Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից եւ Գագիկ Ավետիսյանի
Տեղադրվել է 25-12-2017
«Խրամատից` հավերժություն». Տիգրան Բերակչյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:
Այս անգամ շարքի հերոսը շարքային Տիգրան Բերակչյանն է, ով 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԱՀ ՊԲ հարավային ուղղությամբ (Վարազաթումբ) թշնամու հանկարծակի ու լայնածավալ հարձակման ժամանակ զինակից ընկերների՝ 112 մարտական դիրքի անձնակազմի հետ համառ պայքար է մղել՝ զգալի կորուստներ պատճառելով նրան: Մի քանի ժամ շարունակ տեւած անհավասար մարտում դիրքի անձնակազմը հերոսաբար զոհվել է: Տիգրան Բերակչյանը ծառայակից ընկերների հետ օրեր շարունակ անհետ կորած է համարվել: 
 
ՀՀ նախագահի հրամանագրով՝ նա պարգեւատրվել է «Արիության», ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալներով: 



Իր աշխատավարձով դրամապանակ եւ ժամացույց էր գնել…
 
1997 թ.-ի մարտի 22-ին Էդուարդ եւ Եվգինե Բերակչյանների օջախում լսվեց առաջնեկի ճիչը. որդի լույս աշխարհ եկավ: Շուշանիկ տատը երազել էր իր կարդացած գրքերի հերոսների անուններով կոչել թոռներին, եւ նորածին տղան անվանակոչվեց Տիգրան՝ ի պատիվ Տիգրան Մեծ արքայի: 

Ջավախքյան արմատներ ունեցող Բերակչյանների ընտանիքը բնակություն հաստատեց Երեւանում՝ Քանաքեռում: Տիգրանը 2 տարեկան էր, երբ սկսեց հաճախել 161 մանկապարտեզ, որտեղ աշխատում էր մայրը: Ճարպիկ, շարժուն, չարաճճի երեխա էր, թվում էր՝ երբեք չի հոգնում: 

Չափազանց կապված էր հատկապես կահույքագործ պապի հետ: 4 տարեկան էր, երբ Վարազդատ պապը հեռացավ կյանքից: Տիգրանը երկար ժամանակ չէր համակերպվում սիրելի պապի բացակայության հետ, ամենուր նրան էր փնտրում: Հաճախ էլ ծնողները նկատում էին՝ ինչպես է զրուցում պապի նկարի հետ, հարցնում, թե որտեղ կարող է նրան գտնել:



«Տիգրանը բավականին վաղ է սկսել խոսել: Մանկապարտեզում անգլերենի եւ ռուսաց լեզվի պարապմունքներ էին անցկացվում: Դեռ այդ տարիքից նկատելի էր ռուսաց լեզվի նկատմամբ սերը, որն աստիճանաբար զարգացավ: Խնդրեց, որ ռուսական դպրոց տանենք իրեն, սակայն չհաջողվեց (այդ ժամանակ պարտադիր պայման էր, որ ծնողներից մեկն ազգությամբ ռուս լինի), ուստի սկսեց հաճախել Խ. Աբովյանի անվան թիվ 84 դպրոցը: Դպրոցական տարիներին եւս նկատում էինք, որ ռուսաց լեզվին ավելի լավ է տիրապետում, քան մայրենիին: Հաճախ էլ ասում էր, որ ինքը «ռուսերեն» է մտածում»,- պատմում է տիկին Եվգինեն: 

Ուսուցիչները եւս նկատել էին եւ ծնողներին խորհուրդ տվեցին հետեւողական լինել Տիգրանի ունակությունները զարգացնելու առումով, սակայն, ինչպես մայրն ու տատն են պնդում, ընդունակություններ ուներ, բայց ծույլ էր: 



Անընդհատ տարբեր ժանրերի ֆիլմեր էր դիտում: Շուշանիկ տատը հիշում է, թե ինչպես էր խաչբառ լուծելիս թոռան օգնությանը դիմում: Եվ քանի որ այդ կերպ կտրում էր Տիգրանին սիրելի զբաղմունքից, վերջինը նախ զայրանում էր, թե ինչու են իրեն «դոցենտի տեղ դրել», ապա քիչ անց օգնում էր տատին: 

Մի օր էլ դպրոցից վերադարձավ եւ ծնողներին խնդրեց իրեն տանել «Փոքր Մհեր» կրթահամալիր: Մայրը հիշում է. «Կարելի է ասել՝ անակնկալի եկանք: Բացատրեցի, որ այնտեղ բավականին դժվար է սովորելը: Պարզվեց՝ գիտեր: Այնուամենայնիվ, մենք չցանկացանք, եւ Տիգրանը շարունակեց դպրոց հաճախել: Մի քանի տարի շարունակ դասերը 2-րդ հերթ էին, ինչի պատճառով հաճախ էր սրտնեղում: Որոշեցինք փոխել դպրոցը, եւ Տիգրանը շարունակեց սովորել Կոստան Զարյանի անվան թիվ 117 դպրոցում: Մի օր էլ հայտարարեց, որ ցանկանում է ընդունվել ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան, սակայն ես չէի ցանկանում, որ ուսումը շարունակեր զինվորական ուղղությամբ: Հետաքրքրված էր նաեւ համակարգիչներով, ուստի մեկ տարի ուսանեց Ինֆորմատիկայի քոլեջում, ապա տեղափոխվեց Հայկ Գյուլիքեւխյանի անվան թիվ 103 ավագ դպրոց եւ 2 տարի սովորեց պատմական հոսքում»

Նախասիրությունները բազմազան էին, սակայն որոշել էր ծառայությունից հետո ուսումը շարունակել ինֆորմատիկայի գծով: Տիգրանը 11-րդ եւ 12-րդ դասարաններում իր պնդմամբ նաեւ աշխատում էր: 



«Հիշում եմ այն երանելի օրը, երբ իր աշխատավարձով ժամացույց ու դրամապանակ էր գնել»,- ասում է տիկին Եվգինեն, ու հայաքը կանգ է առնում որդու լուսանկարի մոտ դրված անձնական իրերին: 

«Ինչո՞ւ եմ անիմաստ դպրոց գնում, ձեր համաձայնությունը  տվե՛ք, շուտ գնամ ծառայելու»

Տիգրանը զինվորական համազգեստի նկատմամբ մանկուց սեր ուներ, իսկ տարիքի հետ հետաքրքրությունն աճում էր նաեւ զինվորական ծառայության հանդեպ: Երբ հորաքրոջ, հորեղբոր տղաները ծառայությունից արձակում էին ստանում եւ նրանց տուն հյուր էին գնում, խնդրում էր հանել համազգեստն ու անմիջապես ինքն էր հագնում: 

17 տարեկան էր, երբ ասաց՝ «Մա՛մ, ինչո՞ւ եմ անիմաստ դպրոց գնում, ձեր համաձայնությունը տվե՛ք, շուտ գնամ ծառայելու»:  18-ամյակի տորթն էլ իր ցանկությամբ ՀՀ դրոշի գույներով պատվիրեց, վրան էլ՝ զինվորական գլխարկ:

Երբ հարազատների հետ զրուցում էր զինվորական ծառայության մասին, միշտ ասում էր, որ պետք է Արցախում ծառայի ու վստահ էր, որ իր ցանկությունը կիրականանա:



«Մեր դիրքն ամենաամուրն ու ապահովն է»
 
Տիգրանը ծառայության անցավ ՊԲ հարավային ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Պարտաճանաչ էր, սիրում էր զինվորական կարգուկանոնը, խստությունը: 

«Երբեմն խոսելիս հազում էր, անհանգստացած հարցնում էի՝ «Ա՛յ բալա, նորից հազո՞ւմ ես»: Իրեն հատուկ հումորով պատասխանում էր. «Զինվորի հազ է, մա՛մ,  երկու տարի հետո կանցնի»»,- ժպտում է մայրը: 

Ծառայության ու հատկապես մարտական հերթապահության մասին ոչինչ չէր պատմում: Միայն հպարտությամբ կրկնում էր. «Մեր դիրքն ամենաամուրն ու ապահովն է»: 



«Ուզում եմ  խոսել բոլորի հետ՝ մեծից փոքր»

Տիկին Եվգինեն հիշում է` մարտի 5-ից սկսած որդու տրամադրության մեջ փոփոխություն էր նկատել. տխրության երանգներ էր որսացել ու անհանգստացել: Մարտի 6-ին Տիգրանի հորեղբայրը հանկարծամահ եղավ: Մահվան լուրը նրանից թաքցրին, քանի որ այդ պահին մարտական հերթապահություն էր իրականացնում: Հարազատները չցանկացան, որ դիրքապահ զինվորը ծանր ապրումներ ունենար:

Մայրը պատմում է. «Մարտի 8-ն էր: Մենք սգի մեջ էինք, բայց գիտեի, որ Տիգրանը կզանգահարի, որպեսզի շնորհավորի ինձ ու տատիկին: Ձայնս կմատներ, որ դժբախտություն է եղել, ուստի հեռախոսս տվեցի  կրտսեր որդուս՝ Նարեկին: Տիգրանը, սակայն, մեկ անգամ զանգահարելով, չսահմանափակվեց: Ավելի ուշ կրկին զանգահարեց, խոսեցի հետը: Շնորհավորեց, խնդրեց հեռախոսը տատիկին փոխանցել, ստիպված ստեցի, թե տանը չէ: Մեր բոլոր հարազատներին խնդրել էինք Տիգրանին չասել հորեղբոր մահվան մասին: Ոչինչ չգիտեր, բայց կարծես զգում էր ինչ-որ բան: Սովորաբար դիրքերից գրեթե չէր զանգահարում, բայց զարմանալիորեն հաջորդ օրը կրկին զանգահարեց… այդ անգամ հորեղբորը, իսկ մեկ օր անց՝ հորեղբոր տղային ու խնդրեց հեռախոսը հերթով փոխանցել բոլորին: Կրկին ստեցինք, թե հորեղբայրը գյուղ է մեկնել: Այդպես էլ Տիգրանս չիմացավ, թե ինչ է պատահել»

Մարտի 22-ին Տիգրանի ծննդյան օրն էր: Մինչ այդ անընդհատ ծնողներին հարցնում էր՝ չե՞ն կարող արդյոք այդ օրը զորամաս գնալ: 


«Երբեք ոչինչ այդքան չէր պնդում: Զարմանալի է, բայց  տարեդարձից առաջ անընդհատ նույն հարցն էր տալիս՝ կգնա՞նք ծննդյան օրը, թե՝ ոչ: Չկարողացանք գնալ: Գուցե ցանկանում էր, որ գնանք, տեսնենք՝ ինչպիսի զինվոր է դարձել»,- ասում է տիկին Եվգինեն: 

Տիգրանը զանգահարեց նաեւ մարտի 31-ին: Ասաց, որ ցանկանում է «խոսել բոլորի հետ՝ մեծից փոքր»: Խոսեց բոլորի հետ: Ապրիլի 1-ին կրկին զանգահարեց մորը՝ վերջին անգամ: 

«Մենք միայն ապրիլի 3-ին իմացանք, որ պատերազմ է սկսվել: Քանի որ սգի մեջ էինք, հեռուստացույց չէինք միացնում, լրատվություն չէինք կարդում,- շարունակում է զինվորի մայրը,-ապրիլի 2-ին ինձ սկսեցին զանգահարել ծանոթ-բարեկամներ, հետաքրքրվել, թե Տիգրանի հետ երբ եմ խոսել: Ոչինչ չկասկածեցի: Ընդամենը 1 օր առաջ էի խոսել ու հանգիստ էի, քանի որ Տիգրանս այդպես էր սովորեցրել: Գիտեի՝ եթե դիրքերում է, հնարավոր է՝ երկար ժամանակ չզանգահարի»:


