Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 27-12-2017
Կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2017» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը
Դեկտեմբերի 27-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ-2017» արագ շախմատի մրցաշարի եզրափակիչ փուլը:
Եզրափակիչ փուլին մասնակցեցին նախորդ փուլերը հաղթահարած շախմատիստները, ովքեր ունեին առնվազն II կարգ: Մրցաշարն անցկացվեց շվեյցարական մրցակարգով՝ 7 խաղափուլով, ժամակարգը՝ 10+5 րոպե:
 
Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը նշեց, որ մրցաշարի եզրափակչին մասնակցում է մոտ 100 շախմատիստ, որոնց թվում կան նաեւ գրոսմայստերներ. «Տարիքային սահմանափակում չի եղել: Ամենափոքր մասնակիցները մոտ 8 տարեկան երեխաներ են, ովքեր իրենց կարողություններով չեն զիջում տարիքով մեծ մասնակիցներին: Եզրափակիչ փուլ անցել են լավագույն մասնակիցները, իսկ զույգերը կազմվել են ըստ նախորդ փուլերից հավաքած միավորների»:
 
Այն հարցին, թե ինչ մրցանակային ֆոնդ է սահմանված, Վահագն Խաչատրյանը նշեց, որ մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դրամ, որը կբաշխվի 1-6-րդ տեղերը զբաղեցրած մասնակիցների միջեւ, ինչպես նաեւ սահմանված են հատուկ մրցանակներ:
 
Վահագն Խաչատրյանը նաեւ տեղեկացրեց, որ 2018-ի մեկնարկը կտրվի Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարով, որին կարող են մասնակցել Հայաստանի մինչեւ 18 տարեկան պատանիներն ու աղջիկները: Հուշամրցաշարը կանցկացվի տարբեր տարիքային խմբերով, շվեյցարական մրցակարգով եւ 9 խաղափուլով:
 
Հ.Գ.: «Շախմատի ակադեմիայի գավաթ-2017»-ի արդյունքներին կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ՝  http://chess-results.com/tnr323204.aspx?lan=1

Պատկերասրահ՝ 
Շախմատի ակադեմիայի գավաթ - 2017