Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 26-12-2017
Տոնական համերգով Հայաստանում հանդես եկավ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին
Դեկտեմբերի 25-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը (նախկին՝ երիտասարդական) հանդես եկավ ամանորյա համերգով:

Տոնական համերգային երեկոյին կոլեկտիվի հետ (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան) ելույթ ունեցավ իտալացի մեծահամբավ բանդոնեոնահար, ակորդեոնահար, հայ հանդիսատեսի կողմից սիրված Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին։

«Նվագախմբի դժվար եւ կարեւոր աշխատանքի արդյունքում մեզ շնորհվել է նոր կարգավիճակ. մենք դարձել ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ: Դրա շնորհիվ մենք կունենանք էլ ավելի մեծ հաղթանակներ թե՛ ներսում եւ թե՛ դրսում»,- նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը՝ հավելելով, որ հաջորդող տարիների համար կոլեկտիվն ունի հստակ տեսլական: Անդրադառնալով Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի հետ համերգին՝ Սերգեյ Սմբատյանը շեշտեց, որ արտիստը շատ սպասված է Հայաստանում եւ նվագախմբի լավագույն ընկերներից է: Եվ շատ խորհրդանշական է, որ երիտասարդական նվագախմբի բեմելը որպես սիմֆոնիկ տեղի է ունենում հենց Պիետրոդարկիի հետ: 

Իր հերթին Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ Հայաստանում շատ ընկերներ ունի, եւ շատ հաճելի է այստեղ վերադառնալը: 

Պիետրոդարկին հաճախ է հանդես գալիս հայաստանյան բեմում եւ ամեն անգամ նոր, հետաքրքիր ծրագրեր է ներկայացնում մեր ունկնդրին։ Այս անգամ նույնպես Պիետրոդարկին նվագախմբի հետ  ներկայացրեց թարմացված երկացանկ։ Երեկոյի ընթացքում հնչեցին արգենտինական տանգոյի արքա Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Հանդիսատեսն ունկնդրեց կոմպոզիտորներ Տոմազո Զիլիանիի, Ռոբերտո դի Մարինոյի, Չեզարե Կիակիարետայի, Կարլոս Գարդելի գործերից։ Համերգի ընթացքում հանդես եկավ նաեւ մեցո-սոպրանո Սոֆյա Թումանյանը։ 

Տեղեկացնենք նաեւ, որ դեկտեմբերի 21-ին ՀՀ Կառավարության որոշմամբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն անվանափոխվել է եւ այսուհետեւ հանդես է գալու որպես Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ։

Պատկերասրահ՝ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին կրկին հանդես եկավ Հայաստանում