Ապրիլյան պատերազմում հերոսաբար զոհված Բագրատ Ալեքսանյանի եւ Տիգրանի ընտանիքները նույն թաղամասում են բնակվում: Բագրատը եւ Տիգրանը նույն զորամասում են ծառայել, նույն մարտական դիրքը պահել: Միասին են կռվել, միասին՝ զոհվել… 

Ապրիլի 4-ն էր, տղաների մասին՝ դարձյալ ոչ մի լուր: Տիկին Եվգինեն դառնությամբ հոգոց է հանում. «Բագրատի մայրը հիվանդանոցներից մեկում է աշխատում, Արցախից հիվանդներ էին տեղափոխել այդ հիվանդանոց: Հետաքրքրվել էր, ասել էին, որ իրավիճակն ավելի է սրվել: Ապա գնացել էր ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, փորձել վիրավորների մեջ գտնել Բագրատին ու Տիգրանին, բայց՝ ապարդյուն: Զանգահարեց ինձ, խուճապի մեջ էր, ասաց, որ չկան մեր տղաները: Ես էլ սկսեցի տագնապել, վերլուծել, թե քանի ժամ է անցել Տիգրանի վերջին զանգից հետո: Փորձում էինք հույս տալ միմյանց, որ գուցե մեր որդիների մասին տեղեկության բացակայությունը պայմանավորված է կապի խափանումներով: Բագրատի մայրը գիշերը կրկին զանգահարեց ու հայտնեց, որ գնում են Արցախ: Ամուսինս եւս հենց այդ գիշեր ուղեւորվեց: Հադրութում ներկայացրել էին իրավիճակը՝ նշելով, որ մեր զավակների մասին տեղեկություններ չկան, իսկ մեր հարեւանի տղան, ով մեկնել էր ամուսնուս հետ, անհետ կորածների ցուցակում կարդացել էր Բագրատի եւ Տիգրանի անունները: Որդիս 18 անհետ կորածների մեջ էր»: 



Զինվորի մոր օրացույցը
 
…2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը կտրվեց նաեւ Տիգրան Մեծ արքայի անունը կրող զինվորի կյանքի թելը: 

Դիրքի ավագ, սերժանտ Ադամ Սահակյան, Տիգրան Բերակչյան,Կարեն Ներսիսյան, Բագրատ Ալեքսանյան, Ժորա Եսայան, Անդրանիկ Գրիգորյան, Բորիս Օզմանյան. ահա 112 մարտական դիրքի անձնակազմը՝ այն պայծառ հերոսները, ովքեր կռվեցին գիտակցված, պատվախնդրորեն, առանց քայլ անգամ նահանջելու:

Տիգրանի՝ ծառայության ընթացքում ունեցած անձնական իրերից գրեթե ոչինչ չի պահպանվել՝ ո՛չ նոթատետրը, ո՛չ գրպանի օրացույցը, որի վրա բոլոր զինվորները սովորաբար նշումներ են կատարում: 



Տիգրան Բերակչյանի մայրը՝ տիկին Եվգինեն, ցույց է տալիս իր՝ զինվորի մոր օրացույցը: Մինչեւ չարաբաստիկ ապրիլը որդին ծառայել էր 9 ամիս: Անցած 9 եւ գալիք բոլոր ամիսները տիկին Եվգինեն բաժանել էր 2 մասի, առանձնացրել այն 14 օրերը, երբ որդին դիրքերում է, եւ հաջորդ 14-ը, երբ մշտական տեղակայման վայրում է: Այդպես օրերն արագ էին անցնում: 

Ապրիլյան պատերազմից բառացիորեն օրեր առաջ տիկին Եվգինեն նոր նշումներ էր կատարել օրացույցի վրա: Հաշվել էր, թե 2017 թ.-ի որ օրը որդին կզորացրվի. մայրն անվերապահորեն հավատում էր՝ հուլիսի 10-ին Տիգրանը պետք է բացեր հարազատ տան դուռը: