Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-12-2017
Հենրիխ Մխիթարյանը՝ 8-րդ անգամ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգի քվեարկության արդյունքները:
Հայկական ֆուտբոլն այսօր ունի հպարտանալու մեկ առիթ՝ Հենրիխ Մխիթարյան: Հայաստանի ազգային հավաքականի ավագը, հավաքելով 190 միավոր, ճանաչվել է Հայաստանի 2017 թ. լավագույն ֆուտբոլիստ: «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի համար դա 8-րդ դեպքն է, երբ բարձունքին է եւ ճանաչվում է տարվա լավագույն ֆուտբոլիստ: Ի դեպ, Հենրիխ Մխիթարյանը նմանօրինակ պատվի արժանանում է 7-րդ անգամ անընդմեջ: 
 
Անցնող՝ 2017 թվականի ընթացքում Հենրիխ Մխիթարյանը նվաճել է Եվրոպայի լիգայի, Անգլիայի լիգայի գավաթները, ինչպես նաեւ ընդգրկվել է Եվրոպայի լիգայի մրցաշարի խորհրդանշական հավաքականում: Հենրիխ Մխիթարյանն այսօր ոչ միայն լավագույն հայ ֆուտբոլիստն է, այլեւ իր երկրի՝ Հայաստանի դեսպանը ֆուտբոլային աշխարհում:
 
«Հպարտ եմ, որ 8-րդ անգամ արժանանում եմ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը: Շնորհակալ եմ բոլորին այս բարձր պատվի համար: Առիթից օգտվելով՝ ցանկանում եմ շնորհավորել ամբողջ հայ ժողովրդին առաջիկա Ամանորի ու Սուրբ Ծննդյան օրվա կապակցությամբ: Թող 2018 թվականը մեր երկրի եւ ժողովրդի համար դառնա խաղաղության, բարեկեցության տարի: Հուսով եմ, որ 2018 թվականը նաեւ բեկումնային է լինելու մեր ֆուտբոլի համար, եւ Հայաստանի ազգային հավաքականի հետ նոր նվաճումներ ենք արձանագրելու»,- Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային այսպես է շնորհակալություն հայտնել Հենրիխ Մխիթարյանը:
 
Ի դեպ, Հայաստանի հավաքականի առաջատար ֆուտբոլիստը նաեւ «Facebook»-յան իր էջում է անդրադարձել թեմային. «Շատ հպարտ եմ, որ կրկին Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստն եմ: Շնորհակալ եմ բոլորիդ սիրո եւ իրական աջակցման համար: Իսկապես, ջերմություն եմ զգում, երբ տեսնում եմ հայկական եռագույնը, ուր էլ որ գնում եմ: Հուսով եմ՝ գալիք տարին բարեբեր կլինի մեր երկրի եւ ազգային հավաքականի համար»:
 
Հատկանշական է, որ տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ 39 քվեարկողներից 38-ը Հենրիխ Մխիթարյանի անունը նշել են առաջին տեղում: 35 միավորով երկրորդ տեղը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ մակեդոնական «Վարդարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը, ում անունը 10 անգամ նշվել է երկրորդ, 5 անգամ՝ երրորդ տեղում:
 
25 միավորով երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ռուսական «Ուրալ» ակումբի պաշտպան Վարազդատ Հարոյանը, ում անունը 7 անգամ նշվել է երկրորդ, 4 անգամ՝ երրորդ հորիզոնականում: