանոթ մարդկանց կողմից: Ու բոլորի մեջ անսահման թախիծ է ծրարված, լուսավոր թախիծ: Դրանք զրույցներ են Ադամի հետ: Երբեմն դժվար, անգամ անհնարին է կարդալ այդ նամակները: Առաջիններից մեկը, որ ծնողները գտել են Եռաբլուրում, հետեւյալ բովանդակությունն ունի. «Եռաբլուրում էլ մութ չի լինի, լույս Ադամին են բերել»: 



Երկարաշունչ նամակների կողքին փոքրիկ թղթի կտոր եմ նշմարում՝ վրան մի քանի բառ միայն. «Ուրի՛շ տղա, շնորհակալ եմ»

Մեկ ուրիշը գրել է. «Քո նվիրած գարնան առաջին օրը եկավ, ու որպես շնորհակալություն՝ քեզ մի փունջ ձնծաղիկ եմ բերել, Ադա՛մս»

«Ասում են՝ իսկական ընկերը նա է, ում հետ կիսում ես ամեն ինչ, հատկապես՝ տխրությունդ: Ճանապարհին մտածում էի՝ ո՞ւմ կդիմեի, եթե ունենայի անկիսելի թվացող մի բան, ասենք՝ տխրություն, ու չգտա մեկին՝ քեզնից բացի, ով միշտ կողքիս է՝ անկախ տրամադրությունից: Ես անսահման ուրախ եմ, որ դու կաս, իմ անգի՛ն ընկեր»,- կարդում եմ մեկ այլ նամակում: 



Շատերը հավաստիացնում են, որ Ադամի մասին մտքերն իրենց ուժ են տալիս, որ ապրում են Ադամով, անդադար մտածում նրա մասին, երազում որդի ունենալ ու Ադամ անվանել:

Եռաբլուրում նաեւ բազմաթիվ բանաստեղծություններ ու երգեր են թողնում, փոքր խաչեր, անգամ կոնֆետ…

Երբեմն այս ամենը գրքային է թվում, բայց իրական է, այնքան իրական, որքան սեղանին դրված տարբեր գույների ու ձեւերի նամակներն են, որքան մի նամակի մեջ կարդացածս տողն է, որ մեխվել է մտքերիս մեջ. «Շնորհակալ եմ քո չապրած գարուններն այս տեսակ շռայլությամբ ինձ նվիրելու համար»



Գուցե որդիս գնաց իր կոչման հետեւից, եւ ես իրավունք չունեմ խառնվելու նրա ճակատագրին 

«Միշտ մեղքի զգացողություն եմ ունեցել, թե ինչու այսպես եղավ: Ինչ-որ բան սխալ է. չէ՞ որ օրինաչափ չէ, երբ դու կաս, քո երեխան՝ ոչ,- ասում է տիկին Գայանեն,- մի անգամ երազ տեսա: Իբր ապրիլը նոր պիտի լիներ, մենք գիտեինք այդ մասին ու կարող էինք կանխել: Ասում էի. «Ադա՛մ ջան, մենք ամեն ինչ կանենք, որ կանխենք պատերազմը»: Որդիս պատասխանեց. «Դուք ոչինչ չեք կարող փոխել: Այդպես է ճիշտ, դուք մեղավոր չեք»: Դժվար է, անհնարին է նրա բացակայությունը: Պիտի կողքիս լիներ, ապրեր ու, անշուշտ, որեւէ ասպարեզում հաջողության կհասներ. դա իր տեսակն էր: Երբեմն էլ մտածում եմ՝ գուցե որդիս գնաց իր կոչման հետեւից, եւ ես իրավունք չունեմ խառնվելու նրա ճակատագրին»



Բարձունքը մերը չէ, տղերքն էլ՝ չկան…

Երգիչ, կինոդերասան Ռազմիկ Մանսուրյանի կատարմամբ Ադամին նվիրված «Զինվորի պատգամը» երգում մի այսպիսի տող կա. «Դաժան էր մարտը, հաղթել եմ կռվում, վկա է Աստված»:

Երկար մտածեցի. Ադամն իսկապես զոհվել է՝ իր կռիվը հաղթած: Չգիտեմ ինչու՝ հիշեցի նաեւ հայտնի բանաստեղծության տողերը՝ «Բարձունքը մերն է, տղերքը՝ չկան»

Այսօր, ցավոք, բարձունքը մերը չէ, տղերքն էլ՝ չկան, թեպետ հաղթել էին ընկնելուց առաջ